▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանն ինչ-որ իմաստով փրկեց նաեւ իշխանությանը. «168 ժամ»

«Ազգային ժողովը երեկ մերժել է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությունը: Փոստանջյանը դրանով առաջարկում էր, որպեսզի խորհրդարանը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը դատապարտող եւ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու մասին հայտարարություն ընդունի: Նախագիծը մերժվել է իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի ջանքերով. ՀՀԿ-ականներն ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը:

Խորհրդարանական մյուս ուժերը թեեւ վերապահումներ են ունեցել հայտարարության նախագծի տեքստի հետ կապված, սակայն կողմ են քվեարկել այն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելուն՝ քննարկումների միջոցով համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

Հասկանալի է, որ խնդիրը ոչ այնքան բուն հայտարարության տեքստն է, որքան փաստը, որ ԱԺ-ում կարող էր Գյումրիի սպանդի ու դրա հետեւանքների վերաբերյալ քննարկում ծավալվել: Ակնհայտ է, որ այդ քննարկումների ընթացքում արդարացիորեն հնչելու էին հակառուսական հայտարարություններ, քանի որ գոնե մինչեւ այս պահը ռուսական կողմի գործողություններն ուղղված են սպանությունը պարտակելուն: Իսկ Հայաստանի իշխանությունը դա չէր կարող թույլ տալ: Առավել եւս՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո, որը վերածվել էր հակառուսական հայտարարությունների ամբիոնի:

Դրանից հետո Պերմյակովի հարցով ԱԺ-ում քննարկումները կարող էին արժանանալ ռուսական կողմի, մեղմ ասած, դժգոհությանը, ինչը, հասկանալի է, Հայաստանի իշխանության համար անթույլատրելի է: Դրա համար էլ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը մերժվեց:

Բայց կա նաեւ հարցի հակառակ կողմը: Ակամայից՝ այս նախաձեռնությամբ ու այն մերժելու հնարավորությամբ, Փոստանջյանն ինչ-որ իմաստով փրկեց նաեւ իշխանությանը, որը Հայաստանի ու հայ հասարակության համար այդչափ զգայուն հարցի մերժումը ռուսական կողմին կարող է ներկայացնել՝ որպես հավատարմության հերթական դրսեւորում: Հասկանալի է, որ առնվազն մարդկայնորեն բոլոր ՀՀԿ-ականներն էլ կողմ են, որ Պերմյակովն օր առաջ փոխանցվի հայկական կողմին, ինչը, սակայն, իշխանությունը չի կարող անել: Բայց կողմ լինելով մարդկայնորեն՝ նրանք իրականում ընդդիմանում են դրան քաղաքականապես՝ ռուսներին ավելորդ անգամ չնեղացնելու համար:

Իսկ դա ռուսները գուցեեւ հասկանան եւ համարեն Հայաստանում «Եվրանեսթի» խորհրդաժողովի անցկացման «հաշիվը», որը ՀՀԿ-ն վճարել է՝ չմասնակցելով քվեարկությանը»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին