▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակը, դանակը, մեկ միլիոնն ու որդիները.«Ժողովուրդ»

Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն եւ գումար պահանջել: Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում:

Հանքավան համայնքի բնակիչ Վարդուհի Չիչյանն ունի 4 որդի եւ մեկ դուստր:  Տղաներից մեկն ապրում է Մասիս քաղաքում, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ, ահա, մյուս երկու որդիները ապրում են Հանքավան գյուղում:

Պարզեցինք, որ Վարդուհի Չիչյանը Հանքավանի բազմաբնակարան շենքում ապրում է իր որդիներց մեկի հետ: Դեպքի օրը Վարդուհու ամուսինը, հարսը եւ որդին հրավիրված են եղել Արարատի մարզ՝ հարսանիքի, իսկ տանտիրուհին մնացել է տանը, իր թոռնիկների հետ:

«Երբ հիշում եմ կատարվածը, սթրեսիի մեջ եմ ընկնում: Մեր ընտանիքը դառը քրտինքով աշխատող ընտանիք  է: Որդիս ու ես նույն շենքում ենք ապրում, ուղղակի ես մի հարկ վերեւ եմ իրենցից բնակվում: Ամբողջ ցերեկը տղայիս տանն եմ լինում, իսկ երեկոյան իմ տուն եմ բարձրանում: Փետրվարի 16-ի երեկոյան ժամը 3-ի 4-ի սահմաններն էր, տան դուռը երեք անգամ կտկտացրեցին: Մտածեցի, թե տղայիս երեխեքն են, մի բան է պետք, բարձրացել են իմ մոտ: Ի՞նչ մտածեմ, թե ուրիշ մեկը կլինի: Մի խոսքով, այդ կտկտոցին պատասխանեցի եւ ասեցի` հըն, եւ այդ ժամանակ ինձ կամաց ձայնով մեկը ասաց` բաց»:

Եւ այսպես, երկու հոգի հարձակվել են կնոջ վրա եւ հարվածել նրան. «Ընկա  գետնին, գլուխս բարձրացի, տեսա երկու հոգու՝ դիմակներով, դանակ կար ձեռքներին ու նռնակ: Այդ տղաներից մեկն ինձ ասաց, թե՝ ձենդ կտրի՛, մի ծպտուն չհանե՛ս: Հետո այդ դիմակավորվածներից մյուսը ասաց, թե՝ մենք գիտենք, որ քո մարդն լավ էլ փողեր ու դոլարներ ունի, դավայ, շուտ հանի՛: Ասի՝ տղեք ջա՛ն, հիվանդ կին եմ, ինձ ձեռք մի՛ տվեք: Բերեցի դողդղալով այդ տան եղած 1 միլիոն 200 հազար դրամը տվի, ու թողեցին, գնացին»:

Ըստ մեր զրուցակցի՝ կատարվածից հետո ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել իր որդիները. «Տանում-բերում են տղերքիս եւ ասում են, թե միգուցե քո տղաներից մեկը լինի: Իմ տղաները լավ տղաներ են, կարող է՝ մեկ ուրիշի տղաները նման բան անեն, բայց ոչ իմ երեխաները: Ես իմ երեխաների համար չեմ խնայել ոչ մի բան: Չեմ կարող պատկերացնել, որ մի տղա իր անօգնական մորը այդ վիճակում կգցի, տփել կտա, ինչ է թե փող տանի: Ամեն մայր իր երեխուն ճանաչում է, եթե ես իմանայի, որ իմ որդին խաղացող է ու պարտքի տակ է ընկել, ապա անկախ ամեն ինչից կօգնեի, բայց իմ երեխաներն այդպիսինը չեն: Չգիտեմ՝ ինչ կլինի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ իր տուն մտնող մարդը իմացող մարդ է եղել. «Հաստատ իմացող մարդ է եղել: Հո Երեւանից եկող մարդը չէ՞ր իմանա՝ իմ տանը փող կա, կամ ես մենակ եմ: Բայց թե ով է, չեմ կարող անհիմն մեկի անունը տալ ու հետո դուշմանի տեր դառնալ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին