▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկն առգրավում է քաղաքացու միակ բնակարանն ու բռնագանձում 20 հազար դրամ

ՕրագիրՆյուզ-ը գրում է․ «Ժողովրդավարության ձեռքբերումներից է սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Քաղքենիաժողովրդավարական հեղափոխությունների շրջանում, մասնավորապես՝ բոնապարտիզմի հետևորդները ամենաշատն այս գաղափարով էին տարված։ Մինչ հասարակարգային և արժեբանական այս վերափոխումները, իշխանություններն իրենց իրավունք էին վերապահում կամայականորեն առգրավել մարդկանց սեփական գույքը, նույնիսկ մարդու միակ տունը։

Սեփականության նկատմամբ վերաբերմունքը ավելի ամրապնդվեց 20-րդ դարում, երբ երկրների մեծ մասը, այդ թվում՝ ՀՀ-ն հռչակվեցին որպես սոցիալական, իրավական պետություն։ Պետության սոցիալական պատասխանատվությունը թույլ չի տալիս խլել մարդու միակ բնակարանը, նրան շպրտել փողոց։ ՀՀ կառավարությունը դեռ 2017 թվականին է որոշում ընդունել, որով սահմանվել է, որ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանը բռնագանձման ենթակա չէ։ Այնինչ՝ ՀՀ-ում գործող որոշ բանկեր Կառավարության այս որոշումը չեն հարգում։

Օրինակ՝ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ «Արդշինբանկը» Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ թաղամասի ընտանիքներից մեկի՝ Արին-Բերդի փ., 2-րդ նրբ., 108/9 տունը համարում է իր սեփականությունը, և բնակչներին դուրս է անում տնից, քանի որ վերջիններս վարկ են վերցրել «Արդշինբանկից», սակայն վճարել են միայն առաջին 2 ամիսը։ Իսկ դրանից հետո վարկը չեն մարել, ինչի հետևանքով «Արդշինբանկը» դատարան է դիմել տունը առգրավելու պահանջով: Oragir.News-ի հետ զրույցում նշված տան բնակիչները նշել են, որ բնակարանը հանդիսանում է նրանց բնակության միակ վայրը, և նրանք դեռ չգիտեն, թե ինչ պետք է անեն և ուր գնան։ Ամենազավեշտալին այն է, որ մարդկանց կեցարանից զրկող բանկը չի վարանել պատասխանողներից հօգուտ «Արդշինբանկ»-ի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 20 հազար ՀՀ դրամի չափով։ Եվ սա միակ դեպքը չէ, որ բանկերն առգրավում են անհուսալի վարկառուների միակ բնակարանը, վերջիններիս շպրտելով փողոց։

Նշենք նաև, որ օրեր առաջ Կառավարությունը մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող անհուսալի վարկառուների համար որոշում է ընդունել, որով զեղչվում են նրանց տույժ-տուգանքները և հնարավորություն է ընձեռնվում արտոնյալ պայմաններով մարել վարկը։ Եթե այս որոշումը պայմանավորված է սոցիալական պատասխանատվությամբ, ապա Կառավարությունը, հարգելով քաղաքացու սեփականության իրավունքները, կարող է համապատասխան քայլեր անել այդ իրավունքը պաշտպանելու և սոցիալական նոր խնդիրներ չառաջացնելու ուղղությամբ։

Ինչո՞ւ է սա կարևոր, և ի՞նչ կփոխվի, եթե բանկերին իրապես և բոլոր դեպքերում արգելվի առգրավել քաղաքացու միակ բնակարանը։

Քաղաքացիների միակ բնակարանն առգրավելը ոչ միայն ակնհայտ հակասություն ունի Կառավարության որոշման, սոցիալական պետության կերպարի հետ, այլև բարոյական չէ, քանի որ մարդկանց զրկում են միակ տնից, նրանց դարձնելով անտուն, հետևապես սոցիալապես ու բարոյապես խոցելի։ Տրամաբանական է, որ անտուն մարդու սոցիալական վիճակն ավելի է ծանրանում։ Նա կարող է հայտնվել ծայրահեղ աղքատ վիճակում, ստիպված խախտել օրենքը, անբարոյական արարք գործել հարկադրված։ Աներկբա է նաև այն, որ ծագած սոցիալական նոր խնդիրների բեռի մի մասը կրելու է պետությունը, և հարկատուների միջոցներ են ուղղվելու դրանց հաղթահարման ուղղությամբ։ Ենթադրելի է նաև, որ տնից զրկվածներն ու աղքատության գիրկն ընկածները կբռնեն արտագաղթի ճանապարհը։

Կա մեկ այլ հանգամանք ևս։ ՀՀ-ն մտադիր է ավելի մերձենալ Եվրամիությանը, որտեղ բարձր է կյանքի որակը, ցածր աղքատության մակարդակը։ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին սահմանափակվելու է նաև ՀՀ-ից ներգաղթյալների հոսքը։ Այսինքն՝ բանկերի այս անմարդկային վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, վերջիններիս աղքատության մատնելն ու արտագաղթի դրդելն ուղղակի հակասում է նաև ՀՀ-ի ընտրած այս ուղեգծին։

Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ական կառավարությունը, որը պայքար է հռչակել աղքատության և արտագաղթի դեմ, բանկերին ոչ մի դեպքում թույլ չտա խլել քաղաքացիների միակ բնակարանը վարկային պարտականությունների չկատարման դիմաց։

Այսպիսի քաղաքական որոշումը քաղաքակրթական բեկումնային նշանակություն կունենա։ Օրինակ՝ Ք.Ա. 6-րդ դարում Աթենքի արքոնտ Սոլոնը արգելեց պարտային ստրկությունը։ Մինչ այդ վաշխառուների վարկը չմարած մարդը դատապարտվում էր պարտային ստրկության։ Ստրուկների մեծ մասը այդ կարգավիճակում էր հայտնվում վարկային պարտավարությունը չկատարելու պատճառով։ Ժամանակի ընթացքում մյուս երկրները հետևեցին Աթենքի օրինակին, և աշխարհում պարտային ստրկությունը, հետագայում նաև ստրկությունն ընդհանրապես վերացավ։ Այս փոփոխությունն էապես նպաստել է մարդկության առաջընթացին։ Եվ այս համեմատությամբ կարելի է ենթադրել, որ սեփականության իրավունքի նկատմամբ վարկատուների ոտնձգությունները սահմանափակելը ևս դրական անդրադարձ կունենա մարդկության քաղաքակրթական առաջընթացի վրա։

Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն իրոք սոցիալական քաղաքականություն է վարում, մտածում է հարկատուների միջոցներն արդյունավետ տնօրինելու, արտագաղթի տեմպերը կրճատելու մասին, ապա պարտապան-քաղաքացու միակ բնակարանն առգրավելը պետք է արգելվի բոլոր դեպքերում։ Այս պարագայում Հայաստանը նաև էապես առաջ կանցնի բազմաթիվ երկրներից, ու չի բացառվում, որ մյուս երկրները կհետևեն Հայաստանի օրինակին, ու կբարձրանա համընդհանուր բարեկեցության, սոցիալական ապահովության և երջանկության մակարդակն աշխարհում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին