▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր.«Ժողովուրդ»

Դեռեւս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների  հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ու թեեւ ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր, որոնցից առավել նշանակալին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մյուս կարեւոր մասնակցությունը ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինինն է, որի այցի վերաբերյալ, սակայն, անընդհատ հակասական տեղեկություններ են հրապարակվում:

Երեկ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը հայտարարել է, թե Վ. Պուտինի այցը ՀՀ ներկայումս դեռեւս քննարկվում է: Ընդ որում, նա նաեւ ընդգծել է, որ նույն օրը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով: Նկատենք, սակայն, որ ՀՀ ԱԳ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ երեկ ասել է, թե Վ. Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպման առանցքային թեմաներից մեկը` այդպիսով ընդգծելով, որ այդ հարցը որոշված է, եւ Պեսկովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է:

Կգա արդյոք Պուտինը, կամ  մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ այցերը, բացի կարճաժամկետ քաղաքական էֆեկտից, դժվար թե այլ` առարկայական արդյունք ունենան: Իհարկե, որքան մեծ լինի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պետությունների ղեկավարների թիվը, այդքան ՀՀ կշիռն ու հեղինակությունը դրանից կշահի, ինչը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ դա անմիջականորեն հանգեցնելու է Ցեղասպանության ճանաչման եւ առավել եւս` հայկական պահանջատիրության  գործընթացի առաջխաղացմանը: 

Անշուշտ, Հայաստանն այս ամենից կարող է եւ պետք է հնարավորինս օգուտներ քաղի՝ իր  արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման համար բարենպաստ հիմքեր ձեւավորելով: Սակայն բուն Ցեղասպանության ճանաչման հարցում լուրջ տեղաշարժերի ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ մի կողմից` Ս. Սարգսյանի  «ֆուտբոլային դիվանագիտության» դառը պտուղները` կիսամեռ արձանագրությունները, մյուս կողմից էլ` անցած տարիներին Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լուրջ, ծանրակշիռ, գիտական աշխատանքների բացակայությունը, հող չեն նախապատրաստել այդ ամենի համար: Եվ թուրքերի մտավախությունները, թե ահա-ահա` հայերը հարյուրամյակին մի այնպիսի հուժկու` գիտականորեն եւ իրավապես անխոցելի հարված են հասցնելու, որից օսմանյան մերժողականության փտած պարիսպներն ընկնելու են, ցավոք, իզուր էին: Արդեն իսկ ակնհայտ է, որ առավելագույնը, ինչի համար թուրքերն այդ օրը կարող են մտահոգվել, Պուտինի եւ Օլանդի բացակայությունն է Չանաքալեից, ինչը, համաձայնեք, հարյուրամյակի համար շատ մեծ բան չէ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին