Իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնություն է ձեռք բերվել: Ապրիլի 3-ի երեկոյան Իրանն ու միջուկային ծրագրի հարցերով Վեցյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա), երկարատեւ բանակցություններից հետո, Լոզանում միջանկյալ համաձայնություն են ձեռք բերել տևական այդ ճգնաժամի կարգավորման շուրջ: Ըստ այդմ՝ Իրանը պետք է 10 տարով 1/3-ով կրճատի ուրանի հարստացման՝ աշխատող ցենտրիֆուգների թիվը Մոտ 19 հազար ցենտրիֆուգներից պետք է աշխատի միայն 6 հազարը: Մինչ այժմ հարստացված ուրանի պաշարները պետք է կրճատվեն՝ դուրս հանվելով երկրից: Առաջիկա 15 տարում Իրանն իրավունք է ունենալու ուրանը հարստացնել ոչ ավելի, քան 3.76 տոկոսով, ինչը բավարար է այն էներգետիկ նպատակներով օգտագործելու համար: Ուրանի հարստացմամբ զբաղվելու է միայն Նաթանզի միջուկային կենտրոնը: Մնացած միջուկային կենտրոնները վերափոխվելու են: Այս ամենին զուգահեռ՝ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները աստիճանաբար չեղյալ են հայտարարվելու: Մինչ այդ, սակայն, պետք է վերանայվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված պատժամիջոցները: Պատժամիջոցները կարող են կրկին ուժի մեջ մտնել, եթե Թեհրանը խախտի պայմանավորվածությունները:
Ձեռք բերված համաձայնագրի հիմնական էությունն այն է, որ Վեցյակը պաշտոնապես ճանաչում է Իրանի՝ միջուկային ծրագիր զարգացնելու իրավունքը: Վերջնական շրջանակային համաձայնագիրը նախատեսվում է կնքել մինչև հունիսի 30-ը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ գործը հաջողությամբ կգնա և այս անգամ գոնե Իսրայելը տարածաշրջանում կպարտվի:
«Իհարկե, նա դեռ շատ է աղմկելու և պատճառը Իրանի միջուկային ծրագիրը չէ, բայց Իրանը դառնում է տարածաշրջանի հզոր պետությունը, եթե պատժամիջոցները դուրս են գալիս»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Լևոն Շիրինյանը նկատում է. «Հայաստանի համար կբացեն զարգացման նոր հեռանկարներ՝ արդյունաբերության, երկու գիտությունների՝ միջուկային ֆիզիկայի և քիմիայի վերկանգնման համար: Իրանը կլինի այն պետությունը, որը դեմ կլինի որևէ խաղարար ուժի առկայությանը տարածաշրջանում: Իսկ տարածաշրջանում առկա անկայունությունը Ռուսաստանի «ձեռքի գործն է»: Մենք պետք է գիշեր-ցերեկ աշխատենք, ու մեր հայացքը Եվրոպայից բերենք Իրան: Ռուսաստանին պետք է բացատրել՝ դու մեր պապան չես»:
Անի Կարապետյան