▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա բիզնես չէ, այլ` մարդկանց գթասիրտ դարձնելու նպատակ

Քչերը գիտեն, որ սեպտեմբերի 7-ից Ձորաղբյուր գյուղում, 4 տարվա երկարատև աշխատանքներից հետո, բացվել է «Jambo» էկզոտիկ կենդանաբանական այգին: Նախաձեռնությունը պատկանում է գործարար Արտյոմ Վարդանյանին: 20 տարի ապրելով և  հյուրանոցային բիզնես-գործունեություն ծավալելով Հոլանդիայում, այսօր արդեն Արտյոմ Վարդանյանը իր կենդանաբանական աշխարհն է ստեղծել գողտրիկ մի անկյունում` Հայաստանի մանուկների համար:

«Երբ 20 տարի շարունակ ինչ-որ գործունեություն ես նախաձեռնում տարբեր երկրներում և տարբեր ազգերի ժողովուրդների համար, ցանկություն է առաջանում ինչ-որ արժեքավոր մի բան ստեղծել քո երկրի համար»,- Asekose.am-ի հետ զրույցում նշել է Արտյոմ Վարդանյանը:
Հիմնադրի խոսքերով կենդանաբանական այգի ստեղծելու միտքն իր մոտ առաջացել է շատ պատահական: Սկզբում մտադրություն է ունեցել ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ այցելելով տարբեր երկրների զբոսաշրջիկներ կծանոթանան հայ մշակույթի հետ, սակայն առաջացած որոշ խնդիրների պատճառով, որոնք սեփականատերը չցանկացավ նշել, իր նախագիծը այդպես էլ չի վերածվել իրականության:
«Գո՞ւցե հենց դա էլ ճիշտն էր»,- ասում է նա ու ավելացնում.
«Կենդանիները իմ թուլությունն են: Ես դեռ մանկուց եմ հետաքրքրվել նրանցով և մինչ օրս շարունակում եմ հետաքրքվել: Ես անընդհատ այլցելում եմ տարբեր երկրների կենդանաբանական այգիները, ուսումնասիրում եմ դրանք և հենց դրա արդյունքում «Jambo» էկզոտիկ կենդանաբանական այգում այսօր կան շուրջ 300-ից ավելի էկզոտիկ կենդանիներ» :
Այցելելով այս ինքնատիպ կենդանիների աշխարհ` ձեզ կդիմավորեն շուրջ 10 ցեղատեսակի կապիկներ, հսկայական կրիան, սայմիրիներ, նասուխներ, մադագասկարյան լեմուռներ, որոնց, հատկապես, փոքրիկները ծանոթ են «Մադագասկար» մուլտֆիլմից, տամարի ցեղատեսակի կապիկներ, որոնք, ի դեպ, աշխարհի ամենափոքր կապիկներն են, անապատային աղվեսներ, սև կակադուն, որը Հայաստանում միակն է:

«Այս կենդանիներին, բացի այս կենդանաբանական այգուց, դուք ոչ մի տեղ չեք տեսնի: Նրանցից ամեն մեկը յուրահատուկ է իր ցեղատեսակով»,- նշում է հիմնադիրը:

Կենդանիների հետ աշխատում են տարբեր մասնագետներ, վարժեցնում են, սովորեցնում են մարդկանց հետ շփմանը: Բացի կենդանաբանական այգուց, գործում է նաև ռեստորանային համալիր, որտեղ այցելուները կարող են համտեսել հայկական ավանդական ուտեստները: Շուտով այստեղ երեխաների համար կազմակերպվելու են մրցույթներ, որոնք բաղկացած են լինելու մի քանի փուլերից և գլխավոր մրցանակը լինելու է այցելություն Աֆրիկյան երկրներից մեկի` Քենիայի, գլխավոր կենդանաբանական այգի:
Հիմնադրի խոսքերով` սա իր համար բիզնես չի , այլ իր ցանկությունն է, որ մարդիկ տեսնելով իրենց կատարած գործը, մի կողմ դնեն անտարբերությունը և ավելին անեն, քան իրենք են անում»:

Կենդանաբանական այգին պատրաստվում է հյուրընկալել նոր կենդանիների, որոնք իրենց ներկայությամբ էլ ավելի յուրօրինակ կդարձնեն առանց այն էլ ինքնատիպ վայրը:Գործարարի գլխավոր նպատակը կենդանիների և մարդկանց շփումն է: Նրա խոսքերով` ստեղծված պայմանների շնորհիվ, այստեղ կենդանիների կյանքը կրկնակի երկարում է:

 

Արտյոմ Վարդանյանի գլխավոր նպատակը մարդուն  գթասիրտ դարձնելն է և հենց դա է վկայում նրա կողմից իրականացվող բարեգործական ակցիաները, որոնք  ապահովում են  անապահով ընտանիքների և մանկատան երեխաների անվճար այցելությունները կենդանաբանական այգի:

Սա մի վայր է, որտեղ ստեղծված են այն բոլոր պայմանները, որոնք թույլ կտան մարդուն զգալ իրեն բնությանը ավելի մոտ և որը որ կնպաստի մարդկանց և կենդանիների միջև կապի ամրապնդմանը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

72157636746186603

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին