▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում քաոս է

«Հաղթեցին «Էրդողանը չլինի, ով ուզում է լինի»-ի կողմանկիցները: Այսինքն, քվեարկեցին ոչ թե քրդական կուսակցության համար, այլ՝  Էրդողանի դեմ: Այս անգամ քրդերն ուղղակի ձայն չտվեցին Էրդողանին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում 15 միլիոն քուրդ  է ապրում, և քրդական կուսակցությունը մշտապես քիչ ձայներ է հավաքել, և հնարավորություն չուներ հաղթահարել 10 տոկոսի շեմը, այս անգամ այն հաղթահարեց՝ հասնելով 13-ի:

«Սա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ բացառիկ երևույթ էր: Քրդերը նույնիսկ չէին էլ սպասում հաղթանակի: Այս պատկերով վերադառնում են նախկին հին ու բարի ժամանակները, երբ Թուրքիայում քաոս էր. քաղաքական անկայունություն ու անորոշություն: Որևէ կուսակցություն չհավաքեց բացարձակ մեծամասնություն, որպեսզի ձևավորվի կառավարություն: Էրդողանին պետք էր 276 պատգամավոր, հավաքեց 258-ը: Սա նշանակում է, որ նա միայնակ չի կարող կառավարություն ձևավորել, ուստի կոալիցիա պետք է կազմի:Կա նաև մեկ այլ տարբերակ.վաղաժամ ընտրությունները, որոնք նախատեսված են Թուրքիայի Սահմանադրությամբ»,-ասաց նա:

Թուրքագետի փոխանցմամբ՝ ընտրություններից 10-12 օր հետո  Թուրքիայի ԿԸՀ-ն կհայտարարի վերջնական արդյունքները: Հայտարարելուց 5 օր հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը, որը կգլխավորի ամենատարեց պատգամավորը:

«Երդումից հետո Էրդողանը կհանձնարարի հավանաբար Դավութօղլուին՝ ձևավորել կառավարություն: Սա իր հերթին 45 օրվա ընթացքում պետք է կազմի կառավարություն՝ ընտրելով որևէ կուսակցության հետ կոալիցիա կազմելու տարբերակը:Եվ, եթե մինչև օգոստոսի 20-ը եթե չկարողանան ձևավորել կառավարություն, Էրդողանը կարող է վաղաժամ ընտրությունների մասին հայտարարել:

Այսինքն, Թուրքիան թևակոխում է անորոշ ժամանակաշրջան: Աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ է սկսվում նաև Տարածաշրջանում»,-նկատեց Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը, ով  ընտրությունների ընթացքում եղել է Թուրքիայում՝ նշում է, որ խախտումներ եղել են.լցոնումներ, ոստիկաններ են եղել, ովքեր 3 անգամ են քվեարկել իշխող կուսակցության օգտին, պարկերով քվեարկած քվեաթեթրիկներ են գտել և այլն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում ընտրված 3 հայ պատգամավորրներին՝ նկատեց.

«54 տարի անց խորհրդարան անցան 3 հայ պատգամավոր: Բացի հայերից անցան նաև 2 եզդի, գնչու և ասորի: Նրանք գոնե կօգնեն տեղի հայությանը»:

Նշենք, որ Թուրքիայի նոր խորհրդարանում ԱԶԿ-ն (AKP) կունենա 258 պատգամավոր, ԺՀԿ-ն (CHP)` 130, ԱՇԿ-ն (MHP)` 80, իսկ ԺԴԿ-ն (HDP)` 80 պատգամավոր:

Անի Կարապետյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին