Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականության:
Փորձենք ամփոփ կետերով նշել այն ուղղությունները, որոնք մինչ այժմ երեւում են Անկարայի եւ Բաքվի միացյալ միջպետական շտաբի կողմից հայկական հարցերի գծով ուշադրություն շեղելու քաղաքական ընդհանուր պարունակում: Նկատվածները գուցե ուրվագծեր են, որոնք կարող են նախանշել կիրառվող քաղաքականության բուն շարժառիթները:
Պաշտոնական Անկարան հետզհետե թափ է տալու ցավակցական, ընդհանուր ցավեր կիսելու, անատոլիական միեւնույն բնօրրանին պատկանելիությունը շեշտելու, «վերադարձեք»-ի քաղաքացիական իրավունքի վերականգնման խոստումների, նույնիսկ կալվածքների յուրահատուկ հատուցման, եկեղեցիների վերանորոգման, բացված անհատական դատերի դիմաց կիսահատուցումների ընդհանուր ներկայացմանը` բառի թատերական իմաստով:
Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը: Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների եւ ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:
«Հրավեր ընդդեմ հրավեր»-ին կամ հայկական յուրաքանչյուր նախաձեռնության հակազդելու Անկարայի ամենաբարձր մակարդակի վրա ձեռնարկած այս քայլերը նախանշում են, որ 100-ամյակը հայտնվել է Անկարայի համապատասխան գերատեսչությունների տեսադաշտի կենտրոնում:
«Թալաաթ փաշա»-ի ժխտողական ջոկատների գործուղումը եւ փերինչեքների նորանոր հայտարարությունները այս խճանկարի մաս են կազմում եւ բոլորը ինչ որ տեղ կարեւոր չափով նպաստում են հանդուրժողական երեւալ փորձող էրդողանական վարչախմբի ծրագրերի իրականացմանը:
Հիմնական այս ուղղություններին առընթեր եւ անկախ Գալիպոլիի հոբելյանական նշման արարողություններից, արդեն իսկ համոզիչ էր դառնում, որ վերահսկված թույլտվությամբ առիթ է տրվելու ապրիլի 24-ի զոհերին, ընդ որում ցեղասպանություն բառեզրի օգտագործմամբ հիշատակի ձեռնարկներ կազմակերպել Թուրքիայի տարբեր շրջաններում:
Այս բոլորը, շղարշային ծածկույթով թե ուղղակի, արդեն տեսանելի են: Վտանգավոր մի այլ ուղղություն թվում է ինքն իրեն զգալի է դարձնում աշխարհագրական տարբեր միջավայրում:
100-ամյակին հակազդելու ռազմավարությունը հայտնաբար թուրք-ադրբեջանական միացյալ շտաբի առաջնային օրակարգերից է: Ինչպես որ Գալիպոլին քարոզչաքաղաքական մակարդակում միջազգային հանրային կարծիքը շեղելու ծառայող քայլ է, այնպես էլ հայկական ներուժն ու ուշադրությունը Արցախ-Ադրբեջան շփման գծի վրա կենտրոնացնելը միացյալ առաջադրանք է թշնամու համար: Եւ պարզ է, որ կիսապատերազմը կամ այն ինչ կատարվում է այսօր`դիպուկահարներ, հետախույզներ, ուղղաթիռի խփում եւ ներթափանցման փորձեր միտում է այդ քայլին: Հայկական աշխարհը ներգրավել առաջադրված իրավիճակին, որպեսզի արգելակվի 100-ամյակի միջազգայնացման աշխատանքը:
Եթե Անկարան Գալիպոլիի նշումով ուզում է հակաքայլ առնել 100-ամյակին, ապա Բաքուն շփման գծի իրավիճակի լարումով իր մասնակցությունն է բերում համահայկական ուշադրության շեղման հակառակորդների ձեռնարկած միացյալ աշխատանքին:
Օրինաչափ եւ ընկալելի համարվող նշումներից, հոբելյաններից բառեզրերի օգտագործումից եւ արարողակարգերից ավելի հայկական ամենից վճռական պատասխանը այս բոլորին` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների անոտընձգելիության, անթափանցելիության եւ անխորտակելիության պահպանումն է, եւ մյուս կողմից հայության պատմական բոլոր իրավունքների պահանջի վերաբերյալ հայեցակարգի հռչակագրի եւ իրավական թղթածրարի ամբողջացումն է: Առայժմ այս հանգրվանին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր