▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան

2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի միապետությունն Ադրբեջանում» վերնագրով, Սիմոնե Զոպելարոն բացահայտում է Վատիկանի ադրբեջանամետ կողմնակալությունը ֆինանսական նվիրատվությունների պատճառով, չնայած Հայաստանը քրիստոնյա պետություն է, իսկ Ադրբեջանը՝ իսլամական:

2020 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի բռնակալ ղեկավար Իլհամ Ալիևը և նրա կինը՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, պետական այցով ժամանել էին Վատիկան։ Նրանց պաշտոնապես ընդունել էին Ֆրանցիսկոս պապը, պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը և միջպետական հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Ալիևան Վատիկան էր եկել, որպեսզի ստանար Սուրբ Աթոռի կողմից աշխարհականներին շնորհվող բարձրագույն պարգևը՝ «Մեծ Խաչը»։ Այդ պարգևը առաջարկում են թեմական եպիսկոպոսները՝ որպես գնահատանքի և երախտագիտության նշան Եկեղեցուն կամ հասարակությանը մատուցած ծառայությունների համար, և այն  վերապահված է պետությունների ղեկավարներին, նախարարներին, դեսպաններին և թագավորական ընտանիքի անդամներին: Սակայն Ադրբեջանի նկատմամբ Վատիկանի հետաքրքրության շարժիչ ուժը Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունն է։

Զարմանալիորեն, չնայած փոքրամասնությունների, այլախոհների և այլ կրոնների նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժողականությանը, Սուրբ աթոռն իր երախտագիտությունն է հայտնել «տարբեր դավանանքների նկատմամբ Ադրբեջանի բաց լինելու և խաղաղ վերաբերմունքի համար»։

Վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը դժկամությամբ է թույլ տվել Բաքվի հասցեին որևէ քննադատություն, հատկապես՝ սեփական հոգևորականների կողմից: «Հայր Ժորժ-Անրի Ռույսենը հեռացվել է Հայրապետական արևելյան ինստիտուտից, քանի որ նա քննադատում էր նրանց, ովքեր չէին ցանկանում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»:

Հաշվի առնելով Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունից» օգուտ քաղելու ակնկալիքները՝ Վատիկանը չի ցանկացել ավելի էական բան ասել, քան «միջմշակութային և միջկրոնական երկխոսության կարևորությունը՝ ի նպաստ տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միջև խաղաղ գոյակցության»՝ նկատի ունենալով հայերին և ադրբեջանցիներին։ Հռոմի պապն աղոթել է Ղարաբաղի բնակիչների համար՝ հուսալով, որ «միջազգային հանրության աջակցությամբ կողմերի միջև բանակցությունները կխթանեն տևական համաձայնություն, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին»: Նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ «եկեղեցին չկարողացավ դուրս գալ «բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը» ուղղված «զենքերը վայր դնելու» չափավորության ընդհանուր կոչերից այն կողմ»:

2023 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաքելական նվիրակ Խոսե Ավելինո Բեթենկուրտից ստացավ նույն պարգևը, որը երեք տարի առաջ տրվել էր Ադրբեջանի փոխնախագահ Ալիևային: Այնուամենայնիվ, կար մի էական տարբերություն․ մինչ Ալիևան իր մրցանակը ստացավ անմիջապես Հռոմի պապից, Փաշինյանին պատվեց առաքելական նվիրակը: Կային նաև այլ տարբերություններ, որոնք «օգնեցին ամրապնդել Ալիևների ընտանիքի իշխանությունը՝ չնայած Արցախում մարդու իրավունքների խախտումներին»:

«Մշակույթի հայրապետական խորհրդի պատվավոր նախագահ և Սրբազան հնագիտության հայրապետական հանձնաժողովի նախագահ Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին Վատիկանի ամենաբարձր պաշտոնյան է, որ առավելագույն ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու համար»: 2013 թվականին նա Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվեց Բարեկամության շքանշանով՝ բարձրագույն պարգև, որը տրվում է «Ադրբեջանի և օտարերկրյա պետության միջև բարեկամական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած հատուկ ներդրման համար»։

Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին համարվում է Վատիկանի և Բաքվի միջև ստեղծված «առանձնաշնորհյալ կապի գլխավոր հերոսը»։ «Չափազանց կրթված, բազմալեզու, հավակնոտ և իշխանասեր կարդինալ Գուջերոտին Ալիևների ընտանիքին ճանաչում էր 2002 թվականից, երբ դեռ ողջ էր 1969 թվականից իշխանության ղեկին գտնվող նախագահ Հեյդար Ալիևը»։

2000-ականների սկզբին Գուջերոտին հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ որպես Հարավային Կովկասի նվիրակ, որը ստանձնել էր 2001 թվականին: Մինչ այդ Սուրբ Աթոռի այս նվիրակությունը վերաբերում էր միայն Վրաստանին և Հայաստանին: Այդ տարիներին, երբ Հայաստանը հաղթեց  Ադրբեջանին առաջին հակամարտությունում, տարածաշրջանում հրադադարը երաշխավորում էր Ռուսաստանը։ Էթնիկական ատելությունը, որը դեռևս սնում էր հակամարտությունը, սկսել էր հանդարտվել, սակայն նվիրակ Գուջերոտին Ադրբեջանն անվանեց «երկիր [որը] տարբեր կրոնների ժողովուրդների խաղաղ գոյակցության խորհրդանիշն է»։

«2011 թվականին՝ որպես նվիրակ իր առաքելությունն սկսելուց տասը տարի անց, Գուջերոտին ստորագրեց պատմական համաձայնագիր, որն առաջին անգամ կարգավորում էր Բաքվի և կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերությունները: Վավերացման պահին վերհիշելով 2019 թվականին Բաքվի «Բարոյական արժեքների խթանման հիմնադրամի» կողմից  հրատարակված «Քրիստոնեությունը Ադրբեջանում» գիրքը, Գուջերոտին երախտագիտություն է հայտնել (Ադրբեջանի) կառավարությանը, որ պայմաններ է ստեղծել [համաձայնագիրը] հնարավոր դարձնելու համար՝ ընդգծելով, որ մեր երկիրը միշտ հավատարիմ է մնացել  հանդուրժողականության սկզբունքներին և նշել, որ համաձայնագիրը իր տեսակի մեջ եզակի փաստաթուղթ է, քանի որ Վատիկանը նախկինում երբեք նման համաձայնագիր չի ստորագրել որևէ պետության հետ»:

Ըստ Գուջերոտիի՝ «Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր հանդուրժողականությունը։ Այժմ ողջ աշխարհն է դրա ականատեսը։ Համոզված եմ, որ այս փաստաթուղթը դրական արձագանք կստանա աշխարհում և կհիշվի որպես պատմական մեծ իրադարձություն։ Մամուլի արձագանքն առաջին իսկ օրվանից ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Սուրբ գահի և Թագի անունից այս ամենի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը»։

2009 թվականից ի վեր Հեյդար Ալիևի Հիմնադրամը՝ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, ֆինանսավորում է Վատիկանում տարբեր միջոցառումներ՝ վերականգնման ծրագրեր, ցուցահանդեսներ և համերգներ: Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի թվում են՝ հռոմեական գետնադամբանները, Վատիկանի թանգարանները, Վատիկանի առաքելական գրադարանը և կաթոլիկ եկեղեցիները Ֆրանսիայում ու Ադրբեջանում: Այս նվիրատվությունները կազմել են մեկ միլիոն եվրո:

2013 թվականին Գուջերոտին ստացավ Մովսես Խորենացի մեդալը՝ Հայաստանի բարձրագույն պարգևը, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ հայագիտության մեջ իր կարևոր ավանդի, ինչպես նաև Երևանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հոդվածի հեղինակը եզրակացրել է՝ Վատիկանի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունները, թերևս չնախատեսված կերպով, ամրապնդել են ադրբեջանական միապետության գերիշխող դերը... ինչը կարող է նպաստել դիվանագիտական կարգավորմանը, որը հետին պլան կմղի կամ կջնջի ադրբեջանական միապետության կողմից իրականացված հանցագործություններն ու ագրեսիաները:

Հեղինակ՝ Հարութ Սասունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին