«Интерфакс» գործակալությունը` հղում անելով Փարիզ-Երևան չվերթի ուղևողներից մեկին, գրում է, որ Էիր Ֆրանս ավիաընկերության դեպի Հայաստանի մայրաքաղաք թռչող ուղևորները երեկ անհանգիստ րոպեներ են ունեցել, քանի որ օդանավը հազիվ է խուսափել վթարից:
Ըստ գործակալության, Երևանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռը հանկարծակի թեքվել է ձախ կողմի վրա. օդաչուները չեն կարողացել ինքնաթիռի վայրէջքն ապահովել առաջին փորձից ու կտրուկ բարձրություն են վերցրել:
Ըստ ուղևորի` «ինքնաթիռը շատ ուժեղ «թափ» է տվել, սկսվել է խառնաշփոթ, ուղևորները, որոնց թվում շատ էին երեխաները, բղավել են: Դրանից հետո ինքնաթիռը բարձրություն է վերցրել: Միայն ուղևորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն հայտարարել է, որ վայրէջքի պահին տեղի է ունեցել անկայունություն` «дестабилизация»».
Արդյունքում, ինքնաթիռը Զվարթնոց օդանակավակայանի վրա պտտվել է մոտ 40 րոպե, որի ընթացքում օդանավն, ըստ ուղևորի, միշտ «թափ» է տվել:
Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել ինքնաթիռը: Նշվում է, որ ուղևորներից մեկը կորցրել էր գիտակցությունը: