ՀՀ նախկին վարչապետ (2008-2014) Տիգրան Սարգսյանը կարծում է, որ 2020 թ-ի արցախյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տեղի են ունեցել ահռելի փոփոխություններ, և հայ ժողովրդին ժամանակ է պետք նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար։ Այս մասին իր կարծիքը նա հայտնել է «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ Life.ru-ի հետ զրույցում։
«Հիմա հայկական հասարակությունում գոյություն ունեն տարբեր մոտեցումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տեղի ունեցան ահռելի փոփոխություններ։ Իմ կարծիքով, հայ ժողովրդին ժամանակ է պետք նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար», - ասել է ՀՀ կառավարության նախկին ղեկավարը, որն այս պահին զբաղեցնում է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահի և «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավարի պաշտոնները։
«Կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցել», - ասել է նա։ Լրագրողի հարցին, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ որոշումը, Տիգրան Սարգսյանը հրաժարվել է որևիցե ենթադրություն անել՝ նկատելով, թե «կապրենք՝ կտեսնենք»։