Հայաստանում մի շարք հեղինակավոր ամսագրերի և ընկերությունների հետ իր համագործակցությամբ հայտնի լուսանկարիչ Արթուր Հովակիմյանն, ով այժմ գտնվում է Փարիզում՝ ոլորտում կատարելագործվելու նպատակով, ոչ պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դեռ 2002-ից՝ չպատկերացնելով, որ այն երբևէ կդառնա սիրված մասնագիտություն: Արթուրն իրեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ է համարում 2007-ից, երբ սկսել է համագործակցել տարբեր ընկերությունների, ամսագրերի հետ՝ որպես գլխավոր լուսանկարիչ: Դեռ Հայաստանում ծավալած գործունեության, Փարիզ մեկնելու նպատակների, լուսանկարչի «զենքերի»և այն ամենի մասին, ինչ լուսանկարչին տալիս է Փարիզը և ինչը պակասում է Երևանում՝ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Հովակիմյանի հետ:
-Հիշու՞մ եք Ձեր առաջին քայլերը, առաջին լուսանկարը…
-Իհարկե… շատ պատահական ստացվեց, որ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ՝ որպես պրոֆեսիոնալ աշխատանք: Մինչ այդ լուսանկարչությունն ինձ համար ընդամենը հոբբի էր: Ես աշխատում էի առաքման ոլորտում՝ որպես սուպերվայզեր: Այնպես ստացվեց, որ ես կորցրեցի իմ աշխատանքը, և կարճ ժամանակ անց ընկերներիցս մեկը, ով բացել էր հագուստի նոր խանութ, առաջարկեց կազմակերպել գովազդային ֆոտոնկարահանում, որն էլ դարձավ իմ առաջին ֆոտոշարքը՝ մեծ արձագանք ունենալով այդ ոլորտում: Եվս մի քանի հաջողված ֆոտոշարքերից հետո ես առաջարկ ստացա Էռնեստո Մարկոյի կողմից՝ աշխատել «Luxury» ամսագրում՝ որպես գլխավոր լուսանկարիչ:
- Ի՞նչ է լուսանկարչությունը Ձեզ համար:
-Լուսանկարչությունն ինձ համար հնարավորություն է՝ ֆիքսել շրջանակում իմ տեսածը և ընկալածը:
-Որքան գիտեմ՝ վերջերս եք հաստատվել Փարիզում: Ի՞նչ նպատակով: Հե՞շտ է Հայաստանից հեռու ապրել և ի՞նչ է տալիս հայ լինելու գիտակցումը:
-Լինելով ինքնուս լուսանկարիչ և ունենալով տարիների փորձ՝ միևնույն է՝ ես միշտ համարել եմ, որ գրագետ լուսանկարիչ լինելու համար անհրաժեշտ էր բարձրագույն և որակյալ կրթություն այդ ոլորտում: Այդ իսկ պատճառով, սկսած 2010 թվականից, փորձում եմ արտասահմանում որակյալ կրթություն ստանալու ճանապարհ գտնել, որովհետև, ցավոք, մենք այսօր Հայաստանում չունենք որևէ հաստատություն, որտեղ կարելի է ստանալ բարձրագույն կրթություն այս ասպարեզում:
Ցանկացած հայի համար, ով արժևորում է ընտանիքը, Հայրենիքը, ընկերներին, Հայաստանից հեռու ապրելը շատ դժվար է: Միևնույն ժամանակ՝ շատ դժվար է գիտակցել այն փաստը, որ ի տարբերություն իմ համակուրսեցիների, ովքեր ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ, ես միակ ուսանողն եմ, ով չունի պետական սատարում: Եվ դա այն դեպքում, երբ իմ սովորելու նպատակն իմ ստացած միջազգային կրթությունը, փորձը Հայաստան բերելն էր ու առաջին որակավորված Ֆոտոհամալսարան բացելը:
-Նախքան տեղափոխվելը Հայաստանում համագործակցել եք մի շարք ամսագրերի հետ...
-2007 թվականից համագործակցում էի «Luxury» ամսագրի հետ, այնուհետև սկսեցի համագործակցել նաև «El Style», «Elite Life», «Ararat», «Bali», «Exclusive Book» ամսագրերի և պարբերականների հետ՝ շատ անգամ նկարելով դրանցից շատերի շապիկները:
Նաև պատիվ եմ ունեցել համագործակցել «Armenia Travel» տուրիստական ընկերության հետ, որը շատ անգամ տուրիստական ոլորտի միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է Հայաստանը իմ նկարած նկարներով:
-Աշխատել եք նաև հայտնի մարդկանց հետ, ու՞մ հետ հատկապես և ի՞նչ է դա տալիս առհասարակ:
-Հայտնի մարդկանց հետ աշխատելը հնարավորություն է ընձեռում լուսանկարչին՝ ներկայացնելու տվյալ անձին իր իսկ պատկերացրած անկյունից, ձևով և ներկայացնել դա լայն ասպարեզի դատին՝ դրանով իսկ ուենալով հետադարձ կարծիք և ճանաչում:
-Ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ:
-Ավելի հոգեհարազատ են «Fashion» և «portrait» ժանրերը, որովհետև ի տարբերություն ռեպորտաժային լուսանկարչության՝ այս ժանրերը պատկանում են բեմադրված լուսանկարչությանը: Ես սիրում եմ կառուցել, պատկերացնել, տեսնել լուսանկարը նախ մտքում:
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում: Տրամադրությունը, հոգեվիճակն ազդու՞մ են աշխատանքի վրա:
-Ես փնտրում եմ ոգեշնչման աղբյուր՝ անընդհատ և ամենուր՝ լուսանկարներում, մարդկանց զգացմունքներում, գեղեցիկ վայրերում, արվեստում, և շատ անգամ գտնում եմ այն շատ անսպասելի վայրերում ու դրվագներում:
-Ի՞նչ է տալիս Փարիզը և ի՞նչն է պակասում Հայաստանում՝ Ձեր ոլորտում կատարելագործվելու համար:
- Ինչպես գիտեք, Փարիզը աշխարհի լուսանկարչության մայրաքաղաքներից է, և այնտեղ շատ գնահատում և հարգում են լուսանկարչին և իր աշխատանքը: Դա հնարավորություն է տալիս՝ ունենալ անսահմանափակ հեռանկարներ այս ասպարեզում, որը, ցավոք սրտի, Հայաստանում դեռ պակասում է: Հայաստանում լուսանկարիչը հանրության մեծամասնության կարծիքով այն մարդն է, ով ունի լավ ֆոտոխցիկ և ընդամենը սեղմում է կոճակը: Բայց չէ՞ որ դա արվեստ է, որը տրված է ոչ բոլորին:
-Հաճախ ասում են լուսանկարիչը հավերժացնում է ակնթարթը, որսում է անորսալին: Հաճախ նկատում է այն, ինչ սովորոական աչքից աննկատ է մնում: Ո՞րն է առեղծվածը… Ո՞ր հատկանիշն է օգնում տեսնել «անտեսանելին» ու «թաքնվածը»:
-Լուսանկարչի զենքերը իր աչքերն ու մտքերն են: Կախված լուսանկարչության տարբեր ճյուղերից՝ զենքերը ևս տարբեր են: Ռեպորտաժային լուսանկարչության մեջ կարևորն ինֆորմացիան է, որ տալիս է այդ լուսանկարը, իսկ բեմադրված լուսանկարչության մեջ՝ արտաբերված մտքերը: Այսպիսով՝ դրանք շատ տարբեր են: Կարող եմ ասել, որ ցանկացած լուսանկար արտացոլում է ժամանակի որոշակի դրվագ, որը իրական կյանքում ժամանակից ելնելով անհետանում է, իսկ լուսանկարը հավերժացնում է այն:
-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ունեմ հստակ ծրագրեր, սակայն դեռ չեմ ուզում բացել փակագծերը:
Հասմիկ Գյոզալյան