▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարևոր ծառայությունն է մատուցում Ալիևին։ Դրանով նա օգնում է Ալիևին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։ Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչև «օկուպացիա»։ Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաև «ահաբեկչության» մեջ։ Սրանով Փաշինյանը կօգնի Ալիևին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից…»։

***

Ավելի վաղ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր․ «Մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: 2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է.
(մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):
2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան եւ ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ եւ աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումն՝ այս առիթով. «Մի կողմ թողնենք այն փաստը, որ Հայաստանը սա հայտարարում է ի պատասխան Ալիևի պահանջի՝ լուծարել Մինսկի խումբը։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սա կլինի հաջորդ ամենածանր հակապետական քայլը գործող իշխանությունների կողմից։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, որոշի գնալ Մինսկի խմբի լուծարմանը՝ դրանով լեգիտիմացնելու է Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Ստացվում է՝ ընդունելի և օրինական է, զենքի ուժով հարցեր լուծելը։ Մենք մեր ձեռքով, մեզ ճանաչելու ենք ագրեսոր և օկուպանտ, իսկ Ադրբեջանը դրանով լեգիտիմացնելու է իր բոլոր քայլերը։ Սա, նաև ուղիղ հարված է Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, քանի որ Ադրբեջանը դրանից հետո ունենալու է լուրջ հիմքեր՝ պնդելու, որ այդ մարդիկ հանցագործներ են, ինչն էլ իր հերթին կրկին արդարացնելու է Ադրբեջանի գործողությունները Արցախում։
Առանց այդ էլ, մեր ողջ անվտանգային համակարգը քանդած իշխանությունը, ցանկանում է լիովին մեզ զրկել անգամ այն փոքրիկ անվտանգության բարձիկներից, որոնք, գուցե փոքր, բայց որոշակի դեր ունեն անվտանգության ապահովման հարցում։ Անգամ մեկ տոկոսի ազդեցություն ունեցող գործոնները, եթե դրանք վերաբերվում են մեր անվտանգությանը, պետք է հաշվի առնել։
Լավ, որքան կարճատես պետք է լինել, որպեսզի չհասկանաս, թե ինչի է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, չէ որ խաղաղություն ցանկացող կողմի համար, դա որևէ արգելք չի հանդիսանում, իսկ այ պատերազմ ցանկացող կողմի համար դա որոշակի խոչընդոտ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին