Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին նոր քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացրել, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:
«Միխեիլ Սաակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության պետք է ենթարկվեն Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ կետով (ծառայողական դիրքի չարաշահում)»,-ասված է դատախազության հայտարարության մեջ: Խոսքը 2005թ.-ին Վալերի Գելաշվիլիին ծեծելու միջադեպի մասին է, որն այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր է եղել: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին չէր բացառել, որ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել: Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը և հեռակա կալանավորել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով: