«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով երեկ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Լսումները հրավիրել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը՝ իշխանություններին աջակից արեւմտամետ, սորոսական ՀԿ սեկտորի, Փաշինյանի գրպանային արեւմտամետների առաջարկով․ Արման Բաբաջանյան, Հովսեփ Խուրշուդյան, Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Լեւոն Շիրինյան, Ստյոպա Սաֆարյան եւ այլք։ Անհատներ էլ կային, օրինակ, դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն, ով ամբիոնից հուզված եւ շնչակտուր, մատն առանց տեքստից կտրելու կարդում էր իր առջեւ դրված թղթի վրա գրվածը, թե ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, որովհետեւ ժողովրդավարությունը թերի չի լինում, երբ մտնենք ԵՄ, նոր կլինենք ժողովրդավար։
Մի քանի ժամ շարունակ թիվ 1 օրենսդիր մարմինը վերածվել էր կրկեսի արենայի, ով ինչ ուզում՝ անում էր, ինչ ուզում՝ խոսում էր։ Կազմակերպիչներն ամեն բան արել էին, որպեսզի, ինչպես դասականը կասեր, տոնը «փչացնող» չլիներ, եւ տեղի սղության պատճառով մերժել էին այն գործիչներին, որոնք հիվանդագին արեւմտամետ չեն, որ դահլիճում համերաշխ արեւմտամետ մթնոլորտ տիրի, պահանջեն-խնդրեն իշխանություններին՝ ԵՄ-ին անդամության հարցը դնել հանրաքվեի՝ վստահ, որ ժողովուրդն «այո» է ասելու։ Եվ դահլիճը լցրել էին ԱԺ աշխատակիցներով, պատգամավորների օգնականներով։ Իրենք՝ ՔՊ-ականները, չէին մասնակցում, բացառությամբ 2-3 հոգու՝ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամներ։
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը խորամանկորեն նախընտրել էին մնալ ստվերում, որ չկապվեն ԱԺ-ում տեղի ունեցող արկածախնդրության հետ։
Պարզ է, որ նրանք դեմ չեն, որ ռուսատյացության մթնոլորտ տիրի երկրում, եւ հանրությանը ներշնչեն, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների անունը Ռուսաստան է՝ նրա թողտվությամբ ու աջակցությամբ են եղել 2020 թ․ պատերազմը, հաջորդած ադրբեջանական հարձակումները, Արցախի կորուստը, եւ հիմա որքան շուտ Հայաստանը գնա դեպի Եվրոպա եւ դուրս գա Ռուսաստանի հետ դաշինքից, այնքան շուտ կգա հային փրկություն։ Ավելին՝ Արամ Զավենիչ Սարգսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարություն արեց, որից հասկացվեց, որ Հոկտեմբերի 27-ը, իր կարծիքով, ռուսներն են կազմակերպել։ Լսումների ու հանրաքվեի մասին ասաց․ «Նման փոփոխությունը չպետք է արձանագրի ՀՀ գործող իշխանությունը, ոչ էլ վարչապետը, որովհետեւ նման դեպքերում Հոկտեմբերի 27 է տեղի ունենում»։
Արեւմտամետները թերեւս մոռացել են ամիսներ առաջ բրյուսելյան հանդիպումը, որից առաջ էլ մեծ ակնկալիքներ ունեին, մինչդեռ գրոշների աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին, այն էլ՝ գրանտների տեսքով, իսկ անդամակցության հարցը մնաց օդում կախված։ Արամ Զավենիչը խորհրդարանի ամբիոնից սրա մասին «չարախոսողներին» պատասխանեց, թե՝ մեզ լավ էլ սպասում են եվրոպաներում․ «Մենք շատ լավ գիտենք՝ Եվրամիությունում ով է մեզ սպասում եւ ինչի է սպասում»։ Եթե անդամակցության վերաբերյալ հստակ որոշում կայացնենք, ապա նա կասկած չունի, որ Հայաստանն առավել անվտանգ կդառնա՝ «շատ առատաձեռն կփոխհատուցեն Հայաստանին՝ սպառազինության, ներդրումների եւ այլ առումներով»։ Գրեթե բոլոր բանախոսներն իրենց ելույթներում չէին շրջանցում ընդդիմադիրներին՝ նրանց եւ նրանց հետեւից գնացող հազարավոր մարդկանց ներկայացնելով որպես ռուսի գործակալներ։
Արման Բաբաջանյանն էլ, ում ղեկավարած լրատվամիջոցի շենքի առջեւ ծածանվում է ԵՄ դրոշը, համարելով, որ դա քիչ է, մի դրոշ էլ բերել էր, որ կախի ԱԺ ամբիոնից։ Հետո մի «կալոշ» թափահարեց ու դրեց դրոշի վրա։ «Այս դրոշը կախում եմ, որ քննարկումն ավելի լավ անցնի։ Սա էլ՝ կալոշը»,- ասաց նա։ Ներկաներից մեկը շտապեց «կալոշը» հանել դրոշի վրայից, երեւի՝ որ չստացվի, թե ԵՄ-ն ռուսական «կալոշի» տակ է մնացել։ Ի դեպ, լսումների մասնակիցները Եվրամիության եւ Հայաստանի դրոշներն էին բերել, որ նիստերի դահլիճում տնկեին, բայց անցակետում թույլ չէին տվել մտցնել ներս՝ համարելով, որ փայտյա ձողերն անվտանգային խնդիրներ կառաջացնեն։ Դրոշը կախելուց հետո դահլիճում մթնոլորտը շիկացավ․ լսումները վարող ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Բաբաջանյանին նկատողություն արեց․ «Պարոն Բաբաջանյան, ես խնդրեցի, չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների եւ դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է»։
Տեղից ռեպլիկ թողեց ոմն քաղաքագետ Հարություն Մկրտչյան, ի պատասխան՝ Եղոյանն ասաց․ «Ասում եք՝ փողոցում ՌԴ դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա փողոց չէ, սա ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճն է։ Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որը, իմ կարծիքով, կարող էր եւ չլինել։ Ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն»։ Դահլիճի տարբեր անկյուններից ՔՊ-ականներին եւ ՔՊ-ին մեղադրում էին Հայաստանի ԵՄ ընթացքը նման գործողություններով «դանդաղեցնելու» եւ այլ մեղքերի մեջ։ Մի խոսքով, ամեն ինչ մտածել էին, որ բնական հակադրություն ստեղծեին՝ իբր իշխանություններն այնքան էլ խանդավառված չեն, բայց ժողովուրդն է ուզում գնալ Եվրոպա։
ԱԺ նախկին փոխխոսնակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը կասկած չունի, որ արեւմտամետների՝ հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետեւում ՀՀ իշխանություններն են կանգնած։ «Հիմա քննարկվում է արտաքին քաղաքականության կարեւոր հարցի վերաբերյալ ժողովրդի թույլտվությունը ստանալու համար համաժողովրդական հանրաքվե անելու հարցը։ Ես սկզբունքորեն համարում եմ, որ ցանկացած բան, որ այս իշխանությունը ձեռնարկում է, կեղծիք է, հիմնված է կեղծիքի եւ մարդկանց խաբելու վրա։ Տեսեք՝ 2021 թ. ընտրությունները, որից հետո մինչ օրս իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ ամեն ինչ անելու իրավունք ունենք, ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Չնայած իրենց նախընտրական ծրագիրը ծայրից ծայր խախտել են՝ չեն կատարել, եւ դրանից առաջ եղած ծրագրերը, բայց ոչ մի անգամ ժողովրդի կարծիքը չեն հարցնում։ Ընդդիմությունն ասում է․ մենք՝ որպես ժողովրդի մի մասի ներկայացուցիչ, դեմ ենք, ձեր հեղինակությունն էլ ընկել է, չունեք այդքան ազդեցություն, աջակցություն, բայց իրենք պնդաճակատ ասում են՝ դեմոկրատիան դա է, ժողովուրդը մեզ ձայն է տվել։ Հիմա ինչո՞ւ են որոշել ժողովրդին դիմել։ Կարծում են, որ Հայաստանում այդ հարցը ներքաղաքական բանավեճում այնքան ծավալված է, եւ դրա մեջ այնքան մարդիկ են ներգրավված, որ ժողովուրդը կարող է որոշել՝ Հայաստանն ուզո՞ւմ է ԵՄ անդամ դառնալ, թե՞ ոչ, հա՞։ Սա կեղծիք է։ Կարեւոր արտաքին քաղաքական կողմնորոշում է, որը պետք է հենց դիվանագիտական աջակցությամբ, խոսքով, միջազգային հարաբերությունների վերլուծությամբ, այսպես կոչված՝ ակադեմիական հասարակությունը կայացնի, քաղաքական հասարակությունը, բայց մեզ մոտ որոշել են գցել ժողովրդի վրա։ Ինչո՞ւ․ որովհետեւ իրականացվում է նույն քաղաքականությունը՝ վարկաբեկել հայ ժողովրդին, ինչպես 2021 թվականին, երբ կեղծեցին ընտրությունները․ խմբերով մարդիկ էին պտտվում տեղամասերում, եւ կեղծիքի գլխավոր գործիքներից մեկն էլ անձնագրեր ստուգող ինտելիգենտ դեմքով աղջիկներն ու տղաներն էին։ Ընտրությունները կեղծեցին ու հիմա ասում են՝ ժողովուրդն է որոշել, ու աշխարհը զարմացած է ժողովրդի վրա։ Շատերն են ապշած՝ ինչպե՞ս հայ ժողովուրդը ձայն տվեց նրանց՝ պատերազմի պարտությունից 6 ամիս հետո։ Հիմա հանրաքվեն նույնպես կեղծելու են, դա իրենց ձեռագիրն է, ապա ասելու են, որ ժողովուրդն այդպես որոշեց, որ հնուց երազել է գնալ Եվրոպա, ԵՄ անդամ դառնալ»,- ասաց Սահակյանը։