«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում մեծ տագանապ է ներշնչում: Մենք տեսանք, թե ինչպես կեղծված սահմանադրական հանրաքվեի հետևանքով մարդու իրավունքների իրավիճակը դարձավ աղետալի»,-«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ճակատի անդամ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ աննախադեպ համարելով նաև ՄԻՊ հրաժարականը.
«ՄԻՊ-ը պետք է օբյեկտիվ գնահատական տար սահմանադրական հանրաքվեին, բիրտ կեղծարարությանը, ուստի, հասկանալով, որ չի կարող դեմ գնալ իր մասնագիտական, քաղաքացիական խղճին՝ հրաժարական տվեց»,-նկատեց Քաղաքագետների միության նախագահը:
Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում գումարվող հերթական նստաշրջանին, որտեղ քննարկվելու են երկու հակահայկական զեկույցներ՝ հայտարարելով, որ այդ նստաշրջանին ընդառաջ «Նոր Հայաստան»-ը պահանջ ունի իշխանություններին.
«Մենք չէինք ցանկանա ծանրաբեռնել այդ իրավիճակը, այդ իսկ պատճառով դիմում ենք իշխանություններին՝ 5 օրվա ընթացքում քննարկել և լուծել Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը՝ կատարելով «Human Rights Watch»-ի պահանջը»,-ասաց նա:
Անի Կարապետյան