Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտնում է վարչապետի թեկնածուի անունը. Ուղիղ
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապեյանն է
Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։
Դիտեք նաև՝
Մենք մեր հայրենակիցներին չենք խաբելու, որ պաշտոն ստանանք, ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, պետք է անել ճիշտ հակառակը, մեր սեփական գրպանների հաշվին՝ պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ՝ ուղերձի միջոցով ասել է կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ, 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ կալանքիս 1 ամիսը չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին: Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական՝ մեկ բռունցք դառնալով, մտնում ենք քաղաքական պայքարի մեջ, հանուն մեր հայրենիքի լավ ապագայի: Ինձ կալանավորելով՝ կալանքի տակ պահելով, փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն ու կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ժողովրդի ու քաղաքացիների ձայնը, բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին:
Հիմա մեր ձայնը ավելի բարձր է հնչում, հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ: Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար: Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի-որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ: Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ: Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում խոսում են ու խոստանում թույլ խաղաղություն: Խաղաղություն՝ առանց ուժեղ պետության, կոչվում է հանձնվել: Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմին, բայց սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար:
Մենք ուզում ենք խաղաղություն, ուժեղ ու արժանապատիվ խաղաղություն: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով, մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ ու դրա ներդրմամբ»,-նշել է նա:
Դիտեք նաև՝
Իրավաբանները բացատրեցին, թե ինչպես Սամվել Կարապետյանը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու (Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է)
«Սահմանադրության 148–րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այս հոդվածն անփոփոխելի հոդված չէ, դրա համար հանրաքվե չի պահանջվում, ուղղակի ԱԺ կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Փոփոխությունների այս նախագիծը դրվում է ԱԺ քվեարկության, և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից 20 օր անց` ԱԺ առաջին նիստին, հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ։
***
Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» նորաստեղծ կուսակցության շնորհանդեսը
Այսօր նաև հայտնի կդառնա այս ուժի ՀՀ վարչապետի թեկնածուի անունը։ Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության ստեղծմամբ «Մեր ձևով» շարժումը» չի դադարում գոյություն ունենալ, որովհետև բազմաթիվ հասարակական ծրագեր կան իրականացնելու։


