▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչներն ապօրինի են գործել.«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում սպանված 33-ամյա Արման Մանուկյանի գործով անցնող երեխայի ծնողները պատրաստվում են դիմում-բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ 2014թ-ին Արման Մանուկյանին սպանել էին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Գործով կալանավորված են Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, որը եղել է կրակողը, ու Սարգիս Գալստյանը (Ապեր): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանն ասել էր, որ իր եղբոր սպանության պատճառը Սոթքի ոսկու հանքանյութի շուրջ բարեկամների միջեւ առաջացած տարաձայնությունն է եղել: Այսինքն` հարազատները ոսկու հանք մտնելու եւ ապօրինի ձեւով ոսկի հանելու համար բազմիցս ծեծել ու կրակել են իրար:

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմել էին, որ Սարգիսին կալանավորել են Վարդենիս քաղաքի մի երեխայի խոսքի հիման վրա. «Այդ երեխան ընդամենը ոստիկաններին ասել էր, որ կռիվ է եղել, եւ կռվի ժամանակ տեսել է ընդամենը «Մերսեդես» մեքենա»:

Ըստ հարազատների՝ այս հանգամանքն էլ, ինչպես նաեւ սպանված Արման Մանուկյանի հարազատների խոսքն էլ հաշվի առնելով՝ Սարգիս Գալստյանին կալանավորել են. «Բայց որեւէ ապացույց չկա, որ Սարգիսը կապ ունի այս դեպքի հետ, կամ, առհասարակ, սպանություն կատարողը եղել է Սարգիսի մեքենայով»:

«Ժողովուրդ»-ը պարզեց, թե ով է անչափահաս տղան, որ տեսել է վեճն ու կրակոցը: Վարդենիս քաղաքի բնակիչ Մարիամը, որը Արման Մանուկյանի սպանության գործով վկա 11-ամյա Արա Գրիգորյանի մայրն է, մեզ հայտնեց, որ իր երեխան չի ճանաչում Սարգիս Գալստյանին. «Իմ խնդիրն այսօր մեկն է՝ ինչու են քննիչները գնացել դպրոց եւ առանց իմ իմացության իմ անչափահաս երեխային հարցաքննել եւ այն էլ պատմության ուսուցչուհու ներկայությամբ: Ո՞վ է նրանց այդ իրավասությունը տվել: Ես պատրաստվում եմ այս խնդրի մասին նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել իմ դժգոհությունը»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ անչափահաս Արայի հետ, ով պատմեց, որ քննիչները հարցրել են, թե որտեղ է եղել կռիվը, եւ ինչ մեքենա է տեսել. «Ասի՝ կռիվը եղել է ստոլբի մոտ, ու երկու մեքենա էին՝ մեկը նիվա, մեկը մերսեդես: Էլ մարդու չեմ ճանաչում ու չգիտեմ, ու վերջ»:

Արայի մայրը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ տղային վախեցրել են, որ գրի այն, ինչ իրենց է պետք:

Այսպիսով՝ մի երեխայի ցուցմունքի հիման վրա, որտեղ նա ասում է, որ «Մերսեդես» է տեսել, Սարգիս Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել: Այնպիսի տպավորություն է, որ այդ մակնիշի ավտոմեքենա այս աշխարհում միայն Սարգիսն ունի, ու հենց նրան էլ կալանավորել են՝ չունենալով որեւէ ծանրակշիռ ապացույց: Ի դեպ, կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատները եւս պատրաստվում են նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին