▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան

«Փաշինյանն ու նրա կառավարությունը պետք է հեռացվեն իշխանությունից։ Այլապես հայասպան Ալիևին զիջումները չեն դադարելու ու մի գեղեցիկ օր ավարտվելու են արդեն մայրաքաղաք Երևանի դավաճանական հանձնումով նույն հայասպան թշնամուն»,- նման կարծիք է հայտնել ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

«Ս.թ. հունվարի 7-ին ֆաշիստ Ի. Ալիևն ի լուր աշխարհի սպառնաց ոչնչացնել Հայաստանը։

Հունվարի 8-9-ին ՀՀ վարչապետը հանդես եկավ ոչ թե հայ ժողովրդին ոգեշնչելու և պաշտպանությանը նախապատրաստելու ելույթով, այլ Ալիևի նախկինում հնչեցրած անընդունելի պահանջներից երկուսի բավարարումով՝ համաձայնվելով Արցախի հարցով 1992 թ. ի վեր զբաղվող Մինսկի խմբի լուծարմանը, ինչպես նաև միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելուն։ Բացի այդ, Փաշինյանը փորձեց հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականության միջև՝ այդպիսով արդարացնելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։

Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին։ Սկզբից Ալիևն ահաբեկում է հայ ժողովրդին, այնուհետև Փաշինյանն իր ողջ վարքագծով հզորացնում է այդ ահաբեկման բացասական հետևանքները, բարոյալքում հայ հասարակությանը և անմիջապես կատարում հերթական կործանարար զիջումները հօգուտ թշնամու՝ դիմացը, ինչպես միշտ, ոչինչ չստանալով։ Այդպես եղել է մի քանի անգամ՝ սկսած 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից ու վերջացրած Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի ու Տավուշի ամրացված շրջանների դավաճանական հանձնումներով։

Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել։ Պետք է հուսալ, որ Իրանի բանակը շարունակելու է պահպանել իր հզոր ներկայությունը տարածաշրջանում և զսպել թուրք-ադրբեջանական ախորժակները նաև հետագայում՝ ի հեճուքս բոլոր սպառնալիքների։

Մեզ մնում է օգտվել Հայաստանի անվտանգության համար ստեղծված ներկա բարենպաստ պայմաններից ու շուտափույթ կերպով բարելավել երկրի պաշտպանունակությունը (թե ինչպես՝ բազմիցս մանրամասն խոսել, գրել և ներկայացրել եմ)։ Բայց այդ գործը Փաշինյանը երբեք չի անելու։ Նա ու նրա կառավարությունը պետք է հեռացվեն իշխանությունից։ Այլապես հայասպան Ալիևին զիջումները չեն դադարելու ու մի գեղեցիկ օր ավարտվելու են արդեն մայրաքաղաք Երևանի դավաճանական հանձնումով նույն հայասպան թշնամուն»,- գրել է Արմեն Այվազյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին