Հայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը:
Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 566 հազար 782 անձից մասնակցել է 1 միլիոն 303 հազար 221ը՝ 50,77 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 50 հազար 323 քվեաթերթիկ:
ԱՊՀ դիտորդական առաքելությունն էլ Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակել է բաց, ազատ և օրինակելի:
Ի հակադրություն այս ամենի՝ հատկապես մարզերից ամեն վայրկյան լրատվամիջոցների ներկայացրած տվյալներն ու ընտրակաշառքների, լցոնումների վերաբերյալ տեսանյութերն այլ բան էին ասում:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, պարզվում է՝ հանրաքվեի վերջնական արդյունքի մասին դեռևս 1 ամիս առաջ է կարծիք հայտնել.
«Սահմանադրական հանրաքվեի ընթացքն ավելի խայտառակ էր, քան, ասենք 2013 թվականի ընտրությունը: Ասել էի, որ «այո»-ն 55-65 տոկոս է գրվելու: Պաշտոնապես բնակչության 50 տոկոսն է մասնակցել հանրաքվեին, ընդհանուր թվի մոտավորապես 34 տոկոսն «այո» է ասել, իսկ նման քվեարկության պարագայում ինչքան էլ իրենց գլուխը գովեն՝ շատ վատ ցուցանիշ է:
Հիմա ուզու՞ւմ էր Սերժ Սարգսյանը նման ծեծով-ջարդով, նկարելով անցկացներ, թող անցկացնի, դրանով ի՞նչ փոխվեց.մարդկանց թոշակն է բարձրանալու, թե՞ աշխատավարձը:
Գնալով վիճակը վատթարանալու է, չէ՞: Հա, հետո՞: 2013 թվականից ՀՀ-ում պաշտոնական տվյալներով մեր կյանքի որակը չի լավացել, ավելին, աղքատության, արտագաղթի տեմպով ավելի է վատացել:
Այսինքն, ի՞նչ է կատարվում.որքան մեր կյանքը վատանում է, այնքան իշխանության նախագծերին տրվող տոկոսն ավելանո՞ւմ է:
Անդրադառնալով 2 միլիոն 566 հազար 782 անձանց, ովքեր ընտրելու իրավունք ունեին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նկատեց. «Եթե երեխաներին էլ գումարես՝ Հայաստանը Չինաստան է»:
Անի Կարապետյան