Կարդացի «Ինչու Տարոն Մարգարյանը չի կատարում եզդիներին տված խոստումը» այսպես կոչված հայտարարությունը և ցավ ապրեցի։ Ցավ ապրեցի, որ Երևանի քաղաքապետի նման իսկապես հարգված այրի մասին, ով անթաքույց ջերմ հարգանք ու վերաբերմունք ունի մեր համայնքի նկատմամբ, խոսվում է ոչ պատշաճ կարգով։
Իհարկե, Երևանի քաղաքապետը, ով, համոզված եմ ասում, պաշտպանության կարիք չունի, սակայն նրա արած գործերը և նրա վերաբերմունքը, մասնավորապես, մայրաքաղաքի եզդի համայնքի նկատմամբ, մեր համայնքի ամեն մի անդամի պիտի ստիպեն չլռել և ասել իսկությունը, թե ինչ է մեզ համար հայոց ոստանը և եզդի համայնքի համար ինչ է արվել ներկայիս քաղաքապետի կողմից ու օրոք։
Ինձ ապշեցրեց հետևյալ «միտքը». «…Ջահանգիր աղայի անվամբ փողոցի անվանակոչման պրոցեսը (պարսավագրի հեղինակները պիտի իմանան, որ ոսկեղենիկ հայրենում կա գործընթաց եզրույթը. Հ.Թ.) կապված չէ նրա ազգային պատկանելության հետ»:
Եվ սա ասվում է ու՞մ և ո՞ր ազգի, ժողովրդի զավակի մասին։ Հա՞յ ժողովրդի մասին, հայ ժողվորդի լավագույն զավակների՞ց մեկի մասին։ Սա առնվազն, ես նուրբ եմ ասելու, սրբապղծություն է։
Լավ, ասածս մի քանի փաստով հաստատեմ։
Երևանը նաև հայաստանաբնակ եզդիների մայրաքաղաքն է. այստեղ 1990 թվականից գործում է աշխարհի միակ եզդիերեն ռադիոծրագիրը (ամեն օր` 30 րոպե), այստեղ են տպագրվել ամբողջ աշխարհում իրենց նախադեպը չունեցող 1-11-րդ դասարանների ՙԵզդիերեն լեզու և գրականություն՚ դասագրքերը (շուտով լույս կտեսնի 12-րդ դասարանի դասագիրքը), լույս են տեսնում թերթեր, ՀՀ ԳԱԱ-ում ունենք եզդի գիտաշխատող։ Երևանում են եզդի ուսանողների և մտավորականության ամենաստվար խմբերը։ «Եռաբլուր» պանթեոնում հանգչում է եզդի ժողովրդի չորս զավակ (մնացածները` ազգային գերեզմանոցներում) և այլն։
Իսկ հիմա հայոց մայրաքաղաքի ղեկավարի մասին. պարոն Տարոն Մարգարյանը քաղաքապետերից առաջինը սկսեց շնորհավորել եզդի համայնքի բոլոր տոներն ու կարևորագույն միջոցառումները և բերել իր մասնակցությունը դրանց։ Ամեն պատշաճ առիթով պարգևատրել է եզդի համայնքի անդամներին (պատվոգրերով, շնորհակալագրերով, խնդրում եմ անհամեստության համար ներողամիտ լինել. ինքս պարգևատրվել եմ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով)։
Առնվազն երախտամոռություն կհամարեի չասել, որ եթե այսօր Երևանի ավագանու եզդի անդամ ունենք (ի դեմս Արմեն Ամոյանի), դա Տարոն Մարգարյանի նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ է։ Ինչու՞ չխոստովանել, որ մինչ այդ մեր համայնքը ավագանու անդամ չի ունեցել։
Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ` Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Օղաաձև զբոսայգում տեղադրվեց Եզդի ժողովրդի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Ինչ վերաբերում է Ջահանգիր աղային։ Այդ աշխարհի ո՞ր երկրում կամ` ո՞ր քաղաքում կա եզդի ժողովրդի զավակի արձան։ Հայոց մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում կա Ջահանգիր աղայի արձան, որը տեղադրված է հայ ժողովրդի անվանի բարեկամների հուշարձանների շարքում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի լսարաններից մեկը կոչվում է Ջահանգիր աղայի անունով, այնտեղ տեղադրված է նաև Ջահանգիր աղայի կիսանդրին, որի բացումը հանդիսավոր պայմաններում կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը։
Սադարապատի հուշահամալիրի թանգարանում կան Ջահանգիր աղային և ՈՒսուբ բեկին (կիսանդրիով) նվիրված անկյուն, ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղադրված է Ջահանգիր աղայի հուշարձանը։
Վերջում կուզենայի ասել նաև հետևյալը. անցել են այն ժամանակները, երբ կարելի է մարդկանց մոլորության մեջ գցել, ասելով. «…եզդի համայնքը դիմել էր Ձեզ…»: Ցանկացած հասարակական կազմակերպություն լավագույն դեպքում, եթե իհարկե ի վիճակի է, կարող է միայն իրեն ներկայացնել։ Սա իմիջի այլոց։
ՀԱՍԱՆ ԹԱՄՈՅԱՆ
ՀՀ վաստակավոր լրագրող