▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով

Սիրելիներ,

Սարդարպատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մեծ սխրանքի ու հաղթանակի այս օրերին, որով հռչակվեց նաև Մայիս 28-ի Հայաստանի Անկախ Հանրապետությունը՝ շնորհավորելով բոլորիս, ցանկանում եմ ձեր ուշադրությանն հանձնել 1998 թ.-ին գրված իմ մի հոդվածը՝ անշուշտ որոշակի նոր փոփոխություններով և նոր շեշտադրումներով, որը չի կորցրել իր արդիականությունը: Ուրախ եմ, որ այն ժամանակ պեղել հանելով ու շրջանառության մեջ դնելով Գևորգ Ե Սուրենյանց Հայրապետի անմահացած խոսքը, այն այսօր դարձել է շատերի սեփականությունը: Սա նաև թող լինի մի փոքրիկ լուսաբանություն նվեր այն բոլոր «իրավապաշտպաններին», «պատմաբաններին», «չափագրողներին», «եթերային (վիրտուալ) հերոսներին», ովքեր իրենց այսօրվա հայկական և քրիստոնեական անուններով գոյությունը պարզապես պարտական են Հայ Եկեղեցուն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ՀԱՄԲՈՒՐԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ…


ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՎ

Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր իրականության մեջ Հայ Եկեղեցին կոչված է բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ դիմագրավելու: Հավանաբար հասել է ժամանակը հստակ գծերով վերարժևորելու անցյալը, գնահատել ներկան և սահմանել ապագայի տեսլականը: Հենց սկզբից ասեմ, ես հպարտանում եմ իմ ազգի փրկության բարձրագույն օրրանը հանդիսացող Հայ Եկեղեցիով, որը պատմության փորձությունը պատվով է ուսել երբեմն ճկվելով, երբեմն հարվածվելով, գնդակահարվելով ու նահատակվելով, բայց միշտ իր մտածողության մեջ կրելով ու փայփայելով իր հարազատ ու սեփական ժողովրդի թե՛ հոգևոր և թե՛ հատկապես ֆիզիկական անվտանգությունն ու ապահովությունը: 
Ազգային գաղափարների, ճշմարիտ հայկական և քրիստոնեական պետականության իդեալի արմատները գտնվում են 1700-ամյա իմաստնության անսպառ շտեմարաններում: Ընդհանրապես և մասնավորապես այսօր հրապարակի վրա շեշտվող գաղափարները ազգային միասնություն, ազգապահպանություն, ազգային մտածողության ձևավորում, Հայրենիքի հզորություն, Հայ Դատի պայքար, սոցիալական խնամք, արդարադատության համակարգ, գիտության զարգացում, կրթության իրավունք, մշակութային արժեքների բարձր գիտակցություն և այլն, դարերի փորձով հիմնավորված և արմատավորված են Հայ Եկեղեցում, որովհետև նա պատմական առաքելությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ ստիպված է եղել ստանձնել իր սեփական ժողովրդի նաև քաղաքական և աշխարհիկ հովվությունը: Հետևաբար, միջազգային բոլոր կարգերը հարգելով հանդերձ, հարկ է ազգային-հոգևոր գիտակցությունը կերտել ոչ թե պատահական դրսևորումներով՝ արևմուտքից կամ արևելքից, հյուսից կամ հարավից ներմուծվող ու շատ հաճախ պարտադրվող “արժեքներին” հետևելով, այլ մեր մեջ փնտրելով և դուրս բերելով այն ամենը, ինչը հարազատ և հատուկ է մեր տեսակին, ցեղին, հոգեբանական, հոգևոր և բարոյական նկարագրին: Այլապես որևէ այլ մոտեցում, մեղմ ասած, կհանգեցնի անհաջող խաչասերման՝ իր բոլոր հետևանքներով՝ տեսակի անդիմությունից մինչև անպտղաբերություն: 
Ազգայինի և հայրենիքի նկատմամբ ունեցած հոգևոր նախանձախնդրությամբ Հայ Եկեղեցին զանազան ներքին և արտաքին հալածանքների տոկալով, մի տեսակ որպես յուրահատուկ պետականության կրող, մեծ ճիգերի գնով, “կանացիազգեստ, կղերական դիվանագիտություն” որակված գործելակերպով, կարողացավ պահպանել այս վերջին հողակտորն ու իրավացիորեն այն փոխանցել հայրենական իշխանություններին: Սարդարապատի հերոսամարտն ու 1920-30-ականնների գոյաոչնչացման տարիների ամենասարսափելի հալածանքները, գնդակահարություններն ու աքսորները ասվածի ամենավառ վկայություններն են, երբ դարձյալ ճակատագրական պահին ամենծանր հարվածը կրողը հայ եկեղեցականությունն էր: 
Սարդարապատի հաղթանակը տեղի ունեցավ, որովհետև մենք կարողացանք հասնել ինքնաճանաչողության և ճիշտ ինքնագնահատականի: Այսօր էլ այն կկայանա եթե մենք մեծով ու փոքրով կարողանանք հասնել այդ ինքնաճանաչողությանն ու ինքնագնահատականին՝ կենցաղային ամենապարզ հարցից սկսած մինչև համազգային մեծագույն խնդիրները:

 
Այո՛, պետք չէ մոռանալ կամ ուրանալ, որ Սարդարապատ չէր լինի, եթե Գևորգ Ե երջանկահիշատակ Հայրապետն իր վճռական կեցվածքով չկանգնեցներ փախուստի և նահանջի հոգեվիճակով պարուրված հայ զորավարներին ու զինվորներին և ընդհանրապես ՄԵծ Եղեռնից մազապուրզ եղած անորոշությամբ ու տառապանքով ապրող ժողովրդին:
 
Տեղին է հիշել այդ անմահացնող դրվագը, երբ թուրքական նվաճող հեղեղից խուճապի մատնված և օրհասական վիճակում հայտնված զորավար Սիլիկյանը որոշել էր հայոց արյունաքամ բանակը տանել Կոտայքի և Սևանի բարձրունքները, լեռնակռվով պայքարելու թշնամական հսկայածավալ բանակի դեմ՝ այսպիսով զիջելով և՛ Երևանը, և՛ Էջմիածինը, և՛ ամբողջ Արարատյան դաշտավայրը: Այդ նպատակով Մայիսի 20-ին եկել էր նաեւ Ամենայն Հայոց Հայրապետին առաջարկելու հեռանալ Մայր Աթոռից: Պատվիրակության մեջ էին նաև այս իրադարձություններին լռելյայն հետևող Արամ Մանուկյանն ու Պողոսբեկ Փիրումյանը:
Պատմական վկայութեամբ Գևորգ Ե Վեհափառը մռայլված լսեց այդ առաջարկը, և չթողնելով այլևս շարունակել ասաց. 
“Ա՜զգ Հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան երկրի վրա: Թուրքը կոտորած ու ավեր սփռելով գալիս է, եւ մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան Հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը, հայրենի երկրի վերջին կտորը: Առաջարկում են լքել այս բոլորը եւ սեփական կյանքը փրկել Բյուրականում կամ այլ անմատչելի լեռնածերպի վրայ: Ո՛չ եւ ո՛չ, հազա՜ր անգամ ո՛չ...Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված Մայր Աթոռը: Ես չե՛մ հեռանա Հայոց Արաքելական Եկեղեցու օջախից: Եթե Հայոց զինվորությունն ու ինքը՝ հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստե՛ղ, շեմի վրա Մայր Աթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստուծո ողորմածությամբ: Մի՞թէ մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ոչ թե ողորմելի զեռունի պես թշնամու առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լի են քաջության օրինակներով, ներկված են նահատակների արեամբ: Դրանով չի՛ սպառվել մեր արյունը, և չի՛ կորսվել քաջությունը մեր շարքերից: Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով: Եւ որովհետև ով գաղափարի համար է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե անագան: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով ու մահերով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել և երբեք էլ չպիտի ունենա վերջին վեջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու և գոյատևելու մեր ազգային կերպին: Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է անդրարաքսյան իր թեթև հաջողություններով հղփացած և մեր արյան վերջին կաթիլին ծարավի...”: Եվ Վեհարանի դահլիճում ու Մայր Աթոռի բակում հավաքված ամբողջ բազմությունը կերպարանափոխված, միահամուռ բացականչեց. “Պատրա՜ստ ենք ելնելու, Վեհափա՜ռ Տէր”: Ապա ծերունազարդ Հայրապետն իր արծվային հայացքն ուղղելով ժողովրդին` շարունակեց. “Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ Հայոց, անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական”: Այնուհետև Հայոց Հայրապետը կարգադրում է հնչեցնել Մայր Տաճարի և Հայոց բոլոր եկեղեցիների տագնապի զանգերը, որոնք համազգային միակամ պայքարի մղեցին գաղթական ու արյունաքամ ժողովրդին և չլռեցին մինչև ճակատամարտի հաղթական ավարտը: Նա ինքն առաջնորդեց միաբանությանն ու ժողովրդին այդ վճռական պահին հայացքն ուղղել դեպի Աստված և հայոց “Տէր ողորմեա”ով ծնկաչոք հայցել Տիրոջ ապավինությունն ու օրհնությունը: Այսպիսին էր ճակատամարտի նախօրյակը, որը փաստորեն կանխորոշեց հայոց բանակի հաղթանակը: Աստծու ներկայությունը հավաստող այդ զանգակների կանչն էր թևածում ողջ ճակատամարտի ընթացքում, որի լուռ վկան այսօր Սարդարապատում վեր խոյացող զանգակատուն-հուշասյունն է: 
Ավելորդ չհամարեցինք գրեթե ամբողջությամբ մեջբերել Գևորգ Ե Հայրապետի բոցավառ խոսքն ու այդ պահի նկարագրությունը, քանի որ սարդարապատյան հրաշքը խտացված և հիմնավորված է այստեղ: Առանց այս կեցվածքի այլ կլիներ իրադարձությունների զարգացումը և դաժան է մտածել, որ այսօր միգուցե չկարողանայինք անգամ խոսել այդ մասին ավա՜ղ մեր չգոյության պատճառով: 

Գևորգ Ե Սուրենյանց Տփղիսեցի, ժողովրդի տառապանքի պատճառով Վշտալից ստորագրող Հայրապետն այսօր հանգչում է Մայր Տաճարի զանգակատան մոտ, և կարծում եմ, յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր է այցելել և հարգանքի տուրք ընծայել նրա շիրմին:

Պարտ է շեշտել, որ թե՛ նախապատրաստական շրջանում և թե՛ ճակատամարտի օրերին Սբ. Էջմիածնի միաբանությունը և շուրջ հինգ հարյուր տարբեր աստիճանի հոգևորականներ խաչանշան սպիտակ պատանքներով, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Զավեն եպիսկոպոս Բաբայանի (շիրիմը գտնվում է Սբ. Գայանե վանքի հյուսիսային պատի տակ), Թադեոս և Եզնիկ վարդապետների գլխավորությամբ տենդագին կերպով ոգևորում և առաջ էին մղում զինվորին ու աշխարհազորայինին՝ իրենք իսկ ընթանալով նրանց առջևից: Գարեգին Հովսեփյանն էր, որ “Մահապարտներ” անունով կնքեց 5-րդ փառապանծ գունդը, որի աջ թևում կրակի ամենաթեժ կետում կռվում էր հոգևորականների գունդը նույն հերոս հոգևորականների գլխավորությամբ: Կարելի է դեռ երկարել և մանրամասն նկարագրել սխրագործությունների շարքը, սակայն կարծում եմ, այսկանն էլ խոսուն է և բավական ասելիքի համար:
Բայց ինչո՞ւ թշնամու հետ բախվելու վայր ընտրվեց ռազմագիտական և ճակատամարտի համար բոլոր առումներով ամենաանհարմար տեղանքը՝ Սարդարապատը: Մի՞թե հայոց զորքի գերակշռությունն ու սպառազինությունն էին պատճառը: Կամ ասենք իրենց բնական և արհեստական ամրություններով հայտնի Կարսը, Կարինը, ինչու չէ նաև Ալեքսանդրապոլը շատ դյուրությամբ գրավվեցին, բայց այս բաց դաշտում, զերծ պաշտպանական որևէ միջոցից հայ զենքը փայլուն հաղթանակ տոնեց: Թող ռազմագետներն ու պատմաբանները որոնեն հարցի պատասխանը, մենք միանշանակ կասենք, որ հայ մարդու թիկունքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էր, հետևաբար նահանջել և զիջել նշանակում էր հանձնել Սուրբ Էջմիածինը: Սուրբ Էջմիածնի ոգին էր, որ երերող հրամանատարին վերափոխեց հաստատավճիռ զորավարի, նահանջող բանակին՝ փրկարար զորքի, հուսահատ և գաղթական ժողովրդին՝ հաղթանակած հավաքականության: 
Հրաշք էր Սարդարպատը, և այդ հրաշքը շնչավորողն ու կյանքի վերածողը մեր Սուրբ Եկեղեցին: Իսկ այդ Եկեղեցում սպասավորողը նույն հայ ընտանիքից, նույն ժողովրդի ծոցից դուրս եկած զավակն է, որ երբեք ու երբեք առանձին դասկարգ կամ կաստա չի ներկայացրել, այլ եղել է իր ժողովրդի ցավերով, տառապանքով, ուրախությամբ ու հաղթանակներով ապրող, նրա համար աղոթող հայ մարդը, որն Հայոց Պատմությունը սերտել է իր երանելի նախնիներից և ոչ թե սոսկ Մարքս-լենինյան կամ ներկայիս “մարդասպան” գաղափարների արծաթափայլ ուսմունքների ոսպնյակից: Հանե՛ք Հայ Եկեղեցին կամ բազմաչարչրկվող “տերտերներին” մեր պատմության էջերից և այնտեղ անգոյությունից ու անդիմությունից բացի այլ բան չեք տեսնի: 
Այսօր էլ, Հայ Եկեղեցին խոնարհ լռությամբ, առանց բարձրաղաղակ ճիչերի շարունակում է անսակարկ ծառայել մեր հաղթանակած Տիրոջ փառքին և իր հարազատ, սեփական, համբուրելի ժողովրդին: Միայնակ, մեծ զոհողությունների գնով քայլ առ քայլ վերաբուժում է իր ստացած վերքերը, Մայրական գորով և ներող սրտով ընդունում իր զավակների գործած “չարաճճիությունները” և մշտական Վեհ հայացքը ուղղում դեպի ապագան: 
Որպես վերջաբան ցանկանում ենք մեջբերել 1937 թվականին դեկտեմբերի 6-ին գնդակահարությամբ մարտիրոսացած Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի ՆԳԺԿ-ի բանտում արտասանած ուսանելի և անմահ խոսքը. “Էջմիածնի պատմությունը շատ մեծ է հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, կանցնեն նորից և մենք ձեզ հետ կանցնենք, իսկ Էջմիածինը կշարուբակի իր գյությունը”:
Այս ամենի մասին որոշեցինք գրել ոչ թե որպես սեփական “դասակարգի” շահերի պաշտպանության մոլուցքով տառապող մի պաշտոնյա, այլ պարզապես երևույթները մեկ այլ հարթությունից քննող մի պարզ հայ մարդ, ով երախտիք ունի իր Մոր հանդեպ:


Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին