▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն «Օրանժին» մարդկանց աչքերը բացելու համար. hetq.am

Դատապարտյալ Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն»  ՔԿՀ-ից արձագանքել է «Օրանժ» գրքի մրցանակի հետ կապված աղմկահարույց պատմությանը:

Հիշեցնենք, որ «Օրանժ»-ի ղեկավարությունը պահանջել էր քվեարկության չդնել Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» ստեղծագործությունը, որը հայտնվել էր լավագույն եռյակում:

Hetq.am-ում Մհերը այս առիթով, մասնավորապես գրել է. «Ուրախացել էի՝ իմանալով, որ իմ «Դեպի ցմահ Ազատություն» ստեղծագործությունը «Օրանժ» գրքի մրցույթի առաջին փուլից հետո ընդգրկվել է երեք լավագույն պատմվածքների մեջ: Առանձնապես չտխրեցի, երբ ասացին, որ վերջին փուլում պատմվածքին ձայն չեն տվել: Սակայն հետո պարզվեց, որ ոչ թե ժյուրիի անդամները չեն քվեարկել իմ ստեղծագործության օգտին, այլ պարզապես «Օրանժի»  ղեկավարությունը պարտադրել է ընդհանրապես բացառել այդ պատմվածքը: Իսկ դա բացատրվել է, թե ինչ-որ կոմերցիոն հաշվարկներից ելնելով՝ ձեռնտու չէ մրցանակ տալ ցմահ բանտարկյալին: Նախ այսուհետ կխնդրեմ նման մրցույթ հայտարարելիս նշվի, թե արդյոք խտրական վերաբերմունք ունեն ճաղերից այն կողմ գտնվողների հանդեպ, թե ոչ: Եթե այդպես է, ուրեմն թող նշվի, որ դատապարտված են ոչ միայն բանտարկյալները, այլև նրանց ստեղծագործությունները: Թող նշվի, որ դատապարտյալներին արգելվում է մասնակցել գրական մրցույթների: 

Մահվան տանը հայտնվելուցս հետո, առաջին յոթ տարիներին չեմ ստեղծագործել, կարդում էի՝ ինչ ձեռքս էր ընկնում, որ չխենթանայի: Հետո սկսեցի գրել, գրում էի սկզբում միայն ինձ համար: Երևի նպատակը նույնն էր, որ չխելագարվեի փակ խցում 24 ժամ: Հետո, տարիներ հետո միայն կարողացա ձեռագրերս ուղարկել Ողջերի աշխարհ: Ես գրող չեմ, գրողական ամբիցիաներ չունեմ: Պարզապես ուզում էի չապրածս գարունների, անարդար արդարադատության մասին պատմել մարդկանց: Բայց հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էի գրածներս ուղարկում Ազատություն: Ես իմ ստեղծագործություններին ուզում էի ազատություն ու կյանք տալ: 

Եվս մեկ անարդարություն: 20 տարեկանից հետո այնքան շատ եմ տեսել անարդարություն, որ թվում է՝ պիտի կոփված լինեի: Չեմ կոտրվում բազում անարդարություններից, բայց զարմանում եմ: Բայց չզարմանաք, որ հիմա շնորհակալություն ասեմ «Օրանժին»: Շնորհակալ եմ նրա համար, որ մարդկանց ցույց տվեց անարդարության մեխանիզմը: Այն, ինչի մասին բղավում եմ 18 տարի անընդմեջ: Այս մրցույթն ակամա ցույց տվեց, թե ինչպես կարելի է մարդուն զրկել արդարության իր իրավունքից, թե ինչպես են կայացվում Հայաստանում դատավճիռները...: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին