▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Սևանում տեղի ունեցած սպանությունից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 5-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած սպանությունից:

Հիշեցնենք, որ նշված օրը Սեւան-Երեւան ավտոճանապարհին գործող ցեմենտի առաքման պահակակետից հիվանդանոց էր տեղափոխվել Սեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանի դին: Իրավապահները պարզել էին, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը: Միջոցառման ավարտից հետո Մնեյանը նստել է Հմայակ Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Աթուր Ալեքսանյանը: Ավտոմեքենայում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, եւ Ալեքսանյանը փոխելով ուղղությունը՝ գնացել է ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք ու այնտեղ Մնեյանին ավտոմեքենայից իջեցնելով՝ երկու հոգով ծեծել են: Մնեյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հմայակ Թադեւոսյանը եւ Արթուր Ալեքսանյանը ներկայումս հետախուզվում են: Հետագայում պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանը Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի, որը առավել հայտնի է Մողես մականունով, որդին է:

Մեր տեղեկություններով՝ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ոստիկանության Գեղարքունիքի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ, եւ այս հանգամանքն էլ նպաստել է, որ նրա որդին կարողացել է դեպքից անմիջապես հետո փախուստի դիմել: Ըստ լուրերի՝ սպանությունից հետո Սեւանի ոստիկանությում իմացել են, որ կասկածյալները Չարենցավանում են թաքնվում, բայց նրանց հետքերով գնացել են հաջորդ օրը, ինչի արդյունքում նրանք հասցրել են փախչել:

«Ժողովուրդ»-ը փորձեց Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանից պարզել, թե ինչ կապ ունի իր որդին այս սպանության հետ, ինչին նա կարճ պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, տեղյակ չեմ, կներեք»:

Փորձեցինք զրուցել նաեւ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ:

-Պարո՛ն Ադամյան, ապրիլի 5-ին Սեւան քաղաքում սպանվել է Կառլեն Մնեյանը, հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ են գտնվում Արթուր Ալեքսանյանը եւ Հմայակ Թադեւոսյանը: Տեղեկություններ կան, որ Դուք Արթուր Ալեքսանյանի հոր հետ մտերիմ ընկերներ եք, եւ Դուք եք օգնել, որ նրա որդին կարողանա փախչել եւ թաքնվել:

-Չկա նման բան, չի կարող նման բան լինել:

-Դուք չե՞ք ճանաչում Աշոտ Ալեքսանյանին:

-Որպես սեւանցի՝ բոլորին էլ ճանաչում եմ:

-Մտերիմ չե՞ք նրա հետ:

-Չկա նման բան, ինչպես Սեւան քաղաքի մյուս բնակիչները, այնպես էլ Աշոտ Ալեքսանյանն է, մտերմություն չունենք:

-Տեղեկություններ կան, որ Սեւանի ոստիկանությունում իմացել են, թե որտեղ են կասկածյալները թաքնված եղել: 

-Տեղյակ չեմ, չեմ կարող ասել, սուտ բաներ են: Ավելին ասեմ, որ ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ, որպեսզի այդ երկուսը հայտնաբերվեն, եւ բոլորիս աշխատանքն այս պահին դա է:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին