Հայաստանից դուրս գտնվող հնագույն հայկական գյուղը՝ Քեսաբը, որն իր յուրօրինակ հայկական դիմագծով ու հարուստ ավանդույթներով է հայտնի աշխարհին, այս օրերին հոգեվարքի մեջ է:
Մարտի 21-ի վաղ առավոտից զինված խմբավորումներն անցել են սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Տեղի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է Լաթաքիա:
Շատերը տարակուսանքի մեջ են, որ փաստորեն Թուրքիան բացահայտ շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին օժանդակելով ու զենք տրամադրելով հայկական բնակավայրի վրա հարձակվող զինված խմբավորումներին:
Սակայն առավել զարմանալի էր Հայաստանի ու հայաստանցիների լռությունը... ՀՀ ԱԳՆ-ն այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չի արել: Այս պահի դրությամբ Հայաստանը դեռ լռում է, թեպետ համացանցում առանձին օգտատերեր իրենց բողոքն են արտահայտում:
Դանիայում ապրող մեր հայրենակից, ՏՏ ոլորտի մասնագետ Վիգեն Աբաջեանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ խնդրին՝ կիսելով իր մտահոգությունները: Անդրադառնալով Քեսաբի դեպքերի շուրջ անտարբերությանը, մեր զրուցակիցը նշեց.
«Քեսաբի մասին լռում են, մինչդեռ Եվրատեսիլի համար «մահապարտ» են դարձել ու կուրծք են ծեծում: Որն է կարևոր Ձեզ համար` սիրիա-թուրքական սահմանի հայկական «կղզյա՞կի» ճակատագիրը, թե՞ «ֆիքստուլությունը», Քեսապի հայաթափման մասին աշխարհին պատմե՞լը, թե «1.000.000-անոց տեսահոլովակի տիպիկ հայկական պրոմոն»...Ի՞նչ եք ուզում ապացուցել...Հետաքրքիր է՝ երբևէ որևէ մեկը փորձե՞լ է մտածել, վերլուծել, թե ինչու են վիրտուալ քվեարկությունում Հայաստանն ու Ադրբեջանը կիսում առաջին և երկրորդ հորիզոնականները, ինչու են միայն Հայաստանում և Ադրբեջանում կուրծք ծեծում յութուբյան դիտումների համար: Երբ ենք վերջապես վիրտուալ հերոսությանը վերջ տալու: Կամ ` երբ եք վերջապես ձեր վիրտուալ «ֆիքստուլությունն» այնպես անելու, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք...Իսկ ամենակարևոր հարցերում` կոնկրետ Քեսաբի դեպքում, վախկոտի պես լռեք`քանի հանձնարարություն չունեք...Անհակասնալի ու անտրամաբանական է այս հակադրությունը՝ մի կողմից հորթային հրճվանքն ու հանցավոր լռությունը»:
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այս պահին իրական հերոսները, ովքեր օտար երկրում կարողացել են պահպանել հայկական ավանդույթները և հայ մնալ, այսօր իրական վտանգի առաջ են, հեռանում են իրենց բնակավայրերից: Վիգեն Աբաջեանի խոսքով՝ փաստորեն զրկվում ենք Ցեղասպանության իրողությունն ապացուցող ևս մեկ փաստից:
Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, նա նշեց, որ չի ցանկանում շատ խոսել այդ թեմայով, քանի որ մեծ հարգանք ունի Արամ MP3-ի նկատմամբ, բայց անընդունելի է համարում նաև որոշ շրջանակների կոշտ արձագանքը նրանց, ովքեր հանկարծ փորձում են այլ կարծիք հայտնել նրա եվրատեսիլյան երգի մասին: Վիգեն Աբաջեանի խոսքով, ինքը ու շատերը նկատել են, որ Արամ MP3-ի PR-ն իրակնացնող որոշ շրջանակներ վերջին շրջանում բավական ագրեսիվ վարքագիծ են դրսևորում բացասական կարծիքի հեղինակների նկատմամբ: Իսկ նրանց գրառումերն ակտիվորեն տարածվում են որոշ լրատվամիջոցներում:
Ի դեպ՝ մեր զրուցակիցը նշեց, որ համացանցում օտարերկրացի օգտատերերն արդեն իրենց տարակուսանքը, զարմանքն ու նաև զվարճանքն են հայտնում Եվրատեսիլի շուրջ հայ-ադրբեջանական վերարթնացած վիրտուալ պատերազմի մասին: