▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք տիեզերական մակարդակի են․ Նաիր Տիկնիզյան

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին Եվրո-2024 փուլի 6-րդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Խորվաթիայի թիմին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Էսկիշեհիրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել թուրքերի հետ։ Խորվաթիան 5:0 հաշվով հաղթել էր Լատվիային։

Վաղը բարդ հանդիպում է սպասվում մեզ: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, կարելի է ասել, տիեզերական մակարդակի են:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:

«Թուրքիայի հավաքականի հետ խաղից հետո շատ լավ մարզավիճակի եւ տրամադրության մեջ եմ: Միշտ լավ տրամադրություն եմ ունենում, երբ ազգային հավաքականի հետ եմ լինում: Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին:

Թուրքիայի հետ խաղն սովորական խաղ էր: Մարզադաշտում տրամադրությունը լարված էր: Հույզերի առումով, իհարկե, առանձնահատուկ խաղ էր: Այն, որ երկրպագուները փորձում էին հունից հանել, շշեր էին գցում, փորձում ազդել խաղի վրա, բայց ինձ չէր խանգարում եւ մեր խաղի վրա չէր ազդում: Ես խաղում էի իմ խաղը:

Խորվաթիան, առհասարակ, եվրոպական ֆուտբոլում ֆավորիտներից է: Շատ ուրախ եմ, որ վաղվա խաղում ինձ հնարավորություն է ընձեռվել խաղալ Խորվաթիայի նման թիմի դեմ եւ ցույց տալ իմ որակները:

Վաղը բավականին բարդ հանդիպում է սպասվում մեզ: Իմ կարիերայում ամենաբարդ խաղն է լինելու, երեւի, որովհետեւ խաղում ենք Խորվաթիայի դեմ:

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, կարելի է ասել, տիեզերական մակարդակի են:

Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ Թուրքիայի խաղից հետո ֆուտբոլիստները բոլորը տխուր էին, քանի որ գոհ չէին ոչ ոքի արդյունքից: Բոլորս էլ ցավում էինք, որ չկարողացանք հաղթել այս խաղում:

Ինչ վերաբերում է վաղվա խաղին, Թուրքիայի հետ խաղից հետո ուժ ունենք, որպեսզի լավ խաղ ցուցադրենք նաեւ Խորվաթիայի դեմ խաղում: Պետք է մեր առավելագույնն անենք  լավագույն արդյունքի համար:

Ես երջանիկ եմ, որ Հայաստանում եմ, շնորհակալ եմ հավաքականին, ֆեդերացիային, Հայաստանին՝ ինձ ջերմ ընդունելու համար: Ամեն ինչ շատ լավ է»,- ասել է Նաիր Տիկնիզյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին