«Սամվել Բաբայանը կեսը 100%-ով ճիշտ է ասում, կեսն էլ` 100%-ով բացարձակապես ստում է»
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Բաբայանը կեսը 100%-ով ճիշտ է ասում, կեսն էլ` 100%-ով բացարձակապես ստում է:
Ստում է, թե Ադրբեջանը պատրաստ էր Արցախին ինքնավարություն տալ:
Չգիտեմ, թե ում հետ է ինքը բանակցել և թե որպես ով է բանակցել, բայց Ալիևը երբեք և երբևէ դրան պատրաստ չի եղել, հատկապես` 2020-ի բացարձակ հաղթանակից հետո:
Ճշմարտությունը խոսելով Ռուսաստանի ու նրա հայաստանյան գործակալական ցանցի մասին` Սամվել Բաբայանը միաժամանակ լվանում է Փաշինյանի ռեժիմը և զերծ պահում նրան Արցախը հանձնելու պատասխանատվությունից: Անմաքուր կերպով նաև Ռուսաստանին զերծ է պահում Արցախը հանձնելու պատասխանատվությունից, թեև սկսել է մեղադրել Ռուսաստանին և մեղադրում է արդարացիորեն:
Ճիշտ է ասում, որ հայերն ադրբեջանցիներին ահռելի, աննկարագրելի քանակությամբ լրջագույն զենքեր են հանձնել: Ճիշտ է ասում, որ ողջ Արցախի արխիվը ռեժիմը վառել է` այսինքն պատմաբանների և պատասխանատվության կանչողների համար առհավետ փակել են ճշմարտության ծալքերն իմանալու և լինի իրավական կամ պատմական դատաստանի առջև կանգնեցնելու հնարավորությունը:
Ճիշտ է ասում, որ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ Հայաստանը մնա և պաշտպանված լինի:
Խոսելով Արցախի ողջ ղեկավարության` ռուսական էժանագին գործակալ լինելու մեջ` ամենևին չի անդրադառնում Փաշինյան-Մոսկվա կապին:
Բաբայանը, մի խոսքով, իր խաղն է խաղում:
Ու այստեղ ամենաանկարևոր հարցն այն է` թե ինքն ինչպես է անցել անցակետը: Եվ այդ անկարևորում կարևոր միակ բանն այն է, որ իր այդ բացահայտումից և անցնելու փաստն անմիջապես հանրայնացնելուց հետո Բաքուն հաստատ ամեն բան կանի, որ իր ցուցակի մյուս դեմքերն արդեն հաստատ գերեվարվեն:
Թե ինչ հարց է դրանով լուծում Բաբայանը, հեշտ չէ կռահելը: Բայց կռահել կարելի է:
Մի խոսքով` կեղտոտ ու դավաճան են բոլորը:
Եվ ամենաստոր ու ամենապիղծ դավաճանն այս ժողովուրդն է, որ այդքան պիղծ ու դավաճան է ծնել և որ այդքան պղծորեն ու դավաճանաբար անտարբեր է իր հայրենիքի ճակատագրի հանդեպ»: