Քիչ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օդատիեզերական պաշտպանության զորքերի հետ համատեղ հաջողությամբ փորձարկվել է RS-24 «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգը: Մամուլի ծառայության ներկայացուցիչ գնդապետ Իգոր Եգորովն ասել է, որ առաջադրաքը կատարվել է ամբողջությամբ՝ առանց թերությունների: Ի դեպ նշեմ, որ RS-24 «Յարս» համակարգը համարվում են «Տոպլ-Մ» համակարգի մոդերնիզացված տարբերակը, որը մինչ այժմ առնվազն Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային համակարգերի մեջ համարվում էր լավագույնը:
Ստեղծված միջազգային իրադրության պայմաններում կարելի է ասել, որ Ռուսաստանն աշխարհին, մասնավորապես Արևմուտքին ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել իր` միջուկային պետություն լինելու փաստն ու դրա կարևորությունը: Ի վերջո, Ռուսաստանն այսօրվա դրությամբ իր գերտերության կարգավիճակը (ոմանք այս երկիրը համարում են այդպիսին, իսկ ոմանք` ոչ), ինչպես նաև ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդում մշտական ներկայացուցչի տեղը հիմնականում պահպանում է հենց միջուկային արսենալի և դրա համար օդ ու ջրի կարևորություն ունեցող սեփական արտադրության գերզարգացած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հաշվին:
Ինչպես և քիչ առաջ ասացի, սա ուղերձ է, որը հիմնականում ուղղված է Արևմուտքին: Ռուսաստանը, թերևս, սրանով ուզում է հասկացնել, որ ԱՄՆ-ն, ինչպես և իր դաշնակիցները, եթե Ռուսաստանին ներքաշեն պատերազի մեջ, ապա Ռուսաստանն այլևս ոչնչի առջև չի կանգնի: Իսկ ավելի կոնկրետ, եթե Ռուսաստանը ներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ, և դրա արդյունքում էլ հանկարծ ՆԱՏՕ-ն փորձի խառնվել թե´ ուղղակի, թե´ անուղղակի կերպով, որը որ մենք տեսել ենք վերջին տարիներին տեղի ունեցող միջազգային հակամարտությունների ժամանակ, ապա Ռուսաստանը պատրաստ է գնալ վաբանկ: Ես բնավ նկատի չունեմ, որ Մոսկվայում որևէ թեթև իրավիճակի սրման արդյունքում պատրաստ են անմիջապես կիրառել միջուկային զենք: Իհարկե, ոչ: Ի վերջո, այդ աստիճան դեռ ոչ ոք չի խելագարվել: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջուկային արսենալը Ռուսաստանի ռազմական հիմնական հենասյունն է, ապա առնվազն սպառնալ, Ռուսաստանը հաստատ կարող է: Վերջին հաշվով, եթե Ռուսաստանը ժամանակի ընթացքում սկսի զգալ իր «պարտվելու վտանգը», ապա աշխարհը կսկսի զգալ միջուկային զենքի անմիջական վտանգը: