«Ռուս-թուրքական հարաբերությունների դեպի դրական տեղաշարջ նկատելի չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում պլանավորել էին, որ ռուսական ինքնաթիռը ընկնի իրենց տարածքում, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրության միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի դեմ և որոշակիորեն սահմանափակել վերջինի գործունեությունը Սիրիայի օդային տարածքում: Բայց, պետք է նկատել, որ այստեղ խնդիրը միայն քաղաքական հարթությունում չէ: Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ Թուրքիայի միջոցով ԻՊ-ը լուրջ գործունեություն է ծավալել՝ զբաղվելով նավթի վաճառքով և միամտություն կլինի կարծել, թե Թուրքիայի իշխանություններն անտեղյակ էին կամ անմասն կարող էին մնալ: Նրանք այդ գումարներից որոշակի չափաբաժին ունեին և Ռուսաստանի այս քայլը հարվածում էր քաղաքական ընտրանու գրպանին»:
Քաղաքագետը նշեց, որ ամեն դեպքում, Ադրբեջանը փորձելու է աջակցել իր եղբորը.
«Արդեն իսկ հեշտացվել է բեռնափոխադրող մեքենաների մուտքը Ադրբեջանի տարածք: Բայց հրապարակավ չի արվում, քանի որ լուրջ սպառնալիքի կհանդիպի Ռուսաստանի կողմից, ավելին, Ռուսաստան մեկնած բազմաթիվ թուրք միգրանտներ կարող են լցվել Ադրբեջան, և ոչ այնքան լավ վիճակում գտնվող շուկան կծանրաբեռնվի»:
Արամ Մանուկյանը նկատում է.
«Հայաստանը նույնպես պետք է պատրաստ լինի տարբեր զարգացումների: Թուրքիան կարող է օգտագործել ԼՂՀ ճակատը, որպեսզի Ռուսաստանին ակտիվ հակամարտության մեջ ներքաշի»:
Անի Կարապետյան