Թարմացում․ Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է հափշտակության ու կաշառքի մեղադրանքով
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է. Asekose.am–ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից` հավելելով, որ Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Մանկապարտեզի սաների ծնողներն էլ հայտնել են, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։
|
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են. սննդի գողության մեջ կասկածվող տնօրենը բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից այսօր առավոտյան»: |
|
Նշենք, որ օրերս Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք բողոքում էին, որ տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, որը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ–ական Տիգրան Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ վերանշանակվել է նախկին աշխատանքին: Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ընդունել էր ծնողներին, որոնցից մեկը նշել էր. «Դուք ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ի՞նչ կասեք, մեզ բոլորիս մտահոգում է դա։ Նորմա՞լ է, որ մեր երեխաները լարվածության մեջ մնան»։ Տնօրենը հրաժարվել էր խոսել լրագրողների ներկայությամբ, ասել էր, որ ուզում է հանդիպել միայն ծնողների հետ և դուրս էր եկել սենյակից։ Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։ Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ: Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն դեռևս չի հայտնել։ Ավելի վաղ էլ տեղեկություն էր տարածվել, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել։ |


