Վրաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը պատրաստ ենք շարունակել։ Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճարաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Խոսելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին, Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն նույն հավատամքն ու նվիրումն ունի նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանազատման գործընթացի հարցում․ «մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- նշել է նախարարը։
***
Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում, մասնավորապես, Ադրբեջանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում վաղուց հանրահռչակված է։ Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին։ Ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք արել Ադրբեջանին և ակնկալում ենք Ադրբեջանի դրական վերաբերմունքը»,- նշել է ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ «ապաշրջափակումը տնտեսական մեծ օգուտներ կբերի ողջ Հարավային Կովկասին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին»։ Նախարարի խոսքով՝ 21-րդ դարը պարզեցումների, հեշտացումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների։ «Մենք տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր Ադրբեջանի հետ, որոնք կարող ենք կիրառվել, և դրանից և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել», հավելել է Արարատ Միրզոյանը։ *** |
«Երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, ով օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ Պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ հումանիտար, տնտեսական խնդիրներ ու սոցիալական ծանր պայմաններ։ Սա շարունակում է մնալ ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընթացող ամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: «Վրաստանը և Հայաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա այդպես կլինի նաև ապագայում»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ողջունում են Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ։ «Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,- ասաց Բոճորիշվիլին։ |
***
«Վրաստանն անկեղծ ցանկություն ունի տեսնելու կայուն խաղաղություն այս տարածաշրջանում, և պատրաստակամ ենք անելու ամեն ինչ՝ հասնելու այս նպատակին»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի Ագ նախարար Մակա Բոճորիշվիլին։ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը հուսանք կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինիմ միայն սա կարող է հիմք հանդիսանալ կայուն խաղաղության համար»,- ասաց Մակա Բոճորիշվիլին։ |