▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի հսկողության տակ.«Ժողովուրդ»

Աշխատանքային այցով Երեւանում գտվող ՌԴ-ի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությունը կիրակի այցելել է նաեւ Գյումրի, որտեղ մասնավոր հարգանքի տուրքի այցելություն է կատարել հունվարի 12-ի ոճրագործությանը զոհ գնացած Ավետիսյանների շիրիմներին եւ նշել, որ խորապես սգում է ու կիսում գյումրեցիների եւ սպանդի ենթարկված ընտանիքի հարազատների վիշտը:

«Սա մի ողբերգություն է, որը մինչ օրս չենք կարողանում լիարժեք գիտակցել»,-նշել է Լ. Սլուցկին եւ անդրադարձել գործի նախաքննության արդյունքներին: Դատավարությունը,  ըստ նրա, կընթանա ռուսական 102-րդ ռազմական բազայում: Այս պահին Պերմյակովը գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատում է հայ-ռուսական քննչական համատեղ խումբը, ստեղծվել է նաեւ միջխորհրդարանական խումբ, որն ամենայն ուշադրությամբ հետեւում է ընթացող աշխատանքներին: «Այստեղ անգամ մանրադիտակային բացթողում չպետք է լինի»,-ասել  է Սլուցկին: Իսկ պատվիրակության անդամ ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւն էլ հայտարարել է. «Այս գործը գտնվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական հսկողության ներքո, 3 օրը մեկ նախաքննական մարմինը հաղորդում է ձեռք բերված ինֆորմացիան»:

Թեեւ Գյումրու սպանդից անցել է 2.5 ամիս, սակայն հասարակությանը հստակ տեղեկատվություն չի հաղորդվում նախաքննության արդյունքների մասին: Սա նաեւ պարբերաբար բարձրաձայնում են սպանվածների իրավահաջորդները: Տեղեկատվական այս ակնհայտ թերացման մասին ռուս պատգամավորներին տեղյակ է պահել նաեւ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, սակայն պատվիրակության ղեկավար Լ. Սլուցկին վստահեցրել է, որ տեղեկատվական վակուումի մասին խոսք լինել  չի կարող` պարզաբանելով, որ այժմ հարուցվել են 4 այլ քրեական գործեր, որոնք փոխկապակցված են այս գործին: Դրանց շրջանակներում  իրականացվել է 19 փորձաքննություն, հարցաքննվել է 4000 անձ, ռուսական զինված ուժերում տեղի են ունեցել մի շարք լուրջ պաշտոնանկություններ, ներառյալ նաեւ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Սլուցկու տեղեկացմամբ` նոր հրամանատարն այսօր կժամանի Հայաստան: Նա նաեւ նկատել է, որ թեեւ բոլոր հիմքերը կային դատավարությունն իրականացնելու ՌԴ-ում, սակայն հայկական կողմից եղել է խնդրանք դա անել Հայաստանի տարածքում, ինչին իրենք ընդառաջել են: Այդուհանդերձ, դատավարությունը կիրականացվի ռուսական ռազմական տրիբունալի կողմից՝ ռուսական օրենքների համաձայն: Օ. Լեբեդեւն էլ նշել է, որ ապրիլի 23-ից 24-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանող Վ.Պուտինը, բացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուց, նաեւ Ավետիսյանների սպանության հետ կապված հարցերը կքննարկի: Իսկ մինչ այդ Հայաստանում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որի պաշտոնական այցի շրջանակներում եւս կքննարկվեն Գյումրու սպանդի հետ կապված շատ հարցեր: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին