Hraparak.am-ը գրում է, որ երկրի երկրորդ դեմքի երկրորդ որդին աշխատում է երկրի երրորդ դեմքի մոտ՝ որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Երկրի երկրորդ դեմքն ԱԺ նախագահն է, ով այս պահին Գալուստ Սահակյանն է, նրա պաշտոնյա որդին Արման Սահակյանն է, երկրի երրորդ դեմքն էլ վարչապետն է, ով, արդեն մեկ տարի, Հովիկ Աբրահամյանն է: Երկրի երկրորդ դեմքի եւ նրա կրտսեր որդու մասին հասարակական կարծիքն ասում է՝ վատ մարդիկ չեն, համենայնդեպս, ազգը նրանցից շատ վնասներ ու վտանգավոր բաներ չի տեսել: Սակայն, եթե երկրի երկրորդ դեմք Գալուստ Սահակյանը վատ մարդ չէ, ապա պետական գույքը կառավարող նրա որդու մասին կարելի է ասել, որ նա նաեւ «լավ տղա է», որովհետեւ կարողանում է «լավ անել» ու ինչ անում է՝ «ճիշտ է անում»: Ինչու չակերտներով, որովհետեւ նրա արած «լավն» ու «ճիշտը», որքան էլ որ իսկապես այդպիսին լինեն, «մատի մի շարժումով» կասկածի տակ են դրվում երկրի երրորդ դեմքի՝ վարչապետի կողմից:
2014 թվականն ասուլիսով ամփոփելու հերթը երեկ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն էր: Վարչության պետ Արման Սահակյանը եկավ, իրեն հատուկ մեղմ ժպիտը դեմքին նստեց ու սկսեց վարժ կարդալ իր առջեւ դրված ամփոփիչ հաշվետվությունը: Կարդալուց արդեն իսկ զգացվում էր, որ գրագետ տղա է, հատկապես որ որոշ տվյալներ կարդալուց հետո մի պահ կանգ էր առնում ու սեփական խելքով, ոչ թե լրատվականի աշխատակիցների գրածով, բանավոր բացատրում, թե դա ինչ է նշանակում: Արդյունքում հասկացանք, որ իր ղեկավարած վարչությունն անցյալ տարի «աննախադեպ» լավ է աշխատել՝ ապահովելով «աննախադեպ» ցուցանիշներ:
Ընդհանուր հաշվով ասած՝ 2014 թվականին պետական գույքի մասնավորեցումից, օտարումից եւ վարձակալությունից գոյացել է 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ, որը փոխանցվել է պետական եւ համայնքային բյուջեներ: Ուռա՜: 2014-ին նախագծվել եւ գործարկվել է նաեւ վարչության պաշտոնական կայքը՝ spm.am, որն ավելի մատչելի է դարձել օգտվողների համար: Այս ամենից զատ, կան եւս մի քանի դրական ցուցանիշներ տարբեր ուղղություններով, որոնք Արման Սահակյանն «աննախադեպ» համարեց: Հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված այդ «աննախադեպ» ցուցանիշները՝ գուցե իր անձո՞վ. եկավ ու սկսեց վարչությունում ամեն ինչ բարեփոխել:«Ես չեմ ուզում խոսել հին աշխատանքի մասին, կամ ով էր աշխատում էստեղ, ամեն մարդ իր հնարավորությունների, իր գիտելիքների շնորհիվ կարողանում է որոշակի առաջընթաց ապահովել գերատեսչության համար, մենք ընդամենը ամենօրյա հետեւողական, օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք հասնել այս ցուցանիշներին»,-բացատրեց նա:
Մեր մյուս հարցը վերաբերում էր Կիեւյան 2-րդ նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող այն վիճահարույց շենքի ու դրա բնակիչների ճակատագրին, որը որպես պետական գույք օտարելու մասին Սահակյանի որոշումը «հումանիստորեն», բայց կտրուկ մերժել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որովհետեւ այնտեղ մարդիկ էին բնակվում: Ըստ էության՝ Աբրահամյանը, մերժելով իր ենթակա կառույցի ղեկավարի որոշումն ու ձեռքի հետ էլ կոպտելով նրան, որոշակի դիվիդենտներ վաստակեց, սակայն Սահակյանը դեռ այն ժամանակ բավականին համարձակ տոնով լրագրողներին հայտարարել էր, թե վարչապետն իր վրա ձայն չի բարձրացրել, որ եթե բարձրացներ, «հավուր պատշաճի պատասխան կստանար»: Հետո, իհարկե, հրաժարվել էր իր խոսքերից:
Վերջը ի՞նչ եղավ այդ շենքի ճակատագիրը, ու արդյոք ճի՞շտ էր վարչապետի որոշումը, Արման Սահակյանը պատասխանեց. «Ձեր նշածը երբեւիցե շենք չի եղել, դա ընդամենը սեփական տուն է, որտեղ ապրում է 5 անդամից բաղկացած ընտանիք, բնականաբար, էդ խնդիրը լուծում պիտի ստանար, որովհետեւ կա դատարանի համապատասխան վճիռ: Մարդիկ ժամանակին վարկով փող են վերցրել, հետո էդ տարիներին էդ բանկը ու էլի մի քանի տարբեր բանկեր վերացվեցին, պայթեցին, էդ իրավասությունն անցել է ֆինանսների նախարարությանը, որն էլ պարտքի դիմաց փորձում էր գույքն օտարել, որպեսզի էդ պարտքը վերականգնվեր, եւ ես կարծում եմ, որ էդ գործընթացը պետք է վերականգնվի, որովհետեւ դատարանի վճիռը բոլորիս համար է դատարանի վճիռ»:
«Բա ինչո՞ւ էդ մասին կառավարության նիստին չասացիք»,- հարցրեց լրագրողներից մեկը: «Լավ արեցի»,- լրագրողի «պորտը տեղը դրեց» Արման Գալուստիչը: «Այսինքն՝ կառավարությունը վե՞ր է կանգնել դատարանի որոշումից»,- զարմացավ մեկ ուրիշ լրագրող: «Այո»,-հաստատեց պարոն Սահակյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: