▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյան- Ծառուկյան «պատերազմն» ավարտվեց վերջինիս լիակատար կապիտուլացիայով. «Ժողովուրդ»

Այսպիսով արձանագրենք, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «պատերազմն» ավարտվեց վերջինիս լիակատար կապիտուլացիայով: Ծառուկյանն իր կապիտուլացիայի վերաբերյալ հանրությանը տեղեկացրեց երեկ տարածած հայտարարությամբ: Իհարկե, ինչպես միշտ, այս անգամ եւս իշխանությունների առաջ ծնկի գալը ներկայացվեց որպես հանուն ժողովրդի. «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,- նշված էր Ծառուկյանի հայտարարությունում: Հիշեցնենք, որ դրանից ընդամենը հինգ օր առաջ էլ նրա տարածած ելույթի տեքստում գրված էր. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: Փաստորեն «չարիքի իշխանության» հետ մեկ անգամ եւս շփվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հասկացել է, որ այն այդքան էլ սարսափելի չէ: «Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, ըստ որոնց, ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանից ներողություն է խնդրել՝ նրան Մոսկվայում հայհոյելու համար: «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում, չգիտեմ նման հանդիպման մասին, նաեւ այդ ենթադրյալ հանդիպման ժամանակ քննարկված կամ չքննարկված, մտացածին կամ ենթադրյալ թեմաները չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Տոնոյանը: Ինչեւէ, Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքը չի կայանա: Մի քանի ժամ անց համանման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀԱԿ-ը: Այսինքն՝ այս բոլոր ուժերը միասին վերցրած մեծ հաշվով արհամարհում են հայ հասարակությանը՝ կարեւորելով իրենց շահերը: Իսկ թե ով է կրելու փետրվարի 20-ի պատասխանատվությունը, եթե մարդիկ հավաքվեն Ազատության հրապարակում, մնում է անհայտ:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին