▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք սպասում ենք. Արցախի ԱԳ նախարարը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

«Արցախյան կողմը չի մերժել Ադրբեջանի հետ երկխոսության գնալը, քանի որ շահագրգիռ կողմն է իրական երկխոսության, բայց որպեսզի այդ երկխոսությունը լինի կառուցողական, այն պետք է համապատասխանի որոշ չափանիշների։ Դա է պատճառը, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Այս ընթացքում մենք տարբեր առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից նման հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտներ, որոնք պետք է հաշվի առնել»,-այս մասին այսօր Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի ունենա, քանի որ Արցախի նախագահը երեկ հայտարարել է, որ Արցախը պատրաստ է քաղաքակիրթ բանակցությունների։

Ղազարյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ եղել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում՝ խաղաղապահների միջնորդությամբ, քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն Ադրբեջանն ամբողջությամբ խեղաթյուրեց հանդիպման բովանդակությունը, ներկայացնելով, թե իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ է․ «Դրան հետեւեց ադրբեջանական դիվերսիան, որի հետեւանքով երեք ոստիկան սպանվեց, մեկը վիրավորվեց։ Նման ճնշումների ներքո դա չի կարող համարվել բանակցություն կամ երկխոսություն։ Որպեսզի լինի երկխոսություն, այլ ոչ թե իմիտացիա, պետք է այն բավարարի որոշ պահանջներին՝ ադրբեջանական կողմից ճանապարհի ապաարգելափակում, առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելու հնարավորություն, որպեսզի տեսնենք, որ մոտեցում է փոխվում։ Նման նախապայմաններով երկխոսություն չի լինում, մյուս կողմն էլ պիտի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության։ Եթե ճանապարհ են փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանը պատրաստ է երկխոսության»։ Ղազարյանի վստահեցմամբ՝ պարբերաբար լինում են քննարկումներ նոր բանակցությունների մասին, ադրբեջանական կողմը բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից։ Հարցին՝ արդյոք պայման է դրվել հանդիպումներ կամ բանակցություններ կլինեն, եթե Արցախը լուծարի պաշտպանության բանակը, Ղազարյանը պատասխանեց՝ Արցախի պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է, եւ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարումը։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին