▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ՝ «Կոշ» ՔԿՀ-ի պետի դեմ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիս Ստեփանյանի նկատմամբ դատապարտյալներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ «Կոշ» քրեկատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառքի գործի բացահայտումը, ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից  հետո նրանցից մեկը մահացել է: Ըստ ՔԿՀ-ում պտտվող խոսակցությունների՝ դատապարտյալը մահացել է ծեծի հետեւանքով, սակայն պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է վայր ընկնելու հետեւանքով: Դատաբժշկական եզրակացության համաձայն եւս դատապարտյալի մահը վրա է հասել վայր ընկնելու հետեւանքով:

Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները զբաղված են եղել մահացած դատապարտյալի գործը քննելով, մեկ այլ աղմկալի պատմության հետ են բախվել: Պարզվում է՝ մահացածի գործով քննության ընթացքում քննիչները բացահայտել են, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար, որպես կաշառք, ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալներից մեկը ցուցմունք է տվել «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ՝ հայտնելով, որ վերջինս դատապարտյալներից ամսական 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել՝ ՔԿՀ-ում նրանց արտոնություն տալու համար: Այս գործն անջատվել է մահվան առիթով հարուցված քրգործից եւ ուղարկվել ՀՔԾ:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «ԿՈՇ»  ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի հետ:

-Պարո՛ն Ստեփանյան, Ձեր դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալներից շատերը Ձեզ ամեն ամիս 2 միլիոն դրամ են տվել, որ իրենց արտոնյալ զգան ՔԿՀ-ում:

-Ի՞նչ, 2 միլիո՞ն, ես տեղյակ չեմ: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Օրերս ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց, որ առանձնահատուկ իմ դեմ չի, այլ առանձին պաշտոնատար անձանց:

-Վստա՞հ եք, որ կաշառք վերցնելու գործի մեջ Դուք չկաք:

-Ի՞նչ եք ուզում ինձանից, առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինչ կա կայքում, դա գիտեմ:

-Դատապարտյալները Ձեր անուն են տվել:

-Տեղյակ չեմ, որ իմ անունն են տվել: Գրված է մի խումբ անձանց կողմից, չգիտեմ՝ իմ անունը այդ մի խումբ անձանց մեջ շոշափվում է, թե ոչ: Ծառայողական քննություն են անում, կքննեն, կպարզեն, խնդիր չի:

-Ձեզ հատուկ քննչական ծառայություն չե՞ն կանչել:

-Դեռ ոչ:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին