▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ կանանցից յուրաքանչյուր հարցում են առաջ. Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Life.panorama.am-ին այսօր պատմեց, որ այս ամռանը չի հանգստանալու. ««Խոպանի տեսությունը» լինելու է եթերում, իսկ դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք նկարահանումները, դա էլ իր հերթին կնշանակի, որ այս ամռանը մենք չենք հանգստանա: Թեպետ պետք է նկատեմ, որ մեր ողջ անձակազմը դրանից չի սրտնեղում, քանի որ շատ մեծ սիրով ենք նկարահանվում»,- նշեց դերասանուհին:

Անահիտը, ով մինչ այս «Vitamin» ակումբի հետ համագործակցության մի քանի փորձ  է ունեցել, տեղեկացրեց, որ  «Vitamin» ակումբի առաջիկա ծրագրերում մասնակցելու հրավեր դեռ չունի. «Վիտամինցիները իմ մտերիմ ընկերներն են, բայց ես թռուցիկ եմ լսել, որ նոր ծրագրեր են պատրաստվում, ուստի չգիտեմ էլ ես ընդգրկված կլինեմ, թե ոչ, ինձ դեռեւս ոչինչ չեն ասել»,- նշեց նա:

Անահիտ Կիրակոսյանը հայտնեց նաեւ, որ աշխատում է անգամ հանգստյան օրերին. «Ամեն երկրորդ կիրակի մենք մեր թատրոնի անձնակազմով գնում ենք զորամասեր եւ խաղում ենք Լիաննա Անթառանյանի «Վանա Կատուն» ներկայացումը: Ի դեպ սա վերջին ներկայացումն է, որտեղ Կարեն Ջանիբեկյանը խաղում էր գլխավոր դերում»,- պատմեց նա:

Դերասանուհին հայտնեց նաեւ, որ անցյալ տարի պարսկական կինոարտադրողների հետ համագործակցությունը առաջիկայում շարունակություն կունենա. «Անցյալ տարի, երբ նկարահանվեցի պարսակական ֆիլմում, կազմակերպիչները արդեն ինձ երկրորդ առաջարկը արեցին, ըստ որի այս ամռանը իրենք դարձյալ պետք է գան այստեղ եւ նոր ֆիլմ նկարահանենք, սակայն, թե երբ կլինի, կլինի, թե ոչ եւ ինչ պայմանաներում, դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ինքս էլ ինֆորմացիային չեմ տիրապետում»,- նկատեց նա:

Անդրադառնալով «Խոպանի տեսություն» սիտքոմին՝ Անահիտը նշեց. «Պետք է ասեմ, որ շատ-շատ եմ սիրել այս սիտքոմը, այն բավականին բարձր մակարդակի եւ որակի գործ է, որտեղ աշխատում են բավականին պրոֆեսիոնալ մարդիկ: Ինքս իմ կերպարը շատ եմ սիրում, այսքան սիրով ես դեռ չեմ հիշում, թե որ գործում եմ խաղացել, շատ հետաքրքիր է կերպարս՝ բարի, անմիջական, չափազանցություններով լի: Ես հատկապես ուրախ եմ, որ այստեղ մասնակցեցի, քանի որ Հայարփին չափազանց սիրվեց, դա ինձ ապացուցեց այն միջադեպը, երբ որոշ ժամանակ առաջ  «Բանակում» սերիալում Սուսիկ էի խաղում, անգամ թատրոնում, երբ բեմ էի բարձրանում, բոլորը ասում էին՝ «Վայ Սուսիկը, Սուսիկը» եւ դրանից հետո էլի հեռուստատեսությամբ տարբեր դերեր մարմնավորելով՝ ես էլի մնացի մարդկանց համար Սուսիկը, իսկ հիմա, երբ բեմ եմ բարձրանում, ամբողջ դահլիճը ասում է Հայարփին է խաղում, այսինքն՝ սա ինձ համար մեծ գնահատական է, քանի որ մարդիիկ ոչ միայն դիտում են սիտքումը, այլ նաեւ ընդունել են Հայարփիին. Ուրախ եմ, որ գտա եւս մեկ կերպար, որով տպավորվել եմ»:

Անահիտ Կիրակոսյանի դերի հետ կապված ալավերդցիների ընդվզումների մասին խոսելիս էլ դերասանուհին ընդգծեց. «Անկեղծ ասած ես համաձայն չէի նրանց հետ, թեպետ ոչ թե ողջ Ալավերդին էր դեմ դուրս եկել, այլ մի քանիսը միայն, միաժամանակ, ինձ ավելի շատ ալավերդցիներ նամակներ են գրում հակառակ կարծիքով, ուստի սխալ է միանշանակ կարծիք կազմելը: Բացի այդ, ես խաղում եմ հավաքական մի կերպար, անգամ բարբառը հավաքական է ընտրված, որպեսզի շատերին հասկանալի լինի»:

Դերասանուհին կիսում է այն տեսակետները, ըստ որի հումոր ներկայացնելը ամենալավը հենց տղամարդկանց մոտ է լավ ստացվում. «Իմ կարծիքով տղամարդիկ կանանցից յուրաքանչյուր հարցում են առաջ, մեր պարագայում պետք է նկատենք, որ հաջողության գրավականներից մեկն այն է, որ սցենարիստները տղամարդիկ են, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ երբ մեկ տեղում հավաքավում են աշխատասեր, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր սիրով են աշխատում, ուրեմն լավ արդյունքը ապահովված կլինի. մեզ մոտ անտարբեր դերասան չկա, բոլորը սիրով եւ սրտացավորեն են աշխատում»,- նշեց նա:

Հարցին, թե անընդհատ ակտիվ աշխատելով, արդյոք կարողանում է դերասանուհին անհրաժեշտ ժամանակ տրամադրել ընտանիքին եւ հատկապես փոքրիկին, պատասխանեց. «Նախ պետք է ասեմ, որ ես կազմակերպված զբաղված եմ, գրեթե չկա մի օր, որ ես ազատ ժամանակ չունենամ ընտանիքիս համար, ինձ մոտ ամեն բան դասակարգված է՝ ես շաբաթվա մեջ յուրաքանչյուր օր ունեմ աշխատանքի ժամեր եւ ընտանիքիս համար ժամեր: Հատկապես եթերի օրերը մեծամասամբ կեսօրից հետո ես տանն եմ: Իսկ փոքրիկիս խնամքի հարցում նախ աղջիկներս  են շատ օգնում, հետո նաեւ սկեսուր մայրիկս, ով ճիշտ է մեզ հետ չի ապրում, բայց ցանկացած պահին բալիկիս կարող եմ նրա մոտ թողնել եւ հանգիստ գնալ իմ գործերով»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին