▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում է խորհուրդ տալիս սառը ջուր խմել ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը

Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց: Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում` ավելի քան մտահոգիչ է: 
Եթե մի կողմ դնենք ազգային հավաքականի հարաբերական հաջողությունը, ապա մյուս բոլոր ոլորտներում հայկական ֆուտբոլը տապալվում է: Իսկ ազգային հավաքականի որոշակի հաջողությունները ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական եւ հոլանդական ֆուտբոլի դպրոցների հաջողություններն են: Չմոռանանք, թե որտեղ են ֆուտբոլիստներ դարձել Օզբիլիսը, Մովսիսյանը, Սարկիսովը, Մխիթարյանը…

Մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչպես է աշխատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Երեւանի մեկ-երկու ֆուտբոլային դպրոցները հանած, մարզերում ֆուտբոլը պարզապես մեռած է: Իսկ պատանեկան, երիտասարդական հավաքականների մեղմ ասած անմխիթար վիճակը, ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում: Եվ այս խնդիրներով մտահոգվելու և սեփական աչքի գերանը նկատելու փոխարեն ՀՖՖ նախագահը լծվել է այլոց քայլերին գնահատականներ տալուն: 

Ինչ վերաբերում է Ավանի ֆուտբոլի ակադեմիային, ապա բոլորն էլ գիտեն, թե ում փողերով եւ ջանքերով է այն իրականություն դարձել: 
Մեր ֆուտբոլում այնպիսի վիճակ է, որ մրցավարները միջազգային խաղ սպասարկելուց հանցագործություն են անում եւ հայտնվում բանտում: Սա է հայկական ֆուտբոլի իրական դեմքը: Մենք միջազգային ասպարեզում պարզապես խայտառակ ենք լինում: 
Մենք խայտառակ եղանք, երբ նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները գրեցին, որ ՀՖՖ նախագահը ծեծել է հավաքականի բժշկին: Կամ ինչի նման է, երբ բոլորի աչքի առաջ ՀՖՖ նախագահը բռնում է մարզական լրագրողի կոկորդից կամ ռազբորկայի հրավիրում ակումբներից մեկի ղեկավարներին:
Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի մասին է վկայում նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ, երբ հազարավոր ֆուտբոլասերներ տոմսերը ձեռքներին մնացին մարզադաշտի պատերի տակ: Մինչեւ այսօր էլ չբացահայտվեց, թե ով կամ ովքեր էին մի տեղի համար երկու տոմս վաճառել: 
Ֆուտբոլի ֆեդերացիան մատը մատին չի խփել նաև ակումբային ֆուտբոլի կայացման հարցում: Այսօր հենց Ռուբեն Հայրապետյանն է խոստովանում, որ բացի մի քանի ակումբներից, մյուսները ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե օրինակներով խոսելու լինեմ, ապա պետք է փաստեմ, որ օրինակ «Փյունիկ» -ը եվրոպական ֆուտբոլային ակումբների աղյուսակի 5-երորդ հարյուրյակի սանդղակում է գտնվում: 
Իսկ երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, ապա սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք, որ իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է:

Մտոհոգում է նաեւ, որ մարզական ֆեդերացիաներից մեկի նախագահին չի մտահոգում Վոլեյբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խայտառակությունը: Ավելին, անգամ Ռուբեն Հայրապետյանը փորձ է անում կանգնել անօրինակության հեղինակների կողքին:
Այս ամենից հետո, արդյոք Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով պետք է գնահատականներ տա ՀԱՕԿ-ի և նրա նախագահի կատարած աշխատանքի վերաբերյալ: Կարծում եմ՝ ոչ: Այս դեպքում վստահ կարող եմ ասել, որ եթե ուրիշներին քննադատելու, ուրիշների կատարած ահռելի աշխատանքի նշանակությունը նսեմացնելուն ուղղված ջանքերն օգտագործվեին ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապա միգուցե մեր հավաքականի վիճակն այսպիսին չէր լինի: Իսկ եթե անգամ այսքանից հետո որոշ մարդիկ դեռ անհանգստության խրոնիկ դրսևորումներ ունենան, ապա խորհուրդ եմ տալիս պարզապես սառը ջուր խմել, ասում են՝ օգնում է:

 

Հրաչյա Ռոստոմյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին