▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Իրանի նորընտիր նախագահը

 

Թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր անմիջական հարևանն է, որը Հայաստանի հանդեպ մշտապես բարյացակամ ու, հիմնականում, կառուցողական գործընկերային վերաբերմունք է ունեցել, մեր երկրում այդ կարևոր հարևանի հետ կապված պատկերացումները հաճախ սահմանափակ են և կարծրատիպային: Սա առաջին հերթին հենց մեզ վնասող հանգամանք է, որը վկայում է նեղմտությամբ բնութագրվող քաղաքական մտահորիզոնի առկայության մասին: Իրանն այսօր ունի նոր նախագահ, որի ընտրության կապակցությամբ անկեղծորեն կարելի է շնորհավորել այդ երկրի մեր բարեկամ ժողովրդին, այդ թվում նաև տեղի հայ համայնքին: Կարծում եմ, որ պարոն Ռոհանիի` ԻԻՀ նախագահի պաշտոնում ընտրվելը նաև նոր հեռանկարներ է բացում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ասպարեզում: 


Ստորև ներկայացված է պարոն Ռոհանիի Իրանի «Ֆարս» տեղեկատվական գործակալության կողմից հրապարակված նրա կենսագրության հայերեն թարգմանությունը:

Հասան Ռոհանիի Կենսագրությունը


Իրանում կայացած ընտրությունների արդյունքում, ըստ ներքին գործոց նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարի. «Հոջաթոլէսլամ-վալմոսլեմին Հասան Ռոհանին ստանալով 18 միլիոն 613 հազար 329 ձայն, վաստակել է բացարձակ մեծամասնության ձայները եւ հռչակվել նախագահ»:


Ըստ Նաջարի. «Ընտրություններին մասնակցել են ընդամենը 36 միլիոն 704 հազար 156 քաղաքացի, որը վկայում է ընտրություններին ժողովրդի 72.7 տոկոս մասնակցության մասին»:


Ըստ «Ֆարս» գործակալության, նորընտիր նախագահի կենսագրական տվյալները հետեւյալն են.


Հասան Ֆերեյդուն Ռոհանին ծնվել է 1948 թ. նոյեմբերի 12-ին, Սեմնան նահանգի Սորխե քաղաքում: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ճեմարանային ուսումնառությունն սկսել՝ 1960 թ., Սեմնանի «Սադեղիեի» անվան հոգեւոր ճեմարանում: 


1961 թ. մուտք է գործել Ղոմ քաղաքի հոգեւոր ճեմարան եւ ուսում ստացել տարբեր դասախոսների, այդ թվում՝ բարձրաստիճան այրեր Սեյեդ Մոհամմադ Մոհաղեղ Դամադի, Շեյխ Մորթեզա Հաերիի, Սեյեդ Մոհամմադռեզա Գոլփայգանիի, Մոհամմադֆազել Լանքարանիի, Շեյխ Մոհամմադ Շահաբադիի եւ Սոլթանիի մոտ:


Ռոհանին միաժամանակ 1969թ. մուտք է գործում «Թեհրան» համալսարան եւ 1972 թ. ստանում դատական իրավունքի ֆակուլտետի բակալավրի աստիճանը: 
Անգլիայում շարունակելով ուսումը` Գլազգոյի Քալեդոնյան համալսարանում (Glasgow Caledonian University) ավարտում է ընդհանուր իրավագիտության մագիստրատուրայի բաժինը (M.Phil) եւ ստանում սահմանադրական իրավունքի գծով գիտությունների թեկնածուի (Ph.D) աստիճանը, ապա 86 թ., փաստաբանների կենտրոնից ստանալով փաստաբանի արտոնագիր, դառնում է արդարադատության առաջին կարգի փաստաբան: 


Հասան Ռոհանին թագավորական բռնատիրական վարչակարգի դեմ իր քաղաքական գործունեությունն սկսել է երիտասարդ տարիքից, նրա հիմնական ակտիվությունը գրանցվել է 1964 թվականից ի վեր Փահլավի վարչակարգի դեմ Իմամ Խոմեյնիի ապստամբության, քարոզչական բնույթի ճանապարհորդությունների եւ դասախոսությունների ուղեկցման շրջանակներում եւ արդյունքում ազատազրկվել է եւ ամբիոնից ելույթներ ունենալու արգելքների արժանացել:


Նա 1977 թ. նոյեմբերին Թեհրանի Արք մզկիթում Մոսթաֆա Խոմեյնիի նահատակության հիշատակի միջոցառման ընթացքում առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի համար օգտագործեց «Իմամ» կոչումը, ապա հետապնդվելով Սավաքի (Իրանի թագավորական վարչակարգի անվտանգության ծառայությունների) կողմից, լուսահոգի հոգեւորական Բեհեշթիի եւ մեծն Մոթահարիի խորհրդով լքեց երկիրը եւ միառժամանակ արտասահմանում եւս դասախոսություններով ու քարոզչությամբ հանդես եկավ այնտեղ սովորող ուսանողների համար, իսկ Իմամ Խոմեյնիի` Ֆրանսիա աքսորվելուց հետո միացավ նրան ուղեկցող մերձավորներին: 


Հասան Ռոհանին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո` 1980թ. լծվեց բանակի եւ զորանոցների կարգավորման գործին ու 1981 թ. դարձավ Իսլամական Խորհրդարանի պատգամավոր եւ օրենսդրական 5 շրջան (20 տարի) գրանցեց իր կենսագրության էջերում: 


Հետհեղափոխական շրջանում նրա մյուս պարտավորություններից էր 1980-83 թթ. ռադիոհեռուստատեսության կազմակերպության նախագահող խորհրդի անդամակցությունն ու ղեկավարումը:


Ռոհանին հարկադրված (Իրան-Իրաք) պատերազմի շրջանում ստանձնել է բազմաթիվ պատասխանատվություններ, այդ թվում եղել է պաշտպանության գերագույն խորհրդի անդամ, պատերազմի աջակցության գերագույն խորհրդի անդամ, պատերազմի հրամանատարության վարչության պետ, Խաթամոլանբիա կենտրոնական կայանատեղիի շտաբի պետ եւ ողջ հանրապետության օդային պաշտպանության հրամանատար: Իսկ 1988-89 թթ. նաեւ նշանակվեց գլխավոր հրամանատարի տեղակալ:


Նա սրբազան պատերազմի օրոք, երկար տարիներ տարբեր պատասխանատվությունների շրջանակներում հանդես գալով, հոգեւոր առաջնորդի բարձր պաշտոնի կողմից արժանացել է «Ֆաթհի» անվան երկրորդ աստիճանի եւ «Նասրի» անվան առաջին աստիճանի պարգեւի: 


Ռոհանին, ԻԻՀ սահմանադրությունը վերանայելով եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հիմնադրմամբ, ստանձնեց այդ խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի պաշտոնը եւ 13 տարի եւս ծառայել է որպես հանրապետության նախկին նախագահների ազգային անվտանգության գծով խորհրդական:
1991 թվականից ի վեր նա անդամակցեց վարչակարգի նպատակահարմարությունը որոշող ասամբլեային եւ մինչ այսօր շարունակում է աշխատել այդ պաշտոնում, ու բացի ասամբլեայի քաղաքական, անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահությունից, ղեկավարում է նաեւ այդ մարմնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: 


Հասան Ռոհանին 2000 թ. փետրվարի 11-ին հեղափոխության առաջնորդի բարձրաստիճան հոգեւորականների խորհրդարանի երրորդ շրջանի միջնաժամկետ ընտրություններում, Սեմնան նահանգի ընտրատարածքից ընտրվեց որպես այդ խորհրդարանի պատգամավոր եւ 2006 թ. եւս պատգամավոր ընտրվեց այդ մարմնում՝ Թեհրան նահանգից, իսկ ներկա դրությամբ նախագահում է այդ խորհրդարանի քաղաքական եւ սոցիալական հարցերով հանձնաժողովը:


Չնայած Ռոհանին միաժամանակ զբաղվել է գիտական գործունեությամբ, սակայն մշտապես ներկայությունը համալսարանում նրան չի հեռացրել իր առանցքային պարտավորություններից: Ռոհանին, 16 տարի ստանձնելով Ազգային անվտանգության Գերագույն Խորհրդի քարտուղարի պարտավորությունը` պատմական ամենազգայուն ժամանակահատվածներից մեկում, իր վրա է վերցրել հանրապետության միջուկային գործի (դոսիեի) պատասխանատվությունը: 


Մահմուդ Ահմադինեժադի կառավարության ձեւավորումից հետո միջուկային գործի պատասխանատվությունը հանձնարարվեց Ալի Լարիջանիին եւ Ռոհանիին, ով դեռեւս շարունակում է մնալ Ազգային անվտանգության Գերագույն Խորհրդում հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչը, գրի առնելով «Ազգային անվտանգությունն ու միջուկային դիվանագիտությունը» գիրքը, սկսեց ամփոփել խորհրդում իր պարտավորության շրջանի եւ միջուկային գործի հետամուտ քայլերի վերաբերյալ հուշերը:


Հասան Ռոհանին 2013թ. ապրիլի 11-ին Թեհրանի Ադինե համալիրում իր աջակիցների հավաքի ժամանակ՝ «Հեռատեսության եւ հույսի կառավարություն» կարգախոսով, պաշտոնապես հայտարարեց ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:


Ընտրություններում նրա շտաբի պետն էր Հաշեմի Ռաֆսանջանիի պաշտոնավարման առաջին եւ երկրորդ շրջանների կառավարության արդյունաբերության եւ հանքերի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն, իսկ շենացման երկու շրջանների կառավարության պաշտպանության եւ ճանապարհների նախարար Աքբար Թորքանը Ռոհանիի նախընտրական շտաբի պաշտոնատարն էր եւ պետի տեղակալը: Նրա խոսնակն էր «Չափավորություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմադբաղեր Նիքբախտը:

 

Արման Մելիքյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին