-Ես սովի, ցրտի, պատերազմի ու զրկանքների հաղթանակած վկան եմ, - անկեղծանում է Գերմանիայում մեծ համբավ վայելող մեր հայրենակցուհի Հրաչուհի Բասենցը
Լուսանկարը` Լյուդվիդ Օլահի
Երգչուհի Հրաչուհի Բասենցն այն քիչ հայերից է, ով, հեռանալով հայրենիքից, հաստատվում և կարճ ժամանակում մասնագիտական մեծ նվաճումներին է հասնում արտերկրում: Վերջերս Իտալիայի Բուսետո քաղաքում՝ Վերդիի ծննդավայրում կայացած <<51° Վերդիի Ձայներ>> միջազգային մրցույթում երգչուհին արժանացավ 2-րդ մրցանակին, որը շնորհվեց աշխարհահռչակ բարիտոն Լեո Նուչչիի կողմից: 2011 թվականին նա Բավարիայի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշի կողմից պարգևատրվել է Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցանակով` իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների հասնելու համար, 2006-ին 6-ամսյա աշխատանքից հետո արժանացել Նորդ-Ռայն Վեսթֆալենի Գելզենքիրխեն քաղաքի թատրոնի մրցանակին:
Այժմ Հրաչուհին Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական Օպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից է:
Նախ շնորհավորում ենք երգչուհուն իր բազում հաջողությունների կապակցությամբ և այսօր` հուլիսի 30-ին իր տարեդարձի առթիվ և խնդրում անձամբ հայացք նետել իր կյանքին ու անկաշկանդ պատասխանել մեր հարցերին.
- Նախ` ինչո՞ւ Բասենց: Մեր նամակագրության շնորհիվ ինձ պարզ դարձավ, որ Դուք Հրաչուհի Խումարյանն եք:
- Ինձ համար կարևոր թեմա է դա, որովհետև հայրս, լինելով ֆիզիկոս և Արցախյան ազատամարտի կամավորականներից ու հետագայում էլ մնալով և ծառայելով հայկական բանակին որպես կապիտան վաղեմի մի երազանքն ուներ` երբևէ կարիերա սկսելուց առաջ որպես բեմական անուն վերցնել մեր նախնիների ծննդավայրի՝ Բասեն գավառի անունը, որը հետագայում նաև պիտի ճիշտ ընտրություն լիներ մեր անունները դժվարությամբ արտասանող եվրոպացիների համար:
- Հրաչուհի, Դուք 1996-2003 թվականներին Կոնսերվատորիայում սովորելուց և Հայաստանում տարբեր փառատոններում ու մրցույթներում դափնեկրի կոչումը կրելուց, Հյուսիսային Կորեայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Թուրքիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում համերգներով հանդես գալուց հետո տեղափոխվում և 2006-ից բնակություն եք հաստատում Գերմանիայում: Ինչո՞ւ թողեցիք Հայաստանը կամ ինչպիսի՞ն է “արտագաղթի Ձեր պատմությունը”:
- Նախ մի փոքր ճշտում` Հայաստանը չեմ թողել, այլ մասնագիտական առումով այսօր ապրում և ստեղծագործում եմ արտերկրում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո հնարավորություն ընձեռվեց մասնակցել Վիենայում անցկացվող Միջազգային Հանս Գաբոր Բելվեդեր երգի մրցույթի նախնական լսումներին, որը տեղի ունեցավ Երևանում: Ընտրվեցի, մասնակցեցի...ցավոք տեղ չզբաղեցրի, սակայն ստացա մի քանի համերգի և օպերային թատրոններից հրավերքներ, այդ թվում Գելզենքիրխենից, որն ավելի նախընտրելի էր պայմանագրի առումով:
Բացի այդ արվեստը ազգություն չի ճանաչում՝ հատկապես Եվրոպայում, այն հակառակը` միաբանում, կրթում, բարիացնում է մարդուն, մաքրում, բժշկում է նրան: Դա մի տիեզերական հարթության վրա անհատներին հանգուցող աստվածային երևույթ է, որտեղ չես կարող առանձնացնել ո՛չ ազգություն, ո՛չ մաշկի գույն և ո՛չ էլ սոցիալական կարգավիճակ:
Այսպիսով` արտերկրում եմ, որովհետև ինձ այսօր այստեղ եմ կարողանում ռեալիզացնել:
- Սկսած Ձեր պաշտոնական կայքէջից մինչև հաղորդավարական խոսքերում Ձեզ ներկայացնելը հսկայածավալ գովազդներ են Հայաստանի համար: Դուք ներկայացնում եք Հայաստանը աշխարհում, քանի որ թերևս ամեն անգամ Ձեր ծագումն ու ազգությունը Ձեր անվան հետ մեկտեղ հնչում է: Ինչպե՞ս են ընկալում Ձեզ կամ Ձեր միջոցով մեզ ու մեր ազգը եվրոպացիները, մասնավորապես` գերմանացիները:
- Ինձ համար մեծագույն պատիվ է լինել հայ և հայ երգչուհի՝ խորապես գիտակցելով, թե ինչ մեծ պատմական ժառանգության տեր եմ և ամբողջ ներուժը, որ ունեմ որպես երգչուհի, ժառանգել եմ իմ հայրենի հողից ու ջրից, իմ արմատներից: Եվրոպացիների կողմից բազմիցս նշվում է հայկական ձայների գունեղության, տաք հնչողության առանձնահատկության մասին, ինչպես նաև հայ տեսակի մասին, որը բացարձակ տարբերվում է մարդկային մյուս տեսակներից՝ իր հյուրասիրությամբ, անսահման բարությամբ, ընկերասիրությամբ և նվիրվածությամբ, ընտանեկան բարձրագույն արժեքների գնահատմամբ և օջախի պահպանմամբ:
- Հայաստանի մասին գիտե՞ն գերմանացիները: Եւ եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ ու պատկերացնումներ ունեն հայ տեսակի ու Հայաստան երկրի մասին:
- Շատ տեղեկացված չեն կամ միայն նրանք, ովքեր որոշ ոլորտներում համագործակցում են հայերի հետ կամ ունեն ասենք, օրինակ՝ ինձ նման հայ ընկերներ, ովքեր սիրահարվածի պես, որտեղ նստում Հայաստանի գովքն է անում :) Դա է պատճառը նաև, որ պատասխանատվություն եմ կրում հնարավորինս շատ ներկայացնել հայ մշակույթը արտասահմանյան հանդիսատեսին: Դրա վառ ապացույցն էր 2011 թվականին Նյուրնբերգի ամենամյա մոտ 100.000-անոց Դասական Բացօթյա Համերգին հայ կոմպոզիտորների չքնաղագույն ստեղծագործությունները երգելը, հայկական անունները և պատմությունը հնչեցնելը իրենց հանրաճանաչ հաղորդավարների շրթունքներով: Չմոռանամ ասել, որ ստեղծագործությունները Նյուրնբերգի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարվում էին առաջին անգամ: Իսկ այն հարցին, թե ինչ պատկերացնումներ ունեն հայ տեսակի ու Հայաստան երկրի մասին, ինչպես արդեն վերոհնչյալ հատվածում ասեցի, մեր միջոցով (մեր` ի նկատի ունեմ արվեստի գործիչների, գիտական աշխատողների և այլն) շատ դրական պատկերացում են կազմում, բայց ընդհանրապես Հայաստան երկրից ցավոք շատ քչերն են տեղեկացված, ավելի ճիշտ` շատ-շատերը թերի, թյուր կարծիք ունեն, ճիշտ կլինի ասել` դեզինֆորմացված են: Դա ապատեղեկացվածության մեծ խնդիր է և համարում եմ միայն մեր կողմի բացթողումը:
- Ինտերնետում կարելի է գտնել ձայնագրություններ, որտեղ Դուք հայերեն եք երգում: Ինչո՞ւ Ձեր հայերեն երգացանկը` ի տարբերություն միջազգայինի, Ձեր կայքէջում տեդադրված չէ:
- Ճիշտ եք, .սակայն այդ ձայնագրությունները արված են սիրողական մակարդակով, շատերն էլ ինձ չեն պատկանում և դրանց հեղինակային իրավունքը ես չունեմ: Մշտապես խտասկավառակ ձայնագրելու առաջարկներ են լինում, կարծում եմ` դա խոսում է պահանջարկի մասին, արդեն պետք է զբաղվել այդ հարցով: Իմ կայքէջը գոյություն ունի 1 տարուց ավելի քիչ, հետագայում կտեղադրվեն նաև հայկական երգացանկից ձայնագրություններ, որոնք կհամապատասխանեն կայքէջին:
- 34 տարեկան եք, գերմանական մամուլը Ձեզ որպես „տեսքի ու ձայնի չքնաղությունների“ մարմնացում է ներկայացնում: Դուք ամուսնացած եք ու համաշխարհային մակարդակի կարիերա եք ձեռնարկել: Ի՞նչն է պակասում Ձեզ կյանքում, ինչի կարիքն եք զգում:
- Ես մեծացել եմ արվեստասերների ընտանիքում, ովքեր ինձ միշտ խրախուսել և մեծ ներդրում են ունեցել իմ հետագա զարգացման համար: Շատ շնորհակալ եմ ծնողներիս իրենց բազմաթիվ զոհերի համար: Ես Հայաստանի ծանր ժամանակների պտուղ եմ, մթի ու սովի, ցրտի, պատերազմի ու զրկանքների հաղթանակած վկան… Դժվար չէ պատկերացնել` ինչ պետք է արժենար իմ ծնողներին տանը երգչուհի ունենալը և նրա բեմելները ապահովելը:
Երջանիկ եմ ու Աստծուց անչափ շնորհակալ իմ հրաշալի ընտանիքի համար՝ մայրս` Ամալյա Բաբլոյանը, այժմ <<Վանուշ>> պարային համույթի պարուհի է, նաև ունի շատ գեղեցիկ ձայն, որով հիացրել է հարազատներին և ընկերներին ժողովրդական երգերի իր չքնաղ կատարումներով, ումից էլ ժառանգել եմ սերը դեպի արվեստը: Ամուսնինս՝ հայ հանրությանը լավ ծանոթ բարիտոն Գոռ Հարությունյանն ինձ ևս աջակցում է, մենք այժմ միասին աշխատում ենք նույն թատրոնում, եղբայրս էլ վերջերս ավարտեց Շտուտգարտի Ջոն Քրանքոյի անվան Եվրոպայի լավագույն բալետ ակադեմիան և 9-ամյա որդիս, ով նվագում է դաշնամուր, երգում է մեր թատրոնի մանկական երգչախմբում և շատ հաճախ մեզ հետ բեմ բարձրանում: Քանի դեռ նա փոքր էր պատասխանատվության զգացումս թույլ չէր տալիս իրեն թողած իմ կարիերայով զբաղվել: Այսօր այլևս չունեմ այդ դժվարությունները, լուրջ կարիերա սկսելու համար կան բոլոր նախադրյալները՝ հատկապես ընտանիքիս աջակցությունը, կարող եմ ասել` ոգևորված ու հանգիստ եմ, աշխատանքային առօրյան կազմակերպելու վտավախություններ չունեմ: Պարզապես ավելի մեծ բարձունքների համար հարկավոր է համագործակցել ավելի լուրջ երաժշտական ագենտների կամ մենեջերների հետ:
- Հայաստանը և այնտեղ ապրող հայերը բազում կարիքներ ունեն: Դուք փորձում եք նաև Ձեր համերգներով սոցիալական ծրագրերի աջակցել Հայաստանում և այլն: Բազմիցս նշվում է, որ Դուք ամուր կապերով կապված եք Հայաստանին: Ինչպե՞ս է դրսևորում այդ “կապը”:
- 2006 թվականից միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել հայ համայնքների կազմակերպած տարբեր համերգներին, մշակութային ծրագրերին` Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ), Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) կազմակերպած միջոցառումներին: Մասնակցել եմ Քյոլնի եկեղեցում տեղի ունեցած Զատկի Մեծ պատարագին, Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներին (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ), 100 համերգ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, «Հայկական մշակույթի օրեր» միջոցառումներին Շտուտգարտում:
2012-ին Նյունբերգի քաղաքապետարանի կողմից ընտրվեցի Քրիստքինդի հետ մեկնելու Բրյուսել` ամանօրյա երաժշտական բարև փոխանցելու Եվրախորհրդարանում Բավարիան ներկայացնող հարյուրավոր բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Անգամ այնտեղ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծաքործություններ և ներկայացվեց Հայաստանը:
Կուզենամ հիշատակել նաև 2011 թվականին Էռլանգեն քաղաքի <<Հայաստան>> բարեգործական կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերի (Hayastan e.V. Erlangen, Verein der Freundinnen und Freunde, Foerderinnen und Foerderer Armeniens), Հոյշտատ ան դեր Այշ քաղաքում գտնվող Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության <<Հայաստանի օգնություն>> բաժնի ղեկավակար – համակարգող դոկտոր Մարգարետե Վալխերի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-համերգին, որտեղ ներկայացվեցին Արչի Գալենցի կտավները և իմ կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Այս համերգի դրական արձագանքները նպաստեցին նրան, որ 2012-ի աշնանը Էռլանգենի « Հեռց Յեզու» (Herz Jesu) կաթոլիկ եկեղեցում կազմակերպվեց ևս մեկ ավելի մեծ բարեգործական համերգ՝ իմ, բարիտոն Գոռ Հարությունյանի և տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Տեր-Տաճատյանի մասնակցությամբ, որի հասույթը օգտագործվեց Վանաձորի մանկատան կարիքները հոգալու համար:
Պլանավորված են և պլանավորվում են համերգներ «Հայկական երգի երեկո» և «Հայկական օրեր» Նյուրնբերգի թատրոնում և Յենա քաղաքում պետական մասշտաբով: Այժմ ունեմ երկու երազանք` հայկական օպերաները հնչեցնել արտերկրում և ձայնս ծառայեցնել Հայաստանի ծնողազուրկ, կարիքավոր երեխաների կարիքները հոգալուն: Ամեն մարդ մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս. կարծում եմ` դա է իմը, քանի որ ես մեծ բավականություն եմ ստանում երեխաներին օգնելով:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի ամեն մի հայ մարդ, որ մեր երկրում կենսապայմաններն ավելի բարեկեցիկ դառնան, որ փոքրիկ Հայաստանում մարդիկ սիրով և երջանիկ ապրեն, որ արդարություն և ապահովվածություն տիրի երկրում:
- Նախ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի: Ինչպես ասեցիք, փոքրիկ Հայաստանը ըստ իս` այնքան էլ դժվար չէ դրախտավայր դարձնել: Մեր ազգը շատ տաղանդավոր է և հնարամիտ, քարից հաց քամող, ոչնչից ինչ-որ բան ստեղծող…
Իմ խորը համոզմամբ` սերը, սրտացավությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, օրինապահ հասարակությունը, առողջ քննադատությունը, չարախոսության բացառումը, աշխատանքի մեջ հարազատ-բարեկամ-քավոր-սանիկ-ընկեր և այլն չճանաչելը մեզ մեծ բարձունքների կհասցնի: Ամեն մեկս պետք է հասկանանք, որ մենք ենք պետությունը, երկիրը ամեն մեկս ենք և երկրի տերը ժողովուրդն է, որ պետք է գնահատել, մեծարել մեծություններին ոչ միայն իրենց չլինելուց հետո , այլ արժանավայել կյանք ապահովել կենդանության օրոք՝ ծախսերին համապատասխանող աշխատավարձեր սահմանելով: Չ՞է որ այդ մեծություններով է ազգը դիմանկար ունենում, որոնց բարոյական և հայրենասիրական օրինակների վրա են դաստիարակվում սերունդները:
Համոզված եմ, որ արտագաղթի հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն են և ըստ այդմ մարդու իրավունքների ոտնահարումը: Չեմ ցանկանում քաղաքականացնել մեր հարցազրույցը, բայց նախկին սովետական ռեժիմից ժառանգած կոռուպցիոն մտածելակերպը դեռևս թույլ չի տալիս մեր իշխանություններին անմնացորդ նվիրվել մեր ժողովրդի և մեր հայրենիքի պայծառ ապագայի կերտման սուրբ գործին: Սա ինձ մեծ ցավ է պատճառում:
Մեծ ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ ավելի շատ խոսում և հպարտանում ենք առաջին Քրիստոնյա ազգ լինելու վերաբերյալ, քան որ ապրում ենք քրիստոնեավայել: Մոմավառությամբ, մատաղօրհնեքով, եկեղեցի կառուցելով քրիստոնյա չեն լինում և հոգին չեն փրկում: Քրիստոնյա լինելը դա հավատք է՝ Քրիստոսի հետևորդը լինելու որոշում, որ կայացրեց Տրդատ Գ թագավորը՝ քրիստոնեությունը որպէս պետական կրոն ընդունելով, ինչպես Աբգար թագավորը կանչեց Քրիստոսի անունը... Երազում եմ մի օր իսկապես տեսնել մեր բազմաչարչար հայրենիքը՝ դրախտավայր սարքող աստվածավախ <<թագավորով>> և ժողովրդին սիրող ղեկավարներով:
Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի
Հուլիս 2013, Գերմանիա