Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր Bild պարբերականին:
-Պրն Մխիթարյան, Դուք շատ համեստ անձնավորություն եք երևում:
-Ես համեստ անձնավորություն եմ, այդպիսին է իմ բնավորությունը: Մարդիկ կարծում են, որ երբ կա փող, կարելի է ամեն ինչ ունենալ: Բայց փողն անհրաժեշտ է գոյատևելու համար: Ինձ համար դա կարևոր չէ: Կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքը նվիրում են գումար վաստակելուն: Այդ հարցում ես տարբերվում եմ նրանցից:
-Ձեր հայրը մահացավ, երբ 7 տարեկան էիք: Ինչպե՞ս տարաք այդ կորուստը:
-Մինչև հիմա չեմ համակերպվել այդ մտքին: Պետք է շատ ուժեղ լինել այդ կորոստը տանելու համար: Բայց, ցավոք սրտի, բոլորն են ստիպված մի օր կորցնել ծնողին: Բոլորը պետք է դրան պատրաստ լինեն:
-Այդ կորուստից հետո դարձե՞լ եք ավելի հավակնոտ:
-Անկասկած: Ցանկանում էի շարունակել նրա գործը: Երբ որոշեցի, որ դառնալու եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, փորձում էի բոլորին ցույց տալ, որ կարող եմ լավ խաղացող դառնալ:
-Հասցրե՞լ եք ինչ-որ կրթություն ստանալ:
-Հայաստանում արդեն ստացել եմ բարձրագույն կրթություն: Հիմա սովորում եմ տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսում:
-Ինչպե՞ս եք հասցնում այդ ամենը:
-Արձակուրդներին մեկնում եմ Հայաստան, որպեսզի շարունակեմ ուսումը: Ստիպված եմ լինում շատ կարդալ ու պատրաստվել քննություններին: Հանգստի համար քիչ ժամանակ է մնում: 2 տարի անց ես կստանամ դիպլոմն ու ազատ կլինեմ: