▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխներն ու պաշտոնյաները Հայաստանում հանգիստն անցկացնելը մատուցում են որպես հայրենասիրություն

Որոշ պաշտոնյաներ և օլիգարխներ հայրենիքում ամառային հանգիստն անցկացնելը հպարտությամբ մատուցում են որպես հայրենասիրության ցույց: Սակայն հասարակության մեծ մասն այդ ցույցերը չի ընկալում որպես զոհողություն, որովհետև չի կարողանում հասկանալ, թե մեծ գումարներ տնօրինող պաշտոնյան և օլիգարխը ինչո՞ւ չեն հանգստանում արտերկրում, այլ հանուն ժողովրդի և հայրենիքի գնում են ինքնախարազանման, որը ինչպես ցույց է տալիս ժամանակը, չի նպաստում տուրիզմի զարգացմանը:

Տուրիզմի ոլորտի հայաստանյան պաշտոնյաներն ու օլիգարխները ընդօրինակում են ոչ թե վրացական կամ արաբական երկրներին, այլ տնտեսական հրաշքներ գործած եվրոպական երկրներին և առանց երկար մտածելու հանգստյան տների գները մոտեցնում են բարձրակարգ միջերկրածովյան հյուրանոցների գներին, ստեղծելով անհեթեթ ու ծիծաղելի իրավիճակ: Նույն տրամաբանությամբ է կառուցվում տուրիզմի պետական մարտավարությունը` բացակայում է աշխարհի, և մասնավորապես, օտար զբոսաշրջիկի համար նախատեսված կարևոր ասելիքը, ուղերձը, որը նա տանելու և փոխանցելու է իր հարևանին, ընկերոջը, որպես Հայաստանից ստացած անջնջելի դրական տպավորություն: Թերևս աշխարհին ուղղված կարևոր ասելիքի դեֆիցիտն է պատճառը, որ ներգնա տուրիզմի գրավչության բարձրացմանն ուղղված անդուլ ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս: Եվ հայաստանյան հանգստյան տների ծառայություններից այսօր օգտվում են հիմնականում տեղացիները, մասամբ՝ սփյուռքահայերը, դա ներկայացնելով որպես հայրենիքի հանդեպ նվիրական տուրք:

Վահե Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին