«Հրապարակ» թերթը գրել է․ 2022 թվականի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել եւ ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, նաեւ՝ ՔԿՀ-ում գտնվող Սերոբ Մխիթարյանին խոշտանգել կարգադրելու համար։ Մեղադրանքում նշված է․ «Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Հակոբյանի հետ՝ խմբով, տվյալ ժամանակ հիշյալ ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Ալբերտի Սարգսյանի կարգադրությամբ եւ գիտությամբ, 2021 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-ի սահմաններում, կատարած արարքների համար պատժելու նպատակով խոշտանգել է նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանին»։ Այս քրեական գործով 3 մեղադրյալ կա, ոչ ոք կալանքի տակ չէ, ՔԿՀ նախկին պետի նկատմամբ կիրառվել է «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Դատաքննությունը գրեթե ավարտական փուլում է։
Արտակ Սարգսյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Հրապարակ»-ին ասաց՝ եթե նիստերը չձախողվեն, երկու դատական նիստով դատաքննությունը կավարտվի։ Անդրադառնալով մեղադրանքին, նաեւ՝ թե ինչ վնաս է պատճառվել պետությանը, պաշտպանը նշեց․ «Պաշտոնական հանցագործությունները, որ բնութագրում են, ասում են՝ հեղինակազրկել է իր հիմնարկը»։ Ըստ պաշտպանական կողմի՝ խոշտանգման դրվագը եւս անհիմն է, նման բան տեղի չի ունեցել․ «Սերոբ Մխիթարյանը մենակ դատարանում 4 ցուցմունք է փոխել, մի անգամ ասում է՝ եղել է նման բան, հետո ասել է՝ չի եղել, հետո՝ էլի նույնը։ Ճիշտ է` Արտակը եւ մյուս մեղադրյալներն ընկերներ են, եթե իրենք դա արել են, թող գնան պատժվեն: Դատարանի որոշում կա՝ Սերոբ Մխիթարյանն ունի հոգեկան հիվանդություն, պետք է ենթարկել հարկադիր բուժման։ Դատալեքսով որ նայեք, կտեսնեք՝ Սերոբ Մխիթարյան, 13 քրեական գործ, որոնցից 3 հատը Սերոբ Մխիթարյանը սուտ մատնություն է տվել դատախազի վրա, գաղութի պետի վրա, քննիչի վրա, ու մի 8, 9 հատ գործ էլ, որ Սերոբ Մխիթարյանը վնասեց ինքն իրեն, գաղութի ծառայողին, շտապօգնության բժշկին։ Ինքն էդ ոճի մարդ է։ Մենք այս բռնության հետ կապ չունենք, Սերոբ Մխիթարյանը լավն է, թե չէ, էդ մյուս պաշտպանները թող մտածեն։ Սերոբիկն այդ սերն ունի»։
Հարցին՝ տուժողը դատաբժշկական զննության ենթարկվե՞լ է, բժիշկն ի՞նչ եզրակացություն է տվել, փաստաբանը պատասխանեց․ «Նախորդ նիստին հետաքրքիր վիճակ ունեցանք, որը քիչ է լինում։ Փորձագետը, որն արել էր, մահացել է, բայց պե՞տք է հարցաքննենք մեկին, դատավորն ուղարկեց դատաբժշկական կենտրոն, իրենք փորձագետ ուղարկեցին։ Սա ասեց՝ ինչը որ տեսնում եմ, ասեմ։ Մարդը նկարագրում է, ասում է՝ վնասվածք կա ճակատային մասում, իսկ լուսանկարում ճակատը չէ, ականջն է։ Լուսանկարը մոտիկից է արված` դա ականջ է, ճակատ չէ։ Այսպիսի խնդիրներ կան։ Մահացած փորձագետը տվել է, որ կա վնասվածք։ Ծեծել են, թե չեն ծեծել, մեզ այսօր դատում են իրենց պատճառով։ Վնասվածքները, եթե կան, ե՞րբ են հասցվել, փորձաքննություն արվել է 5 օր հետո, եթե մենք գործ ունենք Սերոբիկի հետ, որի վրա 13 գործ՝ ինքնավնասում, գլուխը պատին խփել, այս ընթացքում էլի 2 անգամ ինքն իրեն վնասել է, վերջերս հոգեբանի հետ հանդիպման ժամանակ դանակը մտցրել է ինքն իր ձեռքի մեջ` հոգեբանը հիմա հոգեբանի կարիք ունի»։
Ամեն դեպքում, այս գործում մի զավեշտ էլ կա` մեղադրյալ Արտակ Սարգսյանն այժմ Քրեակատարողական ծառայության աշխատակազմի ղեկավարն է։ Թե ինչպես է դատվող անձը նման բարձր պաշտոն զբաղեցնում, մի բացատրություն ունի` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ նախկին պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքն է հիմք ծառայել, որ դատաքննությունը չավարտված՝ նա քրեակատարողական ոլորտում կրկին աշխատանքի է անցել։