▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկ ենք վճարել Արցախի անկախության համար և հեշտությամբ այն չենք զիջի

ՖԲ-ը, կայքերը հերթական հոգեխանգարմունքի մեջ են…Եռում են ինչպես կրակի վրա դրած կաթսա, ինչպես խառնարան, և ինչպես միշտ, առանց տեղեկացված լինելու, առանց հասկանալու, առանց երևույթի մեջ խորանալու սկսում են իրենց եզրակացությունները, կարճամիտ կամ որոշ դեպքերում նաև խելամիտ գրառումները, մեկնաբանությունները, մասնակիցների հայացքից, ժեստերից, դիմախաղերից, դեմքի արտահայտություններից ՙՙ քաղաքագիտական դարակազմիկ լուրջ գուշակաություններ, եզրակացություններ կատարելը…

Երեկ Աստանայում Ղազախստանի նախագահը հայտարարել է, թե ԵՏՄ երկրների նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ միայն առանց Ղարաբաղի: Սա չգիտես ինչու ոմանք սարքեցին ողբերգություն և հերթական անգամ իշխանություններին մրոտելու առիթ: Մինչդեռ, իմ կարծիքով, այլ բան ակնկալել չէր էլ կարելի…

Նախ, որքան ես հիշում եմ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես երբեք չեն պնդել կամ պահանջել, որ Հայաստանը միության կազմում կարող է ընդգրկվել միայն Ղարաբաղի հետ միասին: Գուցե թե, բնականաբար, եղել են կուլիսային խոսակցություններ և պայմանավորվածություններ…Երկրորդ՝ միջազգայնորեն չճանաչված պետությանը ընդգրկելով ԵՏՄ-ի կազմում, փաստորեն կստացվեր, որ նրանք ճանաչում են Ղարաբաղի անկախությունը: Իսկ դա, բնականաբար, անհնար է…Երրորդ՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև ինչ-որ մի տեսակի սահմանային ռեժիմ սահմանելու մասին խոսքերը և պատկերացումները հիմարություն են և նույնպես անհնար…

Հայաստանը երբեք ու երբեք չի գնա այդ քայլին: Շատ թանկ ենք վճարել մենք Արցախի անկախության համար և այդքան հեշտությամբ չենք զիջի: Չորրորդ՝ ինչ է Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում որևէ մեկը խոսելո՞ւ էր Ղարաբաղը այդ ընկերությանն անդամակցելու մասին..Իհարկե, ոչ…
Եվ հետաքրքիրը նա է, որ տնային տնտեսուհի, վարորդ, տնտեսագետ, բժիշկ, հացթուխ, ուսանող, մի խոսքով բոլորը դարձել են միջազգայնագետ, դիվանագետ, գուշակ ու համաշխարհային խնդիրներ են լուծում, քննարկում…Մինչդեռ հետևություններ, գնահատականներ կարող են տալ միայն քիչ թե շատ տեղեկացված, գիտակ մարդիկ…

Միջազգային լուրջ խնդիրներ կան, դիվանագիտական նրբություններ և շատերը տեսնում են այսբերգի միայն վերևի մի փոքր երևացող հատվածը…Միանշանակ դեռ վաղ է հետևություններ անել և այս պահին գուշակել հետագա հնարավոր զարգացումները:Աշխարհը կարծես կանգնած է հերթական լուրջ աշխարհա-քաղաքական բաժանումների, խնդիրների, պրոբլեմների, պատերազմների վտանգի առաջ և հնարավոր է զարգացման ցանկացած անկանխատեսելի տարբերակ և ժամանակը միայն արդյունավետ  «բուժման» միջոցն է ու իմ կարծիքով շտապելու, եզրակացություններ անելու, «կռկռալու» կարիք չկա…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին