▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից. «Ժողովուրդ»

Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում, Բաղրամյան փողոցի 13 տանը դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 22:45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Արդյունքում՝ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է:

«Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, եւ այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»:

Գյուղապետի խոսքով՝ տանից գողություն չեն կատարել, եթե դա է եղել այս դաժան սպանության պատճառը.«Հիմա բոլորն աշխատում են, հանցագործը հայտնաբերված չէ»:

Ըստ Փարաքարում շրջանառվող լուրերի՝ սպանվածի ընտանիքն ապահովված ընտանիք է: Սպանվածն ու նրա ամուսինը շատ փարաքարցիների պարտքով ապրանք են տվել իրենց խանութից: Տեղեկացանք, որ երկու օր է, ինչ ողջ գյուղի բնակիչներին եւ հատկապես Անահիտ Զաքեւոսյանի հարեւաններին տանում են հարցաքննության: Ավելին՝ ըստ հարեւանների շրջանում տարածված լուրերի՝ սպանված Անահիտի ամուսինը տեսել է իր կնոջը սպանողին, սակայն, ըստ երեւույթին, չի հասցրել բռնել մարդասպանին: Չի բացառվում, որ սպանված Անահիտի ամուսնու՝ դեպքի պահին պատահական տուն մտնելը տապալել է մարդասպանի կամ մարդասպանների գործն ավարտին հասցնելը, այսինքն՝ կնոջը սպանելուց հետո տունը թալանելը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Անահիտի սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից:

 Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին