«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հաղորդագրությունը․
Շրջափակման պայմաններում ձևավորված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր գործունեության 100 օրերի ընթացքում նախաձեռնել և շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են բնակիչների կենսական խնդիրների նվազեցմանը և երկրում հումանիտար ճգնաժամի հետևանքների մեղմմանը։ Կատարված աշխատանքի արդյունքները ներկայացվել են այսօր՝ սեպտեմբերի 9-ին կայացած «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում, որին մասնակցել են Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը, գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը, ինչպես նաև Շարժման հայաստանյան հարթակի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Մեզ բոլորիս միավորում է այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, և չնայած շատ ծանր պայմաններին` այդ գաղափարի իրականացման համար մենք պայքարում ենք տարբեր ուղղություններով։ Ընթացքի մեջ են տարբեր ոլորտների տասնյակ ծրագրեր, տարբեր նախաձեռնություններ ենք իրականացնում Հայաստանում ու միջազգային հարթակներում: Իրական պայքարը հենց սա է, որ անգամ դժվարին իրավիճակում դու չես հանձնվում, չես հուսահատվում և շարունակում ես աշխատել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։ Նա նշել է նաև, որ քննարկումներում և ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավվում են շարժման հարյուրավոր անդամներ և մասնագետներ թե՛ Արցախից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։
Շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը հավելել է, որ կարճ ժամանակում իրենց հաջողվել է իրականացնել այնպիսի աշխատանք, որը հնարավորություն է տալիս դիմակայել ստեղծված դժվարություններին։ «Եթե մեր ընտրությունը պայքարելն է, ուրեմն պետք է պատրաստ լինել դիմագրավել մարտահրավերներին։ Այն ծրագրերը, որոնք իրականացվել են այս 100 օրերի ընթացքում, ուղղված են եղել նրան, որ հնարավորություն տանք մարդկանց՝ չհուսահատվելու և հավատով նայելու ապագային»,- ասել է Նարինե Աղաբալյանը։ Նա կոչ է արել Հայաստանում ապրողներին չմոռանալ, թե պատմական Արցախից մնացած մի կտոր հողը պահելու համար իրենց հայրենակիցներն ինչպիսի զրկանքներ են կրում, և շեշտել, որ յուրաքանչյուրն իր ընտրությամբ, իր վճռական քայլով կարող է ժամ առաջ կասեցնել Հայաստանի գործող իշխանության կործանարար քաղաքականությունը։
Երևանի ավագանու ընտրություններն Արցախի հարցում շրջադարձային է որակել նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը։ «Մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանում իշխանության գա այնպիսի ուժի, որը կվերականգնի Արցախի նկատմամբ լավագույն վերաբերմունքը, այնպիսի իշխանություն, ում համար Արցախը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջնային են։ Մենք չենք կարող հարցի լուծումը թողնել այս իշխանությանը, որն արդեն հրաժարվել է Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությունից»,- ասել է Մանե Թանդիլյանը
Տեսակամուրջն ամբողջությամբ՝ տեսանյութում