▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոմսի փոխարեն՝ թուղթ.«Ժողովուրդ»

Դիլիջան քաղաքի ավտոկայարանում Դիլիջան-Երեւան միկրոավտոբուսային ուղերթի համար տոմս գնելու դեպքում ուղեւորներին տոմսի փոխարեն տալիս են սպիտակ թղթի փոքր կտոր, որի վրա գրիչով գրված է տվյալ օրը, ուղերթի մեկնարկի ժամը եւ ուղեւորի նստատեղը: Թղթի մի անկյունում՝ ուղղանկյան մեջ, կնքված գրառում կա՝ «Ավտոկայան  27»:

«Ժողովուրդը» որոշեց պարզել, թե որն է պատճառը, որ Դիլիջանի ավտոկայարանում ուղեւորներին տոմսերի փոխարեն թղթի կտորներ են տալիս եւ դիմեց այդ ավտոկայարանի դիսպետչերներից մեկին: Նա ասաց, որ խնդիրն իրենց պատճառով չէ, այլ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի: Վերջինիս պետի տեղակալ Վահագն Բաղդասարյանն էլ հայտնեց, որ իրենք են պատվիրում ավտոկայարաններում տրվող  տոմսերը: Նրա հետ հեռախոսազրույցից տեղեկացանք, որ այդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Դիլիջանի, այլեւ հանրապետության այլ քաղաքների ավտոկայարաններում:

Վ. Բաղդասարյանի խոսքերով՝ տոմսերի հին խմբաքանակը սպառված է, նոր տոմսերի տպագրման պատվերը տպարանին տրված է, եւ առաջիկա մի քանի օրերին այդ հարցը կլուծվի: Վ. Բաղդասարյանը, այնուամենայնիվ, տարակուսում էր, թե ինչ խնդիր կա, եթե տոմսի փոխարեն կնքված թղթի կտոր են տալիս: Մեր հարցին, թե որքան ժամանակ է, որ տոմսերի փոխարեն ուղեւորներին թղթի կտորներ են տրվում, ավտոկայարանի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ ընդամենը մի քանի օր է: Նշենք, որ դա այդպես չէ, քանի որ այս փետրվարի 16-ին «Ժողովուրդ»-ի թղթակիցս Դիլիջան քաղաքից միկրոավտոբուսով Երեւան մեկնելով՝ ավտոկայարանի տոմսարկղից  ստացել եմ տոմսին փոխարինող թղթի կտորը եւ այն պահել եմ ինձ մոտ: Այսինքն՝ ոչ թե մի քանի օր (ինչպես հավաստիացնում էր Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի տնօրենի տեղակալը), այլ առնվազն մեկուկես ամիս այդ խնդիրն առկա է:

Հանրապետությունում կան բազմաթիվ տպարաններ, միթե Հյուսիսային ավտոկայարանի տնօրինությունը չի կարողացել ժամանակին տոմսերի պատվեր տալ: Ի վերջո, ո՞ւր են գնում տոմսերի տպագրության համար նախատեսված գումարները: Հաշվեք՝ ամեն օր Հայաստանի տարբեր ավտոկայարաններում քանի  ուղեւոր է տոմս գնում: Այդ քանակի տոմսերի տպագրության համար «խնայված» գումարները ամիսների ընթացքում մեծ թվեր են կազմում: Հուսանք, որ այս հրապարակումից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միջոցներ կձեռնարկի՝ նման վիճակը վերացնելու համար:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին