Ավտոերթի ջարդը հունւարի 31-ին պատահականութիւն չէր ու դրանում ևս մէկ անգամ կհամոզուէք ծանօթանալով ներկայացուող փաստերին։
Առաջին շարքերում չէինք, բայց իրենց հետ էինք։
Ազգերն աւելի շատ ընդհանրութիւններ ունեն քան հակասութիւններ։ Սակայն ազգամիջյան յարաբերութիւններում, յաճախ, նախապատւութիւն է տրւում հակասութիւններին։ Մարդիկ՝ մեծատառով մարդիկ, աւելի ընդհանրութիւններ ունեն քան հակասութիւններ, բայց նրանք նոյնպէս աւելի յաճախ այդ նուազագոյն հակադրութիւններն են ուշադրութեան առարկայ դարձնում։ Ազատասէր մարդկանց նմանութիւնները շատ աւելի են։ Բայց նրանք էլ կարողանում են միմեանց հետ հակադրուել իրենց ընդհանրութիւնների մէկ տասը հազարերորդական մասը կազմող տարաձայնութիւնների պատճառով։ Մարդու իրաւունքները գերագոյն արժէք համարողները, թւում է թէ պէտք է տարաձայնութիւններ չունենան, բայց երբեմն, բարեբախտաբար միայն երբեմն, նրանք էլ մարդու այս կամ այն իրաւունքը անէական՝ անկարևոր կամ ժխտելի համարելու պատճառով հակադրւում են իրար։ Մեզ կեանք՝ ցանկութիւններ, նպատակներ, կրքեր և այլն, ինչպէս նաև բանականութիւն տուած արարիչը տուել է նաև իր էութեան մասը կազմող սէրը։ Եւ երբ մարդ արարածը կարողանում է իրապէս սիրով ապրել, տեսնում է, թէ որքան ծիծաղելի են մեզ իրարից բաժանող, մեր միջեւ սահման դնող, մեզ թշնամի դարձնող հակասութիւնները։ Սիրենք իրար և կփոխուենք, սիրենք իրար և կփոխուի աշխարհը։
Ես եւ աիմականները, տեսնելով, թէ որոշ շրջանակներ ինչ թոյնով էին խօսում հիմնադիր խորհրդարանի Արցախ կատարելիք ավտոարշավի վերաբերեալ, և դրանում վտանգ տեսնելով, ամսի 30-ին յատուկ յայտարարութիւն ընդունեցինք, կոչ անելով սադրիչներին հասկանալ, որ փակելով այդ ավտոերթի ճանապարհը իրականացնում են մեր թշնամիների ցանկութիւնը՝ պառակտում են հայ ժողովրդին, անջրպետ են մտցնում իրենց հայկականութիւնը պահպանած տասը մարզերի եւ 11րդ մարզի միջեւ։ Չէ որ նոյն կարգախօսներով եղել էր միւս մարզերում։ Յայտարարութիւնը տարածելուց յետոյ մենք մտածեցինք մի քանի ինքնաշարժներով, միանալ այդ ավտոերթին, բայց քանի որ ուղիղ 2 տարի առաջ իմ հանդէպ (նաև հայ ժողովրդի հանդէպ) այդ օրը տեղի ունեցած մահափորձի առիթով ես ասուլիս էի հրաւիրել, մենք որոշեցինք երթին միանալ աւելի ուշ։ Ես իմ պարտքը համարեցի իրազեկել Արցախի նախագահ Բակո Սահակեանին (նրա հետ երբեմն հեռախօսազրոյցներ եմ ունենում), որ դա առաջին ավտոերթը չէ և ողջունելի է արցախցիներին նոյնպէս հայկական քաղաքական գործընթացների մէջ ներգրաւելու առումով, և նկատի ունենալով նոյն մարդկանց այլ ավտոերթերի նախադէպը, հանգիստ վերաբերուել դրան։ Ասուլիսից յետոյ զանգահարեցի նրան։ Սովորաբար Բակո Սահակեանն արագ էր արձագանքում իմ զանգերին, և ինչպէս միշտ, այս անգամ էլ նրա օգնականն ասաց, որ շատ շուտով ինձ ետ կզանգի։
Ավտոերթին միանալու համար ճանապարհով ընթանալիս ես Արցախի իմ բարեկամներից լուր ստացայ, որ այսպէս կոչուած «ազատամարտիկներ» «դժգոհ լինելով» այդ ավտոերթից հաւաքուել են և մեկնել Արցախի Քաշաթաղի շրջան՝ արգելելու երթի մասնակիցների մուտքն Արցախի տարածք։ Կարող է արտառոց թուալ, որ նախագահ, կառավարութիւն եւ պետական համակարգ ունեցող արցախցիների հետ շփուելու կամ չշփուելու իրաւունքի առտոնումը <տուեալ դէպքում չառտոնումը> իրենց վրայ են վերցրել ինչ որ «ազատամարտիկներ»՝ իրականում «չազատամարտիկներ»։ ես անմիջապէս տեղեկացրի ավտոերթին մասնակցող իմ ընկերներին հնարաւոր սադրանքի վտանգների մասին։ Մեր միջեւ տարածական և ժամանակային հեռաւորութիւնը բաւականին մեծ․ մօտ 150 կմ կամ 2 ժամ, ես Երասխաւանում էի, իրենք՝ Գորիսում, ուստի օգտւում էի հեռախօսակապից։ Ես ներքին հանգստութիւն ապրեցի երբ հասկացայ, որ «մարտականութիւն» չկայ ավտոերթի կազմակերպիչների տրամադրութեան մէջ․ զանգիս բառացի պատասխանն այս էր․ «Եթէ խոչընդոտեն, ետ կվերադառնանք»։ Որոշ ժամանակ անց ես զանգ ստացայ, բայց խօսակցութեան փոխարէն ես հարուածների ձայներ էի լսում և գոռգոռոցներ։ Անմիջապէս մեկենաս դուրս բերեցի ճամփեզր և միացրի հեռախօսիս բարձրախօսը, որ լսելի լինի նաև ուղեկիցներիս համար։ Ժամանակ առ ժամանակ ձայնում է․ «Կարո՛, Կարո՛», նա չէր պատասխանում։ Այդպէս տեւեց մօտ 2 րոպէ, յետոյ լսեցի ընկերոջս ձայնը․ «Պարո՛յր, մեզ ջարդում են», հարցրի․ «Կարո՛, որտե՞ղ էք» չպատասխանեց, այլ կրկնեց «մեզ ջարդում են»։ Ընթացքում շարունակում էին լսուել հարուածների, հեռաւոր կրակոցների ձայներ և գոռգոռոցներ։ Կրկնեցի «որտե՞ղ էք, որտե՞ղ էք» բայց հեռախօսն անջատուեց։ Հասկացայ որ խօսելու հնարաւորութիւն չունի։ Զանգահարեցի ավտոարշավին մասնակցող նաև միւս մտերիմներիս, բայց ոչ մէկը չպատասխանեց։
(Դա շատ նման էր 1991թ․-ին նախագահական ընտրութիւնների ժամանակ մեր ավտոշարասյան վրայ իրակացուած յարձակմանը Պառավաքար գիւղում։ Այդպէս ԿԳԲ-ն իր գործիք Լեւոն-Տէր Պետրոսեանի միջոցով սկսեց Հայաստանի պառավաքարացումը, որը շարունակւում է մինչեւ այսօր․ այդ ժամանակ նա իր «երկրապահների» յարձակումը նախագահի թեկնածու Հայրիկեանի մարդկանց վրայ (2 հոգի ուղեղի ցնցում, 10-ից աւելի ոչ ծանր մարմնական վնասուածքներ, 9 ջախջախուած ինքնաշարժ) ուղիղ եթերում չդատապարտեց, այլ կոչեց ընդամէնը «կոպիտ երկխօսութիւն» Պարոյր Հայրիկեանի և ժողովրդի միջև։ Այն ժամանակուա ներքին գործոց նախագահ Աշոտ Մանուչարեանը և պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանն իրենց լռութեամբ երեւիւթի արմատաւորողներից էին։ Վազգէն Սարգսեանը գոնէ զանգեց ու ասաց, որ կապ չունի դրա հետ, իսկ Աշոտ Մանուկեանը նոյնիսկ մեր պաշտօնական դիմումին չարձագանքեց։ Ի դէպ դատավարութիւնը եղաւ միայն 1996թ, և հայ ժողովրդի պատմութեան մէջ առաջին անգամ ընտրութիւնն ապօրինի ճանաչուեց, որովհետև «թեկնածուներից մէկի ճանապարհին անյաղթահարելի խոչընդոտ էր առաջացել»)
Հասկանալի էր, որ անսովոր, վտանգաւոր իրավիճակում են յայտնուել։ Զանգեցի 102 (ոստիկանութիւն), ներկայացայ և ասացի, որ այդ պահին հաւանաբար Արցախի Քաշաթաղի շրջանում, Աիմավան մէկի մօտակայքում, ավտոերթի մասնակիցները ավազակային յարձակման են ենթարկւում և պահանջեցի շտապ միջոցներ ձեռնարկել։ Ինձ խոստացան զեկուցել։ Յետոյ զանգահարեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին՝ բացատրելու կատարուածի վտանգաւորութիւնն ազգային կեանքի տեսանկիւնից։ Օգնականն ասաց, որ նախագահը զբաղուած է, պատասխանեցի, որ սա այնքան կարեւոր է, որ ցանկացած զբաղուածութիւն կարելի է ընդհատել։ Երեւի փորձ արեց, որովհետեւ դադար եղաւ, բայց կրկնեց որ չի կարող ու խնդրեց ասել թէ ինչ հարց կայ։ Ես երկու խօսքով ներկայացրի խնդիրը, խոստացաւ որ կմիացնի։ (2013-ի սեպտեմբերի 3-ին հայ ժողովրդի հանդէպ այդպիսի արհամարհանքից յետոյ ես առաջին անգամ էի ինձ թոյլ տալիս զանգել Ս․ Սարգսեանին)։ Հասկանում էի, որ առանց իր թոյլատուութեան այդպիսի յարձակում լինել չէր կարող,նաեւ այն, որ միայն ինքը արագ կարող է կանխել։ Իմ կեանքում առաջին անգամ ետ չզանգեցին ոչ Ս․ Սարգսեանը, ոչ Բ․ Սահակեանը։ Դրա փոխարէն զանգ ստացայ ոստիկանութիւնից։ Մի բարձրաստիճան պաշտօնեայ (ազգանունը հարցրի, բայց չմտապահեցի) խնդրում էր յստակ նշել դէպքի վայրը եւ յարձակման ենթարկուածների հեռախօսահամարներ փոխանցել։ Անմիջապէս յետոյ զանգեցի 911 ու ասացի, «քանի որ մարդիկ են յարձակման ենթարկուել և մեքենաներ են ջախջախուել, ձեր օգնութիւնն պէտք կլինի», խոստացան զեկուցել։ Զանգահարեցի ոստիկանապետ Վովա Գասպարեանին, վերցրեց օգնականը (կարծեմ Իշխան անունով) ասաց, որ 10 ամենաուշը 20 րոպէից Վ․ Գասպարեանին կփոխանցի հրատապ զանգիս մասին։ Նրանից ես պատասխան զանգ չստացայ, բայց ոստիկանութիւնից զանգեց Սարգսեան ազգանունով մի պատասխանատու, ով անվրդով ձայնով տեղեկացրեց ինձ, որ քանի որ դէպքը ՀՀ տարածքում չէ, իրենք չեն կարող միջամտել և խորհուրդ տուեց տեղեկացնել Արցախի ոստիկանութեանը։ «Լսե՛ք, Հայաստանի քաղաքացիների է վտանգ սպառնում, ձեր պարտականութիւնն է նրանց անվտանգութեան մասին հօգալը, դու՛ք էլ զանգեք ում պէտք է, դու՛ք էլ տեղեկացրեք», -ասացի ես։
ՀՀ վարչապէտին կատարածս զանգի արձագանքը եղավ այն, որ ինքը կխօսի Բ․ Սահակեանի հետ։
Որոշ ժամանակ անց ավտոարշավի տարբեր մասնակիցներ զանգեցին և պատմեցին այն, ինչ հիմա գիտեն բոլորը։ Կարոյի երեխաներն էլ էին այնտեղ, այդ թվում նաև մանկահասակ Ազատուհին, շատ էին վախեցած։ Քանի որ նրանք վերադառնում էին, մեր առաջ գնալն անիմաստ դարձավ, և ես կապուելով Վայոց Ձորի աիմականների հետ, որոշեցի դիմավորել նրանց Սիւնիքի դարպասներից մի քիչ ներքեւ՝ Վայոց Ձորում։ Ինձ ուղեկցող աիմական Հայկը երթուղայինով վերադարձավ Երեւան, որպեսզի հարկ լինելու դէպքում իր մեքենայով գայ ընդառաջ։ Ընդառաջ գալու պատրաստականութիւն յայտնեցին մեքենա ունեցող եւս 9 աիմականներ, ինչպէս նաեւ մեր գազելի վարորդը։ Յետոյ ինձ զանգեցին և ասացին որ Ժիրայր Սեֆիլեանի առողջականն էր վատացել, և պէտք է շտապ հասցնել Վայքի հիվանդանոց․ կասկածւում էր ներքին արնահոսութիւն, խնդրեցին բժիշկ գտնել։ Վայքի աիմական մեր ընկերոջ օգնութեամբ, մինչև մեքենաների ժամանումը, բժիշկն արդեն հիվանդանոցում էր։ Իսկ ես Վարուժան Ավետիսեանին տեղեկացրի, որ քաղաք չմտած կտեսնի մեր ինքնաշարժերը՝ վթարային միացրած նիվա և ջիպ, որոնց էլ պիտի հետեւեին մինչեւ հիվանդանոց։ 10 րոպեից նրանք ժամանեցին և անմիջապէս հասանք հիվանդանոց։ երեւում էր, որ Ժ․ Սեֆիլեանի վիճակը բավականին ծանր է։ Նրան ցավազրկող ներարկեցին և կատարեցին նախնական ստուգումները։ Այդ խմբին երեւան ճանապարհելուց յետոյ մէնք սպասեցինք վերջին խմբին, որ Գորիսի հիվանդանոցում առաջին օգնութիւն էր ստացել, մասնաւորապէս երիտասարդ լրագրողի համար։ Այդ խմբի 5 ինքնաշարժերը նոյնպէս Վայքում դիմավեորելուց յետոյ միասին վերադարձանք Երեվան։ Սունդուկյան թատրոնի դիմաց մեզ սպասող ԱԻՄի և նախախորհրդարանի տղաների ինքնաշարժերը մարդկանց տարան իրենց տները, իսկ ջախջախուած մեքենաները տարան կանգնեցնելու վերանորոգման համար։ Ես տուն հասցրի նոյնպէս բռնարարքների ենթարկուած, արցախեան շարժման նահապետ, իմ վաղեմի ընկեր 1971-74 թուերին ԱԻՄի անդամ Իգոր Մուրադեանին, Օլեգ Եդիգոմշեանին և վերջում Գարեգին Չուքասզյանին։ Երբ հասայ Դավիթաշեն նկատեցի, որ 2 տարի առաջ այդ օրը այդ ժամին շտապօգնությունն ինձ սրընթաց տեղափոխում էր հիւանդանոց, ու ես մտածելով, որ վերջին րոպեներս եմ ապրում, կիսաձայն աղոթում էի՝ տիրոջից խնդրելով ներել իմ մեղքերը, իսկ գլխավերեվումս կանգնած Ստեփան Զատիկեան-ի եղբորորդին՝ Տիգրանը, գոռում էր «ի՛նչ ներիր, ի՛նչ ներիր», նա չէր ուզում, որ ես վերջին անգամ աղոթեմ․ Տիգրանը չէր ուզում ընդունել որ իմ վերջը եկել է, և ինքը ճիշտ դուրս եկավ։
Տէր, լույս տուր էս ապուշներին, որ հասկանան որ իրենք մարդ են և պէտք չունեն տականքություն անելու, որ մարդիկ իրենց գոնե թրիքի (մարդկային) տեղ դնեն: