▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ լումա է Մոսկվայի միջամտության գինը. Տեր-Պետրոսյանը մնում է իր ընկալումների գերին.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Բոլոր նրանց, ովքեր իրականում զարմացել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից. չե՞ք կարծում, որ հենց առաջին օրերին ՀՀ առաջին նախագահը ոչ միայն պետք է Սերժ Սարգսյանի հետ հանդիպեր, այլեւ պետք է հրավիրեր մամլո ասուլիս (իսկ նրա ասուլիսը միանգամից կհայտնվեր համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում) եւ բացատրեր՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ու ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Լիուլի օրինակներ կարող էր բերել Ալիեւների ընտանիքի հետ իր շփումներից եւ մեկնաբաներ իր նախագահության ընթացքում կնքված զինադադարը:

Ո՞վ, եթե ոչ նա (երբ սպանվել է սպարապետ Վազգեն Սարգսյանը), պիտի մանրամասներ, թե ինչ երաշխիքներ էին տալիս Ռուսաստանն ու Ղազախստանը ու համեմատեր նրանց հետագա վարքագիծը: Պատմական գիտելիքների հարուստ զինանոցից էլ մեջտեղ բերեր, թե Թուրքիան իրեն ինչպես է պահել ու ինչ կարող է անել հիմա: Չարեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը գերադասեց Սերժ Սարգսյանին հանդիպել, որ ավելի խելամիտ ու զգուշավոր քայլ է՝ բնորոշ նրա պրագմատիկ մտածողությանը:

Գերպրագմատիզմն այս անգամ առաջին նախագահին իսպառ դավաճանել է, նա շարունակում է իրականությունը տեսնել հաստատված կարծրատիպերի սահմաններում միայն եւ շարունակում է համարել, որ եթե հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումներ: Հազիվ թե առաջին նախագահը չգիտի, որ Ռուսաստանը ոչ միայն ի վիճակի է թույլ չտալ, այլեւ ի վիճակի է կազմակերպել, իսկ եթե այդ մասին լռում է, ուրեմն շարունակում է կաշկանդված մնալ իր գործողությունների մեջ ու քաղաքական ապագա հաշվարկներում առաջնորդվում է ոչ թե ազգային, այլ քաղաքական շահերով:

Նա արձանագրում է, որ զինադադարը մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում, առանց քննարկելու՝ լա՞վ, թե՞ վատ է դա՝ հաշվի առնելով ապրիլյան զարգացումները։ Երբ Ռուսաստանը պիտի սպասի, որ Բաքուն հասնի Ստեփանակերտ եւ միջամտի միայն այն դեպքում, երբ հայերն են գրոհում, քանի՞ լումա է Մոսկվայի միջամտության գինը:

Երբ Բաքվին մինչեւ ատամները պիտի զինի, Երեւանին նույնիսկ 200 միլիոն վարկով հասանելիքը չտա, դրակա՞ն, թե՞ բացասական է լինելու հայերի համար Մոսկվայի դերի մեծացումը բանակցություններում:

Հավելեք, որ երրորդ տարին է՝ Մոսկվան Ադրբեջանին փորձում է ԵՏՄ տանել, որ Բաքվի նավթն ու գազը Եվրոպա կամ չհասնեն, կամ հասնեն Ռուսաստանի միջով, իսկ Բաքուն գինը վաղուց է ասել՝ Ղարաբաղը:

Եվ՝ վերջապես ով-ով, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ պիտի հասկանար, որ ոչ միայն «պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ» վճիռներն են վտանգավոր, այլեւ վճիռները հետաձգելը, ուշացնելը կամ չընդունելն ու ապավինելը իրադարձությունների զարգացմանը, ինչով Հայաստանը զբաղվել է այսքան ժամանակ՝ հույսը դրած կամ պատմական արդարության, կամ ռազմավարական դաշնակցի, կամ բախտը բերելու վրա:

Նրա հարցազրույցը սքանչելի ուղերձ է բոլորիս 20-րդ դարից՝ այն ժամանակվա մտածողության, գնահատականների ու գործողությունների, հնարավոր չէ պատմության 25 տարին դեն նետել ու ապրել կաղապարված-կաշկանդված: Ինչպես առաջին նախագահն էր ասում իր լավագույն օրերին՝ չկան հավերժական դաշնակիցներ, կան հավերժական շահեր: Իսկ հավերժական շահերը 21-րդ դարում, ինչպես բոլոր դարերում, պահանջում են ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ, որոնք արդյունք են տալու, ոչ թե թղթի վրայի պայմանագրերով ու փակ աչքերով միջազգային ասպարեզ նետվել ու ըմբռնում ակնկալել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը դա ոչ թե չգիտի, այլ չի ընդունում. նա մնում է պատմության իր ընկալումների գերին, նաեւ հիշողությունների, ով-ով, ինքը լավ գիտի, որ իր հրաժարականի գլխավոր պատճառը Կրեմլն էր ու Կրեմլի տեր Բորիս Ելցինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին