«Դեռևս հայտնի չէ՝ ինչ լավաշ նամակ է գրել Փաշինյանը Պուտինին: Ես չեմ հիշում դեպք, երբ ՌԴ-ում մեր դեսպանը կանչվեր ԱԳՆ: Հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի մեղավորը ՔՊ-ական իշխանությունն է:
Երբ դու, Նիկոլ, Ռուսաստանին մեղադրում ես Լաչինի միջանցքի փակման մեջ, նման է նրան, որ անառակ որդին ծնողներին հանձնի ծերանոց ու պահանջի, որ ծերանոցի տնօրենը նրանց լավ նայի: Բոլորս ունենք Ռուսաստանին հարցեր տալու, նրանից ինչ-որ բաներ պահանջելու իրավունք, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքն է հրաժարվել Արցախից»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի մեղավորը համարելով Հայաստանի ՔՊ-ական իշխանությանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պայմանավորված կերպով խախտել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
«Պուտինն այսօր շատ կարեւոր բան է ասել, եթե բաց ասեմ, ասել է՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ճիշտ էին, դու՝ սխալ, Նիկոլ»,- հայտարարեց Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը որեւէ կերպ միջամտել չի կարող Արցախի հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Որպես պատմաբան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ թուրքին ինչքան զիջես, այնքան նրա ախորժակը բացվելու է:
«Մի օր կարող է տեսնենք՝ թուրքը եկել, Կրիվոյում ապրում է: Ամենավերջում էլ բերանդ բացելու են, ատամներդ քաշեն: Հաղթելու ենք ներքին թշնամուն: Չի ստացվում, կստացվի: Այլընտրանքը ո՞րն է ՝ հանձնվենք թշնամո՞ւն: Սա էն ժողովուրդն է, որ Ցեղասպանությունից 3 տարի հետո Սարդարապատ է տվել, սա էն ժողովուրդն է, որ 20-րդ դարում հող է ազատագրել: Էս կապիտուլյանտներն իրենց անգլոսաքսոնական տերերի հետ միասին հայ ժողովրդին ուզում են սարքել կամազուրկ: Չի ստացվելու: Արցախի այս հերոսական պայքարը հայ ժողովրդի 5000-ամյա պատմության մեջ ամենահերոսականն է: Թուրքը հային չի հաղթել ու չի հաղթելու»,- նշեց նա:
Դիտեք նաև՝